Ազգը ռեզինից չէ, ինչպես եւ Երեւանի փողոցները. Քաղաքապետարանը կրկին ձախողեց
Հասարակություն
«Երևանում ավտոմեքենայով շարժվելը մի փոքր շքեղություն կդառնա, մեր փողոցները ռեզինից չեն»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Է հետո, պարո՛ն Ավինյան, եթե փողոցները ռեզինից չեն, բա մենք ենք ռեզինի՞ց:
Նման «հանճարեղ» ու հպարտ մտքեր շռայլելուց առաջ քաղաքապետարանում գոնե մեկ վայրկյան մտածե՞լ են հարցի իրական լուծման, օրինակ՝ մետրոյի վագոնների ավելացման մասին։ Այսօր «Չարբախ» կայարանում գործում է ընդամենը մեկ վագոն։ Պարզից էլ պարզ է, որ այդ միակ վագոնում տեղավորվելու համար մարդիկ ստիպված են լինում իրար ուսերի վրա, բառիս բուն իմաստով, «Բերդ» պարելով հասնել հաջորդ կայարան։ Ընդ որում՝ այդ «Բերդը» պարում են բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու սոցիալական վիճակից։
Բա Տիգրան Ավինյանը դեռ տարիներ առաջ հպարտորեն նոր մետրոկայարաններ էր խոստանում․ ո՞ւր մնացին այդ խոստումները, ի՞նչ եղավ Աջափնյակի կայարանը։ Գոնե այդպիսի փուչ ու հեքիաթային խոստումների փոխարեն գոյություն ունեցող վագոնների թիվն ավելացրեք։
Եթե սեփական մեքենայով երթևեկելը պետք է դառնա «շքեղություն» և սահմանափակվի, ապա փոխարենը քաղաքապետարանն ի՞նչ է առաջարկում քաղաքացուն։ Կայուն ու վերահսկելի սակագնով նորմալ տաքսի ծառայություննե՞ր, մետրոյի հաճախակի երթևեկող ու ընդարձակ կազմե՞ր, թե՞ մի քանի հավելյալ ավտոբուս, որոնց սպասելիս մարդիկ կանգառներում սառցակալում են։
Այս հարցերի պատասխանը չկա․ պատմությունը լուռ ու լքված մի անկյունում ծխում է...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

