Ինչպես աֆրոհայուհին դարձավ պետերբուրգյան նորաձեւության ցուցադրության դեմքը
Մշակութային«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան արդեն տարիներ շարունակ իր սաներին ներկայացնում է արտերկրի հեղինակավոր նորաձեւության միջոցառումներին՝ համագործակցելով տարբեր երկրների դիզայներների եւ կազմակերպիչների հետ։ Վերջերս ասոցիացիայի մոդելները մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած NEVA Fashion Week-ին՝ կրկին արժանանալով ուշադրության ու բարձր գնահատականի։ Ռուսական նորաձեւության ինդուստրիայի առանձնահատկությունները՝ հայկական ինքնատիպության հետ համադրման ու ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին «Իրավունք»-ը զրուցել է «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։

— Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք Սանկտ Պետերբուրգում մասնակցել NEVA Fashion Week-ին, եւ ինչո՞վ էր այս փորձառությունն առանձնահատուկ։
— Նախ ասեմ, որ անցյալ տարի եւս մասնակցել ենք Սանկտ Պետերբուրգում անցկացվող նորաձեւության այլ միջոցառումների, բայց NEWA Fashion Week-ին առաջին անգամ էինք։ Համագործակցում ենք մի շարք հետաքրքիր ռուս դիզայներների հետ, որոնց օգնությամբ հրավեր ստացանք NEVA Fashion Week-ի կազմակերպիչներից:
Ինքս շատ լավ ծանոթ եմ ռուսական նորաձեւության միջոցառումների կազմակերպիչների աշխատանքին եւ նրանց բարձր կազմակերպչական մակարդակին։ Ամեն անգամ, երբ մասնակցում ենք, կրկին ու կրկին տպավորվում եմ նրանց պրոֆեսիոնալիզմով։
Մեզ համար նման հարթակներում ներկայանալը մեծ հաճույք է։ «Թոփ մոդել Հայաստանն» արդեն 23 տարեկան է, եւ այս տարիների ընթացքում ունեցել ենք տարբեր տարիքի մոդելներ։ Դիզայներներն էլ, բնականաբար, ներկայացնում են տարբեր տարիքների համար նախատեսված հավաքածուներ, ուստի՝ կարողանում ենք ընդգրկել մեր սաներին՝ համապատասխան նրանց տարիքին ու արտաքին տվյալներին։

— Այս անգամ ի՞նչ կազմով էիք մեկնել եւ ինչպիսի՞ արդյունքներով եք վերադարձել։
— NEVA Fashion Week-ին երկու մասնակից ունեինք։ Հատկապես ուզում եմ առանձնացնել մոդել Էլունդու Բարրին, որը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ աֆրիկացի։ Նրա մայրը հայ է, հայրը՝ աֆրիկացի։ Ծնունդով Գավառից է։ Շատ գեղեցիկ, արտահայտիչ արտաքինով 15-ամյա աղջիկ է։ Նա հայտնի դիզայներ Սվետլանա Անոխինայի «Օլիմպ» եւ «Շոկոլադ» հավաքածուի դեմքն էր։ Նրա ելույթն այնքան տպավորիչ էր, որ ցուցադրության ավարտին կազմակերպիչները նրան մրցանակով պարգեւատրեցին։ Դա, իհարկե, շատ հաճելի էր ե՛ւ մեզ, ե՛ւ դիզայների համար։
Էլունդու Բարրին ներկայացրեց նաեւ տաղանդավոր դիզայներ Օլեսյա Սեմյոնովայի «Lesya Couture» հարսանեկան հավաքածուի լուքը: Ճերմակ հավաքածուի լուքի մեջ սեւուկ աղջիկը շատ հետաքրքիր էր, նրա արտահայտիչ արտաքինն իսկապես շատ գեղեցիկ համադրություն էր ստեղծել։ Էլունդուն առանձնանում էր ոչ միայն իր արտաքինով, այլեւ քայլվածքով ու բեմական ներկայությամբ։
Մեր մյուս աղջնակը՝ Էվելինա Պապոյանը, վերջերս էր մասնակցել Little Miss Planet 2026 20-րդ միջազգային մրցույթին եւ դարձել Super Grand Prix գլխավոր մրցանակակիր: Սա Էվելինայի առաջին միջազգային պոդիումում ներկայանալու փորձն էր: Էվելինան ներկայացրեց Սվետլանա Անոխինայի, ինչպես նաեւ դիզայներ Լենա Դանիլենկոյի հավաքածուները:
Սվետլանա Անոխինայի հավաքածուները մեր մասնակցության կարեւոր մասն են կազմում․ թե՛ անցյալ տարի, թե՛ այս տարի սիրով ներկայացրել ենք դրանք՝ զուգահեռաբար ընդգրկվելով նաեւ այլ դիզայներների հավաքածուների ցուցադրություններում։ Մեր երեխաների քայլվածքն ասես հատուկ ձեռագիր ունի, որը նրանց տարբերակում է մյուսներից։

— Ստացվում է՝ հայ մոդելները միջազգային պոդիումում ոչ միայն ներկայանում են, այլեւ առանձնահատուկ ուշադրությա՞ն են արժանանում։
— Այո՛։ Ինձ համար շատ հետաքրքիր ու հուզիչ դրվագներ էլ եղան անցյալ տարի ձմռանը, եւ այս տարի գարնանը, Մոսկվայում՝ Moscow Fashion Show-ի ժամանակ։ Մինչ ցուցադրությունը Fashion TV-ն հարցազրույցներ էր վերցնում մասնակիցներից։ Ի զարմանս ինձ՝ MFS-ի մասնակից մեր երեխաները շատ գեղեցիկ, գրագետ ռուսերենով էին խոսում, որը հետո արդեն հեռարձակվեց:
Գիտեք՝ ինչն էր հատկապես ուշագրավ․ նկարահանող խումբը զարմացել էր, որ Հայաստանից ժամանած երեխաներն այդքան լավ են տիրապետում ռուսերենին։ Նրանք ոչ միայն պատասխանում էին հարցերին, այլեւ քաջատեղյակ էին դիզայներների, ներկայացվող հավաքածուների մասին, եւ բավականին հետաքրքիր էին պատմում իրենց տպավորությունները։
Ես իսկապես հպարտ էի նրանցով։ Մենք, իհարկե, նախապատրաստում ենք երեխաներին՝ ինչպես ներկայանալ, ինչպես խոսել, ինչպես պահել իրենց, բայց նրանց լեզվական գիտելիքներն արդեն իրենց աշխատանքի ու պատրաստվածության արդյունքն են։

— Իսկ ինչպիսի՞ն էր միջոցառման կազմակերպչական կողմը։ Որքանո՞վ էր այն համապատասխանում միջազգային չափանիշներին։
— Անկեղծ ասած՝ շատ բարձր մակարդակի էր։ Ես աշխարհի տարբեր երկրներում եմ մասնակցել նորաձեւության նախագծերի, բայց նման կազմակերպվածություն ամեն տեղ չես հանդիպի։
Նախ՝ մասնակիցների եւ դիզայնեորների համար նախատեսված է գործընկեր հյուրանոց։ Առաջին օրը նախնական փորձն է, իսկ հաջորդ օրն արդեն բուն ցուցադրությունը։ Ցուցադրությունն անցկացվում է Մոսկվայի սրտում, միջազգային ստանդարտների պոդիում է տեղադրված, միջոցառման օրերին տարածքում խիստ հսկողություն է սահմանված եւ մուտքը խիստ վերահսկվում է: Ամեն ինչ մտածված է՝ հանդերձարաններ, դիմահարդարման եւ վարսահարդարման առանձին սրահներ, հանգստի գոտիներ, սնվելու հնարավորություն։ Այնպես է ամեն ինչ կազմակերպված, որ մոդելներն ու հրավիրվածներն իրենց հարմարավետ զգան։ Շատ պրոֆեսիոնալ է նաեւ նկարահանող թիմի աշխատանքն ու նախագծի սպասարկող անձնակազմը։
Սա գուցե մանրուք թվա, բայց հենց այդ մանրուքներն են ցույց տալիս կազմակերպիչների պրոֆեսիոնալիզմը։ Նույնիսկ գործընկերների հետ հաղորդակցությունն է շատ արագ ու հստակ։ Ցանկացած հարցի ստանում ես լիարժեք եւ պրոֆեսիոնալ պատասխան։ Այս ամենը խոսում է այն մասին, որ գործ ունենք իսկապես կայացած ինդուստրիայի հետ։

— Իսկ կուլիսներում ի՞նչ է կատարվում։ Հայ մոդելները հնարավորություն ունեցե՞լ են շփվելու հայտնի հյուրերի եւ ոլորտի ներկայացուցիչների հետ։
— Հետաքրքիրն այն է, որ այնտեղ առանձնապես կուլիսային խիստ բաժանումներ չկան։ Գարնանը կայացած ցուցադրությունների օրերին նստած էի առաջին շարքում՝ հյուրերի հատվածում եւ ռուս հայտնի ոճաբան, վարսահարդար, դիմահարդար եւ հագուստի դիզայներ Սերգեյ Զվերեւը եկավ ու նստեց իմ կողքին: Չկար որեւէ հատուկ պատնեշ կամ արհեստական հեռավորություն։
Երեխաներն էլ շատ ազատ էին շփվում, լուսանկարվում, ծանոթանում մյուս մասնակիցների հետ։ Նման միջավայրն ինքնին շատ ոգեւորիչ է։

— Կարելի՞ է ասել, որ նման մասնակցությունները հայ մոդելների համար նաեւ ռուսական նորաձեւության շուկա մուտք գործելու հնարավորություն են ստեղծում։
— Վստահ եմ՝ այո՛։ Եթե մոդելն ունի ցանկություն, ներուժ եւ համապատասխան հնարավորություններ, կարող է զարգանալ ու ինտեգրվել միջազգային շուկայում։
Մենք փորձում ենք յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում ցուցաբերել։ Տեսնում ենք նրա ցանկությունները, կարողությունները, հասկանում՝ ինչ ուղղությամբ կարելի է զարգացնել։ Իհարկե, շատ բան կախված է նաեւ ծնողի աջակցությունից եւ ֆինանսական հնարավորություններից։
Մեզ համար կարեւոր է ոչ միայն երեխային նորաձեւության ցուցադրությանը ներկայացնելը, այլեւ նրա հետագա ճանապարհը ճիշտ ուղղորդելը։ Եթե տեսնում ենք, որ մոդելը կարող է առաջ գնալ, փորձում ենք բացահայտել նրա հնարավորություններն ու համապատասխան հարթակներ գտնել։

— Դեկտեմբերին կրկին Մոսկվայում եք լինելու։ Կբացե՞ք փակագծերը, թե ինչ է սպասվում այս անգամ։
— Դեկտեմբերի վերջին կմասնակցենք Moscow Fashion Week-ի ամանորյա ցուցադրություններին։ Այս ցուցադրության հատուկ հյուրն է լինելու հանրահայտ Սերգեյ Զվերեւը։ Նա անձամբ է երեխաներին հանձնում մասնակցության հավաստագրերը եւ լուսանկարվում նրանց հետ։
Մենք շատ բարձր ենք գնահատում կազմակերպիչների աշխատանքը։ Կարեւոր է, որ մասնակիցները ոչ միայն լավ բեմ եւ պոդիում ունենան, այլեւ ամբողջ գործընթացը լինի հարմարավետ ու պրոֆեսիոնալ։ Նման միջոցառումներում ամեն մանրուք նշանակություն ունի։
Մոսկվայում տարբեր տարիների մասնակցել ենք նաեւ միջազգային այլ հարթակների ցուցադրություններին։ Մեզ համար սկզբունքային է գործընկերների ճիշտ ընտրությունը: Դրանով ընդգծում ենք մեր այն մոտեցումը, որ ամեն ինչ լինի բարձրաճաշակ, տաղանդավոր դիզայներների մասնակցությամբ, պրոֆեսիոնալ անձնակազմով, ճիշտ կազմակերպված եւ հարմարավետ թե՛ երեխաների, թե՛ նրանց ուղեկցողների համար։

— Այս անգամ նույն մոդելներն են մեկնելո՞ւ, թե՞ նոր դեմքերի եք ներկայացնելու։
— Ամեն անգամ փորձում ենք տարբեր երեխաների ընդգրկել։ Իհարկե, կան մոդելներ, որոնք արդեն մասնակցել են նախորդ ցուցադրություններին, բայց ձգտում ենք նոր հնարավորություններ տալ նաեւ մյուսներին։
Այս անգամ հատկապես ուրախ եմ, որ նաեւ տղա մոդել էլ ենք ներկայացնելու, 12-ամյա Ալեքս Ալեքսանյանին, որը հինգ տարեկանից հաճախում է մեր դպրոց։ Տղաներին նույնպես սիրով ներկայացնում ենք միջազգային հարթակներում։ Ճիշտ է՝ ոլորտում աղջիկներն ավելի շատ են, բայց կան նաեւ հավաքածուներ, որոնք նախատեսված են բացառապես տղաների համար։

— 23 տարվա ընթացքում մոդելների ընտրության հարցում դժվարություններ ունեցե՞լ եք։ Բավարարո՞ւմ է հայկական մոդելային դաշտի ներուժը։
— Մոդելների ընտրությունն ինքնին դժվար չէ։ Մենք ունենք շատ լավ երեխաներ, գեղեցիկ ու տաղանդավոր աղջիկներ, տղաներ։ Դժվարությունը հիմնականում ֆինանսական կողմն է. ճանապարհածախսը, կեցությունը, այլ ծախսեր: Շատ կցանկանայի, որ մեր հայ մոդելներն ու նրանց ծնողներն ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունենային, որպեսզի կարողանային մասնակցել միջազգային նախագծերի։

— Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի միջազգային հարթակներում կուտակած փորձը Հայաստանում եւս ավելի լայնորեն կիրառվի։
— Կարծում եմ՝ մենք այս առումով չենք զիջում։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում վերջին տարիներին նորաձեւության շաբաթներն ու ցուցադրությունները բավականին բարձր մակարդակով են կազմակերպվում։ Այս անգամ նույնիսկ Սանկտ Պետերբուրգից եւ Մոսկվայից գործընկերներն ինձ խնդրեցին աջակցել, որպեսզի համագործակցեն Հայաստանի Fashion Week-ի կազմակերպիչների հետ։ Ես խոստացել եմ նրանց ծանոթացնել «Երեւանի նորաձեւության շաբաթ»-ի համահիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Վահան Խաչատրյանի հետ։ Նրանք եւս նկատում են, որ Հայաստանում նույնպես շատ բարձր մակարդակի միջոցառումներ են կազմակերպվում։ Եվ դա ինձ իսկապես ուրախացնում է։ Կարեւորը համագործակցելն է, փորձի փոխանակումը եւ միջազգային կապերի զարգացումը։

— Ի դեպ, Ձեր խոսքից տպավորություն է, որ չնայած՝ պատերազմական իրավիճակին, Ռուսաստանն ապրում է բուռն մշակութային կյանքով ու Ձեր այցերի ժամանակ խնդիրներ չեք նկատում։
— Անձամբ ես նման խնդիր չեմ զգացել։ Տարվա ընթացքում երեք-չորս անգամ լինում եմ Ռուսաստանում՝ տարբեր քաղաքներում, տարբեր նորաձեւության շաբաթներին մասնակցելու համար։ Եվ ամեն անգամ շատ հանգիստ ու դրական զգացողություններ եմ ունենում։
Այնտեղ մշակութային կյանքն ակտիվ է, նոր նախագծեր են իրականացվում։ Երբ անձամբ ես տեսնում այդ ամենը, բոլորովին այլ տպավորություն ես ստանում։ Իմ փորձով կարող եմ ասել, որ մշակութային ու նորաձեւության ոլորտում կյանքը բավականին ակտիվ է։

— Իսկ տարին կամոփոփեք մոսկովյան ցուցադրություններով, թե՞ դեռ այլ ծրագրեր կան։
— Այս տարի դեռ մի քանի հետաքրքիր միջոցառում ունենք Հայաստանում։ Նոյեմբերի 22-ին նախատեսված է ցուցադրություն Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում, նոյեմբերի 29-ին՝ Վաղարշապատում կանցկացվի միջազգային մեծ Fashion Forum, որին նույնպես մասնակցելու ենք։ Իսկ արդեն դեկտեմբերի 15-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կունենանք ամանորյա հետաքրքիր ցուցադրություն։
Մեր հաջորդ տարվա ծրագրերում ներառված են Փարիզում եւ Միլանում ամեն տարի անցկացվող նորաձեւության շաբաթների ցուցադրություններին մասնակցելը: Պայմանագրեր ենք կնքել նորաձեւության տների եւ դիզայներների հետ, որոնց հետ արդեն գործնական համագործակցությունը տեղի կունենա:
Վերջին մեկ-երկու տարի տարիներին Հայաստանում ի հայտ են եկել, այսպես ասած, մոդելային դպրոցներ, որոնք փորձում են երեխաներ ներգրավել հեղինակավոր ցուցադրություններին մասնակցելու նպատակով: Բայց դրանք, մեղմ ասած, իրականության հետ որեւէ կապ չունեն:
Ես նախընտրում եմ անձամբ այցելել, ծանոթանալ կազմակերպիչների հետ, տեսնել՝ ինչ պայմաններում են անցկացվում ցուցադրությունները, ինչ հնարավորություններ են առաջարկում, եւ միայն դրանից հետո համագործակցության պայմանագիր կնքել։ Մենք սիրում ենք ամեն ինչ անել պաշտոնական, հստակ ու պրոֆեսիոնալ ձեւով։
Մեր սկզբունքը միշտ նույնն է՝ ոչ թե պարզապես մասնակցել, այլ ընտրել այնպիսի հարթակներ, որտեղ կարող ենք արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը եւ մեր մոդելներին։

— Այսինքն՝ 23-ամյա փորձը շարունակելու է վերածվել նոր միջազգային հնարավորությունների՞։
— Անպայման։ Մեզ համար ամենակարեւորն այն է, որ մեր երեխաները բացահայտեն իրենց հնարավորությունները, միջազգային ամենատարբեր նախագծերում ներկայացնեն Հայաստանը։ Երբ տեսնում եմ, թե ինչպես են նրանք միջազգային նախագծերում վստահ ելույթներ ունենում, գեղեցիկ խոսում, շփվում տարբեր երկրների մասնագետների հետ, հասկանում եմ, որ մեր աշխատանքն արդյունք է տալիս։ Եվ դա ամենամեծ գնահատականն է մեզ համար։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

