Ռուսաստանն ընդհանուր տուն է. ազգերի միասնությունը հոգևոր ժառանգության պահպանման գործում
ՎերլուծությունՌուսաստանը բազմազգ և բազմադավան երկիր է, որի ուժը այն մարդկանց միասնության մեջ է, որոնք կապված են ընդհանուր պատմությամբ, ներկայի նկատմամբ պատասխանատվությամբ և խաղաղ ապագայի ձգտումով: Հարյուրամյակների ընթացքում տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ միասին աշխատել են, պաշտպանել են հայրենիքը, զարգացրել են քաղաքներ, ստեղծել են մշակութային և հոգևոր արժեքներ: Յուրաքանչյուր ժողովուրդ պահպանել է իր ինքնօրինակությունը՝ հարստացնելով երկրի ընդհանուր ժառանգությունը:
Ազգային միասնության օրը մեզ հիշեցնում է. իսկական համախմբվածությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, համերաշխության և այն ըմբռնմամբ, որ Ռուսաստանը մեր ընդհանուր տունն է: Ազգային ավանդույթների պահպանումը չի առանձնացնում հասարակությանը, այլ նրան ավելի հարուստ է դարձնում մշակութային առումով, երբ սեփական արմատների նկատմամբ հարգանքը զուգորդվում է այլ ժողովուրդների պատմության և հավատքի նկատմամբ հարգանքի հետ:
Հենց այս համատեքստում առանձնակի նշանակություն է ձեռք բերում Սոչիում հայկական տաճարային համալիրի կառուցումը։ Սա ոչ միայն կարևոր իրադարձություն է հայ համայնքի համար, այլև ստեղծարար նախաձեռնության օրինակ, որն ուղղված է քաղաքի հոգևոր ժառանգության պահպանմանը և մշակութային բազմազանության ամրապնդմանը։
Ընդհանուր գործը ապագայի համար պատասխանատվությունն է
Հայ առաքելական եկեղեցու ապագա ծխական համալիրը կկառուցվի Սոչիի Կենտրոնական շրջանի Պլաստունսկայա փողոցում: Տաճարային համալիրի ստեղծման գործում առանձնահատուկ նշանակություն է ունեցել ճարտարապետների աշխատանքը: Ընդհանուր ճարտարապետական հայեցակարգը մշակել է «ՎԵԼՍՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն, իսկ տաճարի եկեղեցական մասի նախագիծը պատկանում է Երուսաղեմում բնակվող ճարտարապետ Խաչիկ Դանիելյանին։
Եկեղեցու շինարարության մեջ կարևոր ուղենիշ եղավ ապագա տաճարի հիմքում դրված տասնվեց քարերի հանդիսավոր օծումը: Արարողությունը տեղի ունեցավ 2024 թվականի հունիսի 12-ին: Օծման ծիսակարգը կատարեց Հայ առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մովսես Մովսեսյանը:
Տասնվեց քարերը խորհրդանշում են Քրիստոսի տասներկու առաքյալներին, երեք ավետարանիչներին և Գրիգոր Լուսավորչին՝ Հայաստանի մկրտչին։ Այս խորհրդանշական հիմքը կապում է ապագա տաճարը հայ ժողովրդի դարավոր քրիստոնեական ավանդույթի հետ։
Եկեղեցական համալիրի կառուցման գործում ներդրումը դրսևորվում է ոչ միայն ֆինանսական աջակցությամբ, այլև մարդկանց անձնական մասնակցությամբ: Կառուցվող տաճարային համալիրի տարածքում 2026 թվականի հոկտեմբերի 10-ին կազմակերպվեց շաբաթօրյակ: Աշխատանքին միացան Սոչի քաղաքի Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ, համայնքի անդամներ և այլ ոչ անտարբեր բնակիչներ: Գործընթացը ղեկավարեց Սոչի քաղաքի Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Ստեփան Սեդրակի Կագոսյանը: Համատեղ աշխատանքը դարձավ մարդկանց համախմբվածության ևս մեկ օրինակ, որոնք միավորված են ընդհանուր նպատակով, հայրենի քաղաքի նկատմամբ պատասխանատվությամբ և հոգևոր ժառանգությունը ապագա սերունդների համար պահպանելու ձգտմամբ:
Հոգևոր ժառանգությունը Ռուսաստանի ընդհանուր մշակութային հարստության մի մասն է
Հարյուրամյակների ընթացքում Հայ առաքելական եկեղեցին իր ժողովրդի համար պահպանել է հավատքը, լեզուն, գիրը և ավանդույթները։ Այն ծառայել է որպես հոգևոր աջակցության, լուսավորության և միասնության վայր՝ օգնելով փոխանցել պատմական հիշողությունը սերնդեսերունդ։
Նախագծի համաձայն՝ նոր համալիրը կմիավորի մեկ օջախում եկեղեցի, մշակութային կենտրոն, թանգարան և այլ կառույցներ, որոնք կոչված են դառնալու մի տարածք, որտեղ հոգևոր կյանքը կլրացվի լուսավորչական և մշակութային գործունեությամբ, իսկ ծանոթությունը հայ ժողովրդի պատմությանը ավելի մատչելի կդառնա երիտասարդության և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են նրա ժառանգությամբ։
Սա հատուկ նշանակություն ունի աճող սերնդի դաստիարակության համար: Իրենց արմատների իմացությունը ձևավորում է հարգանք անցյալի նկատմամբ, օգնում է գիտակցել պատասխանատվությունը ապագայի հանդեպ և սովորեցնում է խնամքով վերաբերվել մշակութային արժեքների նկատմամբ: Միևնույն ժամանակ, սեփական ավանդույթների հանդեպ հարգանքը անքակտելիորեն կապված է այլ ժողովուրդների՝ իրենց հավատքը, լեզուն ու պատմական հիշողությունը պահպանելու իրավունքի ճանաչման հետ:
Սրա մեջ է տաճարային համալիրի շինարարության խոր կապը ազգային միասնության գաղափարի հետ։ Ընդհանուր հայրենիքը միավորում է մարդկանց ոչ թե իրենց տարբերություններից հրաժարվելու պահանջով, այլ միասին ապրելու, արարելու, աշխատելու և զարգանալու հնարավորությամբ՝ պահպանելով երկրի մշակութային բազմազանությունը։
Սոչին նման փոխազդեցության վառ օրինակ է։ Այստեղ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ մասնակցում են քաղաքի կյանքին, իրականացնում են հասարակական նախաձեռնություններ և ավանդ են ներդնում նրա զարգացման մեջ։ Հայկական տաճարային համալիրի կառուցումը շարունակում է արարելու և բարիդրացիության այս ավանդույթը։
Միասնություն, որը հաստատվում է գործերով
Այս սկզբունքները կարևոր նշանակություն ունեն ողջ ռուսական հասարակության համար: Ուժեղ երկիրը կառուցվում է պատմության նկատմամբ հարգանքի, քաղաքացիների պատասխանատվության և տարբեր ազգությունների մարդկանց՝ հանուն ընդհանուր բարօրության միասին աշխատելու պատրաստակամության վրա: Հենց առօրյա գործերը (բարեգործական նախագծերին աջակցելը, հայրենի քաղաքի համար հոգածությունը, հուշարձանների ու մշակութային ավանդույթների պահպանումը) միասնության գաղափարը հագեցնում են իրական բովանդակությամբ:
Սոչի քաղաքի Ռուսաստանի հայերի միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են եկեղեցական համալիրի կառուցմանը, կատարում են նվիրատվություններ և մասնակցում են նախագծի իրականացմանը։ Համատեղ ջանքերով ստեղծվում է մի տարածք, որը կծառայի համայնքի հոգևոր կյանքին և քաղաքի մշակութային զարգացմանը։
Լիլիանա Քեհյան, Սոչի
Լուսանկարում՝
Տաճարային համալիրի շինարարությունը. 2026 թվականի սեպտեմբեր
Քարերի օծումը 2024 թվականի հունիսի 12-ին

