Բարի՞, թե՞ հանցագործ. Խորեն Լեւոնյանի նոր կերպարը
Շոու բիզնեսՀՀ վաստակավոր արտիստ ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ նկարահանվում է «Որոգայթ» հեռուստասերիալի նոր՝ «Որոգայթ. նոր սկիզբ» նախագծում։ Սերիալը, որը կազմված է քրեական դրամայով լի սյուժեով, հետաքրքրություն է առաջացրել հասարակության շրջանում, հատկապես Լեւոնյանի մասնակցությունը, թե ինչպիսի կերպար կկերտի դերասանը՝ հաշվի առնելով, որ «Որոգայթ. նոր սկիզբ» քրեական դրամայի սյուժետային գիծը կառուցված է նոր խաղի կանոնների եւ հոգեբանական բախումների շուրջ։
Ստեղծագործական կազմը (սցենարիստ Հարություն Ղուկասյանի գլխավորությամբ) դեռեւս գաղտնի է պահում կերպարների անուններն ու սյուժետային բոլոր շրջադարձերը: Այնուհանդերձ, «Իրավունք»-ը կապ հաստատեց դերասան Լեւոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ կերպար է մարմնավորում վերջինս, եւ արդյոք նա այս անգամ կլինի բարի ոստիկան, ով կհաղթի մաֆիային: Մեր հարցին ի պատասխան՝ Լեւոնյանը բարձր ծիծաղեց, ապա պատասխանեց. «Կներեք, նախապես ասել չեմ կարող, կդիտեք, կիմանաք»:
Ուշագրավ է այն, որ սերիալում նկարահանվելու է նաեւ Խորեն Լեւոնյանի նախկին կինը՝ ԼԻԿԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ, որն իր հարցազրույցներից մեկում նշել է․ «Խորենի հետ նախկինում էլ առիթ եմ ունեցել նկարահանվելու: Բազմիցս ասել եմ, որ նրան բարձր եմ գնահատում՝ որպես պրոֆեսիոնալ արտիստի, եւ նման գործընկերոջ հետ աշխատելը ցանկացած դերասանի համար պատիվ է»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՅԱՆ

