«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խորհրդարանական ընդդիմությունը, կողմ ըլլալով, դեմ է ԹՐԻՓՓ-ին. Էդգար Առաքելյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԷԴԳԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, որը պատգամավորական լիազորությունները ստանձնել է նախորդ շաբաթ։ Պատգամավորական մանդատը նրան է փոխանցվել այն բանից հետո, երբ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Լիլիթ Ստեփանյանը, նշանակվել է Կոտայքի մարզպետ եւ վայր դրել պատգամավորական մանդատը։ 

«ՆՄԱՆ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ «ԲՈՒՏԿԻ» ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

— Պարոն Առաքելյան, Ձեր խորհրդարանական աշխատանքը շատ բուռն սկսվեց։ Ինչպե՞ս կգնահատեք այն իրողությունը, ինչի ականատեսը նախորդ շաբաթ եղանք բոլորս Ազգային ժողովում, երբ օրենսդիրներն ուղղակի ծեծում էին միմյանց։

— Շատերն են նշում, որ իմ մուտքն Ազգային ժողով բուռն ստացվեց։ Բայց այդտեղ ես կապ չունեմ, դրա մեղավորը «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն էր, որը, ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի ելույթի ընթացքում փորձում էր մոտենալ ամբիոնին եւ սադրանք իրականացրեց։ Երեւի, փորձում էր հարվածել եւ այլն, որի արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց։ Եվ, բնականաբար, նման վարքագծին հետեւում է նաեւ նման կամ ավելիով վարքագիծ կամ գործողություններ, որը մենք տեսանք։

— Որքան էլ ծեծկռտուքը ստվերեց, բայց նախորդ խորհրդարանական շաբաթն առանցքային նշանակություն ուներ ԹՐԻՓՓ նախագծի ընդունման համատեքստում։ Ձեր գնահատմամբ՝ ի վերջո, ի՞նչ է տալու այն Հայաստանին։ Տարբեր տնտեսագետներ պնդում են, որ այն ընդամենը մի «բուտկի» բերած եկամուտի արդյունք է ունենալու։

— Անկեղծ ասած, նման տնտեսագետների մոտեցումները հենց այդ «բուտկի» մակարդակի եմ համարում։ ԹՐԻՓՓ-ը գլոբալ նախագիծ է, ինչն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիր է կնքել Երկիր մոլորակի համար առաջին գերտերության հետ։ Եվ, բնականաբար, նման պետությունների հետ հարաբերությունները չեն կարող լինել «բուտկի» մակարդակի։

Այս նախագիծը Հայաստանին տալիս է, նախ եւ առաջ, ապաշրջափակում, նոր կոմունիկացիաներ, երկրի սահմանները բացվելու են, դրա արդյունքում Հայաստանի տնտեսական հնարավորությունները բազմապատկվելու են, հանրապետությունը դառնալու է տարածաշրջանի կարեւոր պետություն եւ ոչ թե ինչպես նախկինում էր, լինելու է տարածաշրջանի փակուղային պետություն։ Դրա արդյունքները մենք այսօր արդեն տեսնում ենք։

Ինչպես գիտեք, այդ համատեքստում նաեւ Հայաստանում կառուցվել է եւ շարունակում է կառուցվել արհեստական բանականության դատակենտրոնները, եւ արդեն առաջին փուլով կառուցված դատակենտրոնը ՀՀ բյուջե գումար է մուծել, էլեկտրաէներգիա է սպառել։ Այսինքն՝ տնտեսական ակտիվության եւ հարկային մուտքերի նոր աղբյուր ունենք։ Եվ, իհարկե, այստեղ բացի երկաթգծային եւ ճանապարհային կոմունիկացիաներից, հետագայում ունենալու ենք նաեւ էլեկտրաէներգիայի, ինտերնետի մալուխներ, առաջիկայում նաեւ այլ էներգակիրների խողովակաշարեր եւ այսպես շարունակ։

«ՑԱՎԱԼԻՈՐԵՆ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀՀ ՇԱՀԸ»

— «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին խոսում էր ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական հնարավորությունների եւ ընդլայնվելու մասին։ Իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ասում էր, որ իրենք ԹՐԻՓՓ-ը եւ որեւէ այլ միջազգային փաստաթուղթ չեն կասեցնելու, որը ստորագրվել կամ նախաստորագրվել է պետական մակարդակով, այլ դրանք լավարկելու են։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ, այնուհանդերձ, երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ դեմ քվեարկեցին այս նախագծին։

— Այստեղ գործել է Դաշնակցության հայտնի «կողմ ըլլալով՝ դեմ են» բանաձեւը։ Ցավում եմ, որ «Ուժեղ Հայաստան»-ն էլ է այդ տրամադրությունով առաջնորդվել եւ «կողմ ըլլալով»՝ իրենք էլ էին դեմ։ Գիտեք, մյուս կողմից էլ իրենք պետք է այն աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որոնց հետ կապ ունեն, ինչ-որ բացատրություններ տային, դրա համար, կարծում եմ, այստեղ իրենք կաշկանդված են։

Ցավալիորեն կաշկանդված են, քանի որ իրենք կաշկանդված են պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահը։ Իրենք, ըստ էության, կարծես, դրական էին արտահայտվում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ, բայց դեմ են քվեարկում։ Ինչո՞ւ են դեմ քվեարկում, եթե այն համապատասխանում է ՀՀ պետական շահերին․որովհետեւ այլ տեղեր պետք է բացատրություններ տան։ Ու այստեղ է մեր ամենամեծ խնդիրը, որ մեր ընդդիմությունը շարժվում է դրսի թելադրանքներով կամ անում է ամեն ինչ, որ դրսի այդ կենտրոնին հաճոյանա։ Այն երկրին, որի քաղաքացիներ են իրենց բարեկամները, հարազատները, հորեղբայրները եւ այլն։

— Նախորդ շաբաթն աչքի ընկավ նաեւ միջազգային սկանդալով։ Շիրակի մարզպետի «իվանների» վերաբերյալ անհարկի արտահայտությանն արձագանքեց ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պահանջելով ՀՀ իշխանություններից հստակ դիրքորոշում։ Չե՞ք կարծում, որ մարզպետը գոնե ներողություն պետք է խնդրեր, եթե պաշտոնանկ չի արվում։

— Մարիա Զախարովան եւ այդ երկրի շատ պաշտոնյաներ բազմիցս Հայաստանի հասցեին արտահայտություններ են արել ու հրաժարականներ չեն տվել։ Հետեւաբար, մենք պետք է այդ սկզբունքով չշարժվենք։ Այնպես որ, չեմ կարծում, թե Մարիա Զախարովան պետք է պահանջի Հայաստանի Հանրապետության պաշտոնյայի հրաժարականը, կոռեկտության կոչ անի եւ այլն, քանի որ մենք բազմիցս լսել ենք այդ տիկնոջ եւ ոչ միայն նրա ոչ կոռեկտ արտահայտությունները։

— Բայց համաձայնեք, որ Մարիա Զախարովայի եւ ՌԴ այլ պաշտոնյաների հայտարարությունները եղել են քաղաքական։ Օրինակ՝ ուղղված ՀՀ իշխանության վարած քաղաքականության, այս կամ այն քայլերի դեմ, բայց ոչ ագզամիջյան կոնտեքստում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես կարձագանքեինք մենք, երբ որեւէ ռուս պաշտոնյա հայերիս ասեին՝ «խաչիկներ»։

— Ռուսները բազմիցս մեզ ասել են նման բաներ։ Գնացեք, հարցրեք մարդկանց, տեսեք, թե ինչ են խոսում։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ չպետք է այդ փոքր խնդիրները սարքել միջպետական հարաբերությունների հարցեր։ Տեսեք, եղել են շատ հարցեր, որոնք անպատասխան են թողնվել նույն միջէթնիկական խնդիրներին վերաբերող։ Իրենք նացիստական ինչ-որ ենթատեքստ են տալիս ասվածին, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշահամալիրները մենք գիտենք, թե ինչ բախտի են արժանացել։ Դրա մասին նույնիսկ հայաստանցի լրագրողը բարձրաձայնել է տիկին Զախարովային, բայց ինչպես միշտ, որեւէ պատասխան չի ստացել։ Հետեւաբար, ըստ իս, այստեղ սուբյեկտիվ մոտեցում կա։ Պարզապես պետք չէ, այսպես ասած, մազը գերան սարքել եւ փորձել դրա վրա միջպետական հարաբերություններ խաթարել։

«ԻՄ ԱՆՑՅԱԼՆ ԱՊՐԵԼ ԵՄ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՈՉ ՄԻ ՊԻՏԱԿ ԻՆՁ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՊՆԵԼ»

— Դուք խորհրդարանական ո՞ր հանձնաժողովին եք անդամակցելու։ Ձեր դիտակետում ո՞ր հարցերն են լինելու առաջնահերթ։

— Ինչպես գիտեք, ես նոր եմ եկել խորհրդարան, եւ ԱԺ գրեթե բոլոր հանձնաժողովները համալրված են։ Իհարկե, իմ ցանկալի հանձնաժողովը կլիներ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ ելնելով նաեւ մասնագիտությունից։ Դիտարկում եմ նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ հաշվի առնելով նաեւ իմ գործունեության ուղղությունները եւ նախկինում Եվրոպական միության հետ իմ առնչությունները։ Կտեսնենք, որտեղ հնարավորություն կա, կփորձեմ լինել այդ հանձնաժողովներում։

Իսկ ուշադրության կենտրոնում ամենատարբեր հարցերը կարող են լինել՝ սկսած նույն եվրոպական ինտեգրացիայից, կոռուպցիայից, պաշտպանությունից, անվտանգությունից եւ այլն, եւ այլն։

— Ձեր մուտքը խորհրդարան մամուլում լայնորեն պիտակավորվեց այն կոնտեքստում, որ Դուք եղել եք «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Ես իմ անցյալն ապրել եմ այնպես, որ ոչ մի պիտակ ինձ չի կարող կպնել։ Իմ առնչությունը եղել է հիմնականում Հ3 հեռուստաընկերության հետ կապված։ Այո, ես աշխատել եմ այդ հեռուստաընկերությունում, իմ կենսագրության մեջ, ի դեպ, գրված է, չեմ թաքցրել։ Բաց աղբյուրներից կարող եք տեսնել, որ իմ կենսագրական տվյալում գրված է, եւ ես դրանից չեմ խուսափում։ Ավելին՝ ուրախ եմ, որ այդ բարդ ժամանակահատվածում այդ հեռուստաընկերությունում աշխատել եմ՝ նաեւ այն պայմանով, որ ինձ կտրվի մաքսիմալ ազատություն։ Ես այդ ազատությունն օգտագործել եմ ու այդ ժամանակահատվածում՝ 4 տարի, ինչ ես ղեկավարել եմ այդ հեռուստաընկերության լրատվական քաղաքական բաժինը եւ ունեցել եմ իմ հեղինակային հաղորդումը, լուսաբանել եմ բոլոր ընդդիմադիր գործընթացները, եթեր եմ տվել իմ հարցազրույցներում տարբեր ընդդիմադիր գործիչների։ Իսկ այդ ժամանակ հերոսության նման մի բան էր իշխանության դեմ խոսելը։

Իհարկե, դրա արդյունքում ես Բաղրամյան 26-ից բազմաթիվ զանգեր եմ ստացել, թե ինչու եք այս մարդկանց եթեր տալիս։ Բայց, որպես կանոն, այդ մարդկանց ուղարկում էինք այնտեղ, որտեղ պետք էր, եւ ինչ-որ ժամանակում իրենք հասկացան, որ այլեւս չպետք է զանգեն նման հարցերով։ Այնպես որ, ես նորմալ եմ համարում։

— Պարոն Առաքելյան, հարաբերություններ կա՞ն «Օրինաց երկիր» կուսակցության հետ, թե՞ կուսակցությունն ակտիվ քաղաքականության մեջ չկա այլեւս։

— Անկեղծ ասած, տեղեկություն չունեմ, քանի որ դեռեւս 2017 թ-ից ես արդեն այնտեղ ասել էի, որ չեմ աշխատելու։ Դա մինչեւ հեղափոխությունն էր, նույնիսկ որոշ ժամանակ գտնվել եմ արտերկրում, հետո վերադարձել եմ, ինձ ասել են մի փոքր էլ շարունակենք՝ մինչեւ նոր մարդ կգա, կփոխարինի։ Դա իմ կյանքի այն ժամանակահատվածն էր, երբ գտնում էի, որ արտագաղթելու ժամանակն է, այլեւս Հայաստանում հեռանկար չէի տեսնում։ Բայց եկավ հեղափոխությունը, եւ այն ինձ պահեց իմ հայրենիքում։ Դրա համար ուրախ եմ ու հենց առաջին օրվանից մինչեւ հիմա հեղափոխական թիմի հետ եմ։ Պայքարել ու պայքարում եմ այն Հայաստանի համար, ինչը մենք երազում ենք ու ցանկանում։

— Ներդաշնա՞կ եք այն ամեն ինչի հետ, ինչ տեղի ունեցավ այս վերջին 8 տարիների ընթացքում այս իշխանության օրոք՝ սկսած Արցախի կորստից։

— Դա մի թեմա է, որի մասին շաբաթական երկու-երեք հարցազրույց եմ տալիս։ Խոսում ենք դրա պատճառների, հետեւանքների, արդյունքների եւ այլնի մասին։ Այդ ամենը մեզ համար պետք է լինի լավ դաս, այն պետք է շատ ավելի փորձ տա պետության ստեղծման, կայացման, միջպետական հարաբերությունների, որպեսզի մենք կարողանանք ունենալ իսկապես այն իրական Հայաստանը, որն ուզում ենք։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը