Հայաստանը անցյալի վեհության և ներկայի նվաստացման միջև
ՎերլուծությունԵս երբեք չէի սկսի գրել քաղաքական հոդվածներ, եթե չլիներ մի հանգամանք. այսօր, իմ կարծիքով, հարվածի տակ հայտնվեցին ամբողջ հայ ազգի և մեզանից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը։ Հարյուր տարի առաջ մեր մեծ հայրենակից Գարեգին Նժդեհը ձևակերպեց «Ցեղակրոն» ազգային ուսմունքը, որը մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը։ Այս ուսմունքի հիմքում ընկած էր հետևյալ սկզբունքի մեջ արտահայտված գաղափարը. «Ազգի արժանապատվությունը յուրաքանչյուրի արժանապատվությունն է»։
Երբ հայը հասնում է ակնառու հաջողությունների, նվաճում է միջազգային հանրության հարգանքը կամ փառավորում է իր երկիրը գիտության, մշակույթի, սպորտի կամ այլ ոլորտներում նվաճումներով, մեզանից յուրաքանչյուրը ակամա հպարտության զգացում է զգում։ Եվ սա պատահական չէ։ Ազգային ժառանգությունը ստեղծվում է ականավոր մարդկանց, հերոսների և մեծագործների ջանքերով։ Նրանք ոչ միայն ընդօրինակման տիպար են դառնում և գրում իրենց անունները պատմության մեջ, այլև ցույց են տալիս ամբողջ աշխարհին, թե ինչի են ընդունակ մեր փոքր, բայց իր պատմությամբ հարուստ ժողովրդի ներկայացուցիչները։
Սակայն այսօր, դիտարկելով, թե ինչպես է Հայաստանը ներկայացված միջազգային ասպարեզում, ես ապրում եմ ճիշտ հակառակ զգացմունքները՝ խոր ամոթի զգացում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է մեր երկիրը միջազգային հանդիպումներում և, մեղմ ասած, չի ցուցադրում այն մակարդակը, որը պահանջում է նրա զբաղեցրած պաշտոնը։ Պարզ լեզվով ասած՝ իր տգիտությամբ խայտառակում է ոչ միայն իրեն, այլև ամբողջ ազգին։
Հիշենք Անկախ Պետությունների Համագործակցության երկրների Ղեկավարների խորհրդի վերջերս կայացած նիստը Թուրքմենստանում, որտեղ իսկապես կարևոր հարցեր քննարկելու փոխարեն, Փաշինյանն իր ելույթի կեսը կոտրված ռուսերենով պատմեց բոլորին առավոտները իր հեծանիվ քշելու մասին. երկրների ներկա գտնվող ղեկավարները չէին իմանում՝ ինչպես արձագանքեն դրան։ Բարձր մակարդակի միջազգային հանդիպումները ենթադրում են լուրջ խոսակցություն պետական շահերի, կենսական հրատապ հարցերի և մեր երկրների ապագայի վերաբերյալ։ Նման ձևաչափում հատկապես կարևոր է արժևորել բոլոր մասնակիցների ժամանակը և հասկանալ արտասանած յուրաքանչյուր բառի պատասխանատվությունը։ Չեմ սկսի թվարկել հանրապետության ներկայիս ղեկավարության բոլոր որոշումներն ու արարքները, որոնք տարակուսանք են առաջացնում իմ մեջ, իսկ ավելի հաճախ՝ ամոթի խոր զգացում։
Խոսքը պարզապես այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ անձնական վերաբերմունքի մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե ինչպես են տեսնում Հայաստանը այլ երկրները, ինչ տպավորություն են գործում նրա ներկայացուցիչները, և որքանով են նրանք արժանապատվորեն արտահայտում իրենց ժողովրդի շահերը։ Ազգի արժանապատվությունը չպետք է կախված լինի նրանից, թե ով է ժամանակավորապես զբաղեցնում պետական պաշտոն։ Իշխանության պատասխանատվությունը երկրի կերպարի համար և նրա ժողովրդի նկատմամբ հարգանքը հանրային ծառայության անբաժանելի մասն են։
Յուրաքանչյուր հայ իրավունք ունի հպարտանալու իր պատմությամբ, իր նախնիներով և իր հայրենակիցների նվաճումներով։ Եվ ճիշտ այդպես մեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի ակնկալելու, որ նրանք, ում վստահված է ներկայացնելու մեր երկիրը, կգործեն այդ պատասխանատվության գիտակցումով։ Լռությունը խնդիրներ չի լուծում, իսկ սեփական ազգի նկատմամբ հարգանքը սկսվում է նրա ներկայի ու ապագայի համար պայքարելու պատրաստակամությունից։ Գարեգին Նժդեհի խոսքերը ազգային արժանապատվության մասին մեզ հիշեցնում են գլխավորի մասին. երկրի ճակատագիրը և նրա ապագայի համար պատասխանատվությունը անբաժանելիորեն կապված են մեզանից յուրաքանչյուրի արժանապատվության հետ։
Ես չեմ կարող չխոսել ևս մեկ ցավի մասին, որն այսօր տագնապեցնում է ինձ, ինչպես, վստահ եմ, նաև ամբողջ աշխարհում շատ հայերի։ Խոսքը ներկայիս իշխանությունների կողմից մեր ժողովրդի կարևորագույն հոգևոր ու ազգային հաստատություններից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա գործադրվող աննախադեպ ճնշման մասին է։
301 թվականին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես միակ պետական կրոն: Տրդատ III թագավորի այս պատմական որոշումը, որը կապված էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ, վճռեց ոչ միայն մեր ժողովրդի կրոնական ճակատագիրը, այլև շատ առումներով հայկական քաղաքակրթության ողջ հետագա ուղին: 405 թվականին սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և հենց եկեղեցու գործուն մասնակցությամբ սկսվեց հայ գրի, գրականության և հոգևոր մշակույթի մեծ ծաղկումը: Վանքերում ստեղծվեցին անգին ձեռագրեր, զարգացան փիլիսոփայությունը, պատմագիտությունը, ճարտարապետությունը և արվեստը: Հայկական եկեղեցիները դարձան ոչ միայն աղոթատներ, այլև ազգային հիշողության պահապաններ: Երկար դարերի ընթացքում, երբ հայ ժողովուրդը զրկված էր իր պետականությունից, հենց Հայ առաքելական եկեղեցին էր շատ առումներով կատարում միավորող ազգային հաստատության դերը: Նա օգնեց պահպանել ամբողջ աշխարհով մեկ ցրված հայերի լեզուն, մշակույթը, ավանդույթները և պատմական ինքնագիտակցությունը:
Պետություններն առաջացել են ու անհետացել, փոխվել են կառավարիչները, կործանվել են կայսրություններ, բայց Հայ առաքելական եկեղեցին մնացել է իր ժողովրդի հետ։ Հենց այդ պատճառով ես համոզված եմ. անկախ նրանից, թե մարդը թունդ հավատացյալ է, թե ոչ, հայկական մշակույթն ու ազգային ինքնությունը անբաժանելի են քրիստոնեական ժառանգությունից։ Մեր ճարտարապետությունը, գրականությունը, երաժշտությունը, շատ բազմաթիվ ազգային ավանդույթներ դարերի ընթացքում ձևավորվել են քրիստոնեական արժեքների հսկայական ազդեցության ներքո։
Այսօր Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու հատուկ առաքելությունը ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Միևնույն ժամանակ, Եկեղեցին անջատ է պետությունից, իսկ նրա ներքին կառուցվածքը, կանոններն ու հոգևոր ավանդույթները չպետք է դառնան քաղաքական պայքարի գործիք: Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանի ներկայիս իշխանությունները ավելի ու ավելի համառորեն փորձում միջամտել Եկեղեցու ներքին կյանքին, ձգտում են ազգային ամենահին ինստիտուտներից մեկը դնել քաղաքական վերահսկողության տակ: Հասել են նրան, որ քրեական գործ են հարուցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ նրա համար, որ նա կարգալույծ է արել իշխանություններին ծախված արքեպիսկոպոսներին:
Իրավիճակը դուրս է եկել բուն Հայաստանի սահմաններից. գործող իշխանությունները փորձում են կանխավ աջակցություն ստանալ Եվրոպայում ու Ամերիկայում։ Ինչպես և սպասվում էր՝ ապարդյուն։ Մենք ոչինչ չտեսանք, բացի Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների հերթական խայտառակությունից։
Կարելի է տարբեր կերպ վերաբերվել առանձին հոգևոր սպասավորների նկատմամբ։ Կարելի է քննադատել եկեղեցու ղեկավարությանը՝ չհամաձայնվելով նրա որոշումների հետ և պահանջել օրենքի պահպանում։ Եկեղեցին, ինչպես և ցանկացած հասարակական ինստիտուտ, չպետք է քննադատությունից դուրս լինի։ Սակայն կա սկզբունքային սահման օրինական պետական վերահսկողության և ժողովրդի հոգևոր կյանքի մեջ քաղաքական միջամտության միջև։ Հայ առաքելական եկեղեցին չի պատկանում ո՛չ կառավարությանը, ո՛չ քաղաքական կուսակցությանը, և ո՛չ էլ նույնիսկ հայության մի սերնդի։ Նա մեր ամբողջ ժողովրդի հոգևոր ու պատմական ժառանգությունն է՝ նրանց, ովքեր ապրել են մեզանից առաջ, նրանց, ովքեր ապրում են այսօր, և նրանց, ովքեր կգան մեզանից հետո։ Քաղաքական իշխանությունը ժամանակավոր է։ Հայ ժողովրդի պատմությունը հավերժական է։
Մեր պարտականությունն է թույլ չտալ, որ ուրացողների մի փոքր խմբի քաղաքական նկրտումները ոչնչացնեն հոգևոր ժառանգությունը, որը մեր նախնիները պահպանել են անհավանական զոհողությունների գնով։
Ցավոք, այսօր Հայաստանում տեղի ունեցողի համար ամոթի և խոր ցավի զգացմանը գնալով ավելի ուժեղ է խառնվում մեկ այլ՝ է՛լ ավելի տանջալից զգացում՝ վախը մեր հայրենիքի ապագայի համար, հայ ազգի ճակատագրի համար, այն բանի համար, թե ինչ ենք մենք թողնելու ապագա սերունդներին։
Իր բազմադարյան պատմության ընթացքում հայ ժողովուրդը շատ ողբերգություններ է ապրել։ Սակայն դրանցից ամենասարսափելին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունն էր, որը խլեց մեր մեկուկես միլիոնից ավել հայրենակիցների կյանքը։ Միլիոնավոր հայեր սպանվեցին, արտաքսվեցին կամ զրկվեցին հայրենի տներից, եկեղեցիներից, սրբավայրերից ու պատմական հայրենիքից։ Ոչնչացվեցին ամբողջ քաղաքներ ու գյուղեր, երկրի երեսից ջնջվեցին հայկական քաղաքակրթության անգին հուշարձանները։ Թվում էր, թե այս հրեշավոր ողբերգությունից հետո մարդկությունը պետք է յուրացներ պատմության սարսափելի դասը։ Թվում էր, թե XXI դարում՝ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և նման հանցագործությունների կանխարգելմանը կոչված բազմաթիվ կազմակերպությունների դարաշրջանում, նման ողբերգության կրկնությունը անհավանական կլիներ։
Սակայն հարյուր տարուց մի փոքր ավելի անց պատմությունը հայ ժողովրդի համար կրկին վերածվեց սարսափելի ողբերգության։ 2020 թվականին ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ դաժան ռազմական ագրեսիա Արցախում։ Ադրբեջանցի և թուրք մարդասպանների կողմից հազարավոր խաղաղ բնակիչների դաժան սպանություններից, ամիսներ տևած շրջափակումից ու հումանիտար ճգնաժամից հետո՝ 2023 թվականին, Արցախի բնիկ հայ բնակչությունը՝ մեր հարյուր քսան հազարից ավելի հայրենակիցներ, ստիպված եղան լքել այն հողը, որի վրա իրենց նախնիներն ապրել էին հարյուրամյակներ շարունակ։ Պատմությունը կարծես կրկնվեց, բայց մի սարսափելի տարբերությամբ։ 1915 թվականին անկախ հայկական պետություն գոյություն չուներ. Օսմանյան կայսրության հայերը փաստացի անպաշտպան էին պետության ոչնչացման մեքենայի առաջ։ Իսկ 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունն արդեն ավելի քան երեսուն տարի գոյություն ուներ որպես անկախ պետություն. մենք ունեինք մեր բանակը, պետական ինստիտուտներ, միջազգային կապեր ու դաշնակցային պարտավորություններ։
Սակայն այս ամենը չփրկեց Արցախի հայերին կոտորածից ու վտարումից, քանի որ Հայաստանի Հանրապետության առաջնորդը նախ հրապարակավ հրաժարվեց Արցախից, իսկ հետո ընդհանրապես արգելեց օգտագործել այս անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում: Ակնհայտ է, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Նիկոլ Փաշինյանն ու նրա հանցակիցները պատմության մեջ կմնան որպես արցախահայերի ցեղասպանության կազմակերպիչներ՝ ադրբեջանցի և թուրք ագրեսորներին հավասար:
Բոլորը գիտեն, թե ինչպես իրենց կյանքն ավարտեցին հայ դավաճաններն ու 1915 թվականին հայ խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածը կազմակերպած երիտթուրքերի առաջնորդները։ Բոլորն անխտիր մահապատժի ենթարկվեցին դաշնակցական հայ երիտասարդ հայրենասերների կողմից։ Այս արդարացի պատմական հատուցումը համաշխարհային պատմության մեջ մտավ ««Նեմեսիս» գործողություն» անվանումով։ Սողոմոն Թեհլիրյանի, Շահան Նաթալիի, Միսաք Թոռլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Արամ Երկանյանի և գործողության մյուս մասնակիցների անունները ընդմիշտ գրված են հայոց պատմության մեջ։ Նրանց գործողությունները արդարադատության հասնելու հուսահատ ձգտման արտահայտություն էին այն պայմաններում, երբ միջազգային արդարադատության մեխանիզմները անկարող դուրս եկան ապահովելու մեղավորների պատիժը։
Համոզված եմ, որ Հայաստանում կոլաբորացիոն (թշնամու հետ համագործակցող – թարգմ.) իշխանության փոխվելուց հետո մենք կկարողանանք վերականգնել արդարությունը։ Հայերը կրկին ազատորեն կաղոթեն Գանձասարում ու Դադիվանքում, կայցելեն իրենց պապերի շիրիմներին և կապրեն այն հողի վրա, որը դարերով հայրենիք են կոչել։
Հրանտ Ագոսյան

