Ո՞վ ասաց՝ «ԹՐԻՓՓ»-ը կյանքի կկոչվի, ավելի ձեռնտու կլիներ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կյանքի կոչումը․ Մաթեւոսյան
ՆերքաղաքականՈ՞վ ասաց՝ «ԹՐԻՓՓ»-ը կյանքի կկոչվի, ավելի ձեռնտու կլիներ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կյանքի կոչումը․ Մաթեւոսյա
ՀՀ Ազգային ժողովը 3 կողմ եւ 32 դեմ ձայներով վավերացրեց «ԹՐԻՓՓ» նախագծի շրջանակային համաձայնագիրը: Թե այն ինչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի համար, «Իրավունք»-ը պարզել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՑ։
— Պարոն Մաթեւոսյան, հաշվի առնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ի սկզբանե դեմ է եղել այս նախագծի իրականացմանը, ի՞նչ սպասել հիմա։
— Դե ինչ-որ բան ստորագրել կամ վավերացնելը դա դեռ չի նշանակում կյանքի կոչել: Մեր նորանկախ պետության պատմության վերջին տարիները դրա վառ դրսեւորումը ունեցել են․ հիշենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Ո՞վ ասաց, որ եթե դու ստանձնում ես ինչ-որ միջազգային պարտավորություն եւ հետո այդ պարտավորությունից նոր պարտավորությունով խուսափում ես, նույնը չի կարող լինել նաեւ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ, այդ թվում՝ նաեւ Ձեր նշած հանգամանքներից ելնելով, այսինքն՝ Իրանի, Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումից: Բացի այս ամենից, նաեւ մենք չփակենք Հայաստանում պոտենցիալ քաղաքական փոփոխությունների դուռը։
Խորհրդարանական ընդդիմության նման քվեարկությունը ցույց տվեց շատ մի պարզ բան, որ անկախ տարակարծություններից, անկախ այդ քաղաքական ուժերի նկատմամբ քննադատությունից եւ այլնից, այս կարեւոր քվեարկության ժամանակ իրենք ցույց տվեցին, որ կա գիտակցում, թե ինչ վտանգներ իր մեջ ունի «ԹՐԻՓՓ»-ը, եւ այդ պրոյեկտի գործարկման պարագայում, ներկայիս կոնֆիգուրացիայով ու շահառուներով ինչ խնդիրներ դա կարող է առաջացնել Հայաստանի Հանրապետության համար։
— Ինչպես նշեցիք, մանդատավոր ընդդիմությունը դեմ քվեարկեց «ԹՐԻՓՓ» նախագծին, բայց «Ուժեղ Հայաստանը»-ը նաեւ հայտարարությամբ էր հանդես եկել, որ իրենք կողմ են ուժեղ եւ ապահով «ԹՐԻՓՓ»-ին։ Ի՞նչ է նշանակում ուժեղ կամ թույլ «ԹՐԻՓՓ»։
— Չգիտեմ՝ այդ ձեւակերպման տակ կոնկրետ «Ուժեղ Հայաստան»-ի մեր հարգելի գործընկերներն ի՞նչ նկատի ունեին։ Ես կարող եմ այլ տեսակետ ներկայացնել սրա վերաբերյալ, որը հանրությանը ավելի հայտնի է իր մանրամասներով նաեւ նախընտրական փուլում: Նույն Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել էր տարբերակ, թե ինչպես կարելի է, ընդլայնելով «ԹՐԻՓՓ» նախագիծը, ոչ միայն Հայաստանի շահը ներգրավել, այլ այդ թվում՝ Իրանին ներգրավել այս գործընթացում եւ Ռուսաստանին: Միգուցե հենց դա է, այսպես ասած, «ուժեղ «ԹՐԻՓՓ»» նախագիծը, բայց ընդհանուր Հայաստանի Հանրապետության համար, իհարկե, ավելի ձեռնտու կլիներ երկու տարբերակ։
Առաջինը՝ դա նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը կյանքի կոչելն էր, որը ե՛ւ Արցախը կպահեր հայկական, ե՛ւ մենք կստանայինք կոմունիկացիաների ապաշրջափակում: Վստահ եմ, դուք էլ եք հիշում, որ այդ փուլում ռուսական մամուլում անգամ քարտեզների հրապարակումներ եղան, թե Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով ինչպես է երկաթգծով կապվելու Ռուսաստանի Դաշնության հետ:
Եվ երկրորդ տարբերակը, որը է՛լ ավելի ձեռնտու կլինի Հայաստանին, դա ի վերջո այն է, որ աբխազական երկաթուղին գործարկվի։ Եթե ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխությունների, Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների փոփոխության պարագայում այդ երկաթգիծը վերականգնվի, Հայաստանն էլ մաս կազմի տվյալ նախագծի, մեզ ո՛չ «ԹՐԻՓՓ» է անհրաժեշտ լինելու, ո՛չ էլ նմանատիպ այլ «Զանգեզուրի միջանցքներ»։
— «Ուժեղ Հայաստանի» դեմ լինելը վերոնշյալ նախագծին իրենից ենթադրում է, որ այն համարել է վտանգավոր ՀՀ-ի համար ճի՞շտ է։
— Գոնե հրապարակային հայտարարություններից, այո, բավականին տրամաբանական գնահատականներ են եղել, եւ մոտեցումներ արտացոլվել է նրանում, որ իրենք եւ «Հայաստան» դաշինքը դեմ են քվեարկել։
— Այդ դեպքում ինչո՞ւ պառլամենտական ընդդիմությունը թեկուզ ժողովրդական ընդվզում չգեներացրեց՝ նախագծի հետ կապված։
— Այս պարագայում, օբյեկտիվորեն սա այն հարցերից չէ, որը կարելի էր այդ հայտնի ձեւակերպմամբ որպես տրիգեր օգտագործել։ Լավ է, թե՝ վատ, դա այլ հարց է, որ դա չի դարձել հանրության համար տրիգեր։ Ընդդիմությունն այստեղ կարող էր մի քանի բան անել։ Առաջինը՝ վեր հանել «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ եղած սպառնալիքները, եւ դա արվեց թե՛ Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ եւ դրան նախորդող հանձնաժողովի քննարկման ժամանակ եւ թե՛ իրենց քվեարկությամբ, իրենց վերաբերմունքը ցուցաբերելով այդ նախագծին, ինչն էլ իրենք արեցին: Այսինքն՝ այս պարագայում էլ ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը։
— Ստացվում է, որ ընդդիմությունը ոչ մի կերպ չի կարողանում իշխող քաղաքական ուժի ծրագրերն ու որոշումներից գեթ մեկը չեղարկել:
— Ընդդիմությունը կարողանում է իշխող կուսակցության ծրագրերին դեմ քվեարկել, ինչը եւ իրենք արեցին: Բայց դուք ասում եք, որ օգտագործել «ԹՐԻՓՓ» նախագծի վերաբերյալ այս երեւույթը եւ փորձել հանրային ընդվզում առաջացնել կամ չգիտեմ օգտագործել, դա, որպես տրիգեր, օբյեկտիվորեն իրենք դա չեն արել: Չեն կարողացել, թե ինչ-որ այլ հանգամանքներ են եղել, ես չգիտեմ, կարծում եմ՝ կարելի է իրենց դա հարցնել: Ասում եմ՝ իրենք ունեն երկու գործելու ճանապարհ, առաջինը՝ վեր հանել սպառնալիքները եւ վեր հանելուց հետո քվեարկել ըստ իրենց կողմից առաջ քաշված գնահատականների, ինչն էլ իրենք արել են։
Միեւնույն ժամանակ, մենք նաեւ սա էլ պետք է արձանագրենք․ պառլամենտից դուրս էլ կա ընդդիմություն, այդ թվում նաեւ ընդդիմություն, որի ներկայացուցիչները, կողմնակիցները ասում են, որ այս պառլամենտական ընդդիմության ետեւից հասարակությունը չի գնա, փողոց դուրս չի գա։ Այս «ԹՐԻՓՓ» նախագծի վերաբերյալ գործընթացն իրենց համար էլ էր հիանալի հնարավորություն մոբիլիզացնել հասարակությանը, դուրս հանել փողոց: Կամ անցած ՏԻՄ ընտրությունները եւս հիանալի հնարավորություն էր մոբիլիզացնել մարդկանց, հավաքել իրենց շուրջը: Եթե ՏԻՄ ընտրություններում ոչ խորհրդարանական ընդդիմությունը կարողանար հաղթանակ տանել, թե՛ իշխող կուսակցության նկատմամբ, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներից ավելի շատ քվեներ հավաքել, դա կարող էր հանդիսանալ լեգիտիմ հիմք՝ պահանջելու արտահերթ ընտրություններ: Բայց արտախորհրդարանական ընդդիմությունը դա չարեց: Հետեւաբար, եթե մենք հիմա գալու ենք ընդդիմությանը քննադատելու դաշտ, կարծում եմ, դա այդքան էլ լավ եւ տրամաբանական չէ: Ով ինչ այս պահի դրությամբ կարողանում, անում է, սա է իրականությունը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

