Չեմ հավատում, որ Սամվել Կարապետյանը ճիշտ ընկալումներ ունի ընդդիմության մասին․ Հարությունյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության հիմնադիր նախագահ ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
— Երկու շաբաթ առաջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ համախմբելու է ճիշտ ընդդիմությանը։ Ձեզ՝ որպես քաղաքական ուժի ղեկավարի, նման առաջարկ եղե՞լ է։
— Ո՛չ, չի եղել։
— Պարոն Հարությունյան, իսկ Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է ճիշտ եւ սխալ ընդդիմությունը։
— Դե հիմա ամեն մի ուժ իր համար ճիշտ ընդդիմություն է սահմանում։ Ըստ երեւույթին, ճիշտ ընդդիմության մասին խոսել է ինչպես Սամվել Կարապետյանը, այնպես էլ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը։ Տեսնենք էլի, մեծ հաշվով, ես չեմ հավատում, որ Սամվել Կարապետյանը ճիշտ ընկալումներ ունի ընդդիմության եւ ճիշտ ընդդիմության մասին, որովհետեւ, ինչպես ցույց է տվել կյանքը, իրենք իրենց քաղաքական հաշվարկներում այդքան էլ ճշմարիտ չեն եղել եւ չեն էլ ուզում ընդունել իրենց սխալները: Հետեւաբար, խորը կասկած ունեմ, որ այս հարցում էլ իրենք կարող են ճիշտ գնահատականներ ունենալ եւ տարբերակել ճիշտ ու սխալ ընդդիմությունը։
— Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է ձեւավորվի նոր պետականակենտրոն եւ իրական ընդդիմություն։ Համամի՞տ եք այս մտքի հետ։
— Այո, համամիտ եմ այդ մտքի հետ, բայց ոչ թե, որ Նիկոլն է ասել, այլ որովհետեւ տասնյակ տարիներ է մենք այդ մասին խոսում ենք, որ Հայաստանում կա լրտեսական ընդդիմություն: Այդ լրտեսական ընդդիմության վերջը պետք է տրվի: Կլինի իշխանություն, թե՝ ընդդիմություն, ով ուզում է լինի, իրենք պիտի հայտնվեն մեղադրյալի աթոռին եւ, ըստ օրենքի, կրեն պատասխանատվություն, որովհետեւ ցանկացած ոք, ով գործում է դրսի թելադրանքով, հիմնականում հենց մեր ներպետական շահերի դեմ, այդ բոլոր մարդիկ պետք է ընդհուպ դավաճանության մեղադրանքի ներքո պատասխանատվության ենթարկվեն։ Թե՛ հայրս, հետո նաեւ ես ու շատերը խոսում ենք այդ մասին, որ կա լրտեսական ցանց։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

