Կարող են փոխվել ստվերային կառավարման հարյուրամյա սխեմաները
ՄիջազգայինՄոսկվայում այս օրերին կայացած «Ռուսաստան-Աֆրիկա» ֆորումն առաջին հայացքից Հայաստանից եւ մեր տարածաշրջանից կտրված, որեւէ առնչություն չունեցող ինչ-որ միջոցառման տպավորություն է թողնում: Իրականում դա այդքան էլ այդպես չէ: Դրա մասին է խոսում թեկուզեւ միայն փաստը, որ այդ միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցավ Իրանը` տպավորիչ պատվիրակությամբ` նախագահ Փեզեշքիանի գլխավորությամբ:
«ՀՅՈՒՍԻՍ–ՀԱՐԱՎԸ» ԳԱԼԻՍ Է ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ
Մի կողմից, թերեւս, մոսկովյան ֆորումին Փեզեշքիանի մասնակցությունը եւ Պուտինի հետ հանդիպումը ռուս-իրանական երկկողմ թեմատիկայով էր: Ընդ որում, հայտարարվեց միանգամայն տպավորիչ արդյունքների մասին, այդ թվում` Իրանում Ռուսաստանի կողմից նոր ատոմակայանների կառուցման: Ամեն դեպքում, կողմերը երկկողմ հարաբերությունների եւ առաջիկա ծրագրերի մասին առնվազն հանդիպման տեսանելի մասին առավել քան տպավորիչ արտահայտություններ հնչեցրին: Իսկ փորձագիտական շրջանակները հավաստիացնում են, որ կուլուարային քննարկումներն արձանագրել են շատ ավելի խորքային մակարդակ, այդ թվում` ռազմական համագործակցության ուղղությամբ:
Բայց մյուս կողմից, դատելով նաեւ իրանական տեղյակ փորձագիտական շրջանակների գնահատումներից, Պուտին– Փեզեշքիան հանդիպման ոչ տեսանելի հատվածում երկկողմ հարաբերությունների թեմատիկան հիմնականում հանգել է այլ` ավելի գլոբալ ծրագրերի: Արդեն կապված նաեւ «Ռուսաստան–Աֆրիկա» ֆորումի բուն գաղափարախոսության հետ: Այն է` Ռուսաստանը գնահատում է, որ Աֆրիկան դառնում է ավելի քան արագ զարգացող եւ համաշխարհային կարեւոր դերակատարություն ստացող տիրույթ եւ պատրաստվում է էապես ավելացնել համագործակցության մակարդակը: Ընդ որում, սա տեսանելի է արդեն տեւական ժամանակ, երբ Ռուսաստանը սկսեց ռազմաքաղաքական իմաստով քիչ տեսանելի բայց իրականում չափազանց ակտիվ կերպով ծավալվել աֆրիկյան տարբեր երկրներում: Այս փուլում Ֆրանսիան, որ հարյուրամյակներով ծանր ու մեծ դիրքեր էր գրավել, շտապեց բառացիորեն փախուստի դիմել աֆրիկյան տարբեր երկրներից: Այնուհետեւ մի շարք երկրներում հետեւեցին հեղաշրջման փորձեր, որոնք կանխելու հարցում կրկին ռուսական ռազմական ոչ պաշտոնական կոնտինգենտը, այդ թվում` «Վագները» միանգամայն ծանրակշիռ դերակատարություն ունեցավ: Ու ահա արդյունքը դարձավ հիշատակված ֆորումը, որտեղ Մոսկվան սկսեց նաեւ տնտեսական հարթությունում ֆիքսել այն դիրքերը,մ որոնք ձեռք է բերել հատկապես Արեւելյան Աֆրիկայում:
Ու այստեղ առաջ է գալիս ոչ պակաս կարեւոր հարց` ինչպես է Մոսկվան պատրաստվում կյանքի կոչել այդ ամբողջ պոտենցյալը, այն է` ինչ լոգիստիկաներով է ցանկանում կապվել Աֆրիկայի հետ: Ու հենց այստեղ է, որ օրակարգ է գալիս Իրանի ֆունկցիան: Այս ֆոնին, շատ կարեւոր էր ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը` «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովում` Ռուսաստանը քննարկում է Աֆրիկայի արեւելյան ափին նավահանգստային տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոնի ստեղծման հարցը։ Գնահատելով՝ իրանական փորձագետը մանրամասնում է. «Մոսկվան այդ գործընթացը պատկերացնում է որպես Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը կապող միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս։ Սա կընդլայնի առեւտրային ուղիները եւ կնպաստի Եվրասիայի եւ Աֆրիկյան մայրցամաքի միջեւ ապրանքների մատակարարմանը»:
Այսինքն, խոսքը ընդհանուր լոգիստիկ տրամաբանության մասին է. «Հյուսիս–Հարավը», հիշեցնենք, ենթադրում է Ռուսաստան–Իրան–Հնդկաստան լոգիստիկ համակարգի ստեղծում, այդ տերմինի ամենամասշտաբային իմաստով: Ընդ որում, զուգահեռաբար Իրանի միջոցով կապվելով չինական «Մետաքսի ուղու» հետ: Եվ, դատելով Ռյաբկովի ասածի տրամաբանությունից, այդ ամբողջական լոգիստիկ համակարգի համար ծրագրված է նաեւ ծովային ելք դեպի Արեւելյան Աֆրիկա: Այսիքն, գլոբալ իմաստով սա նման է ԲՐԻՔՍ-ում ընդգրկված Ռուսաստան–Չինաստան–Հնդկաստան մեծ եռանկյան կապումը աֆրիկյան ուղղության հետ, ինչպես նաեւ պարզ աշխարհագրությունն է հուշում՝ առանցքային դերակատարներից մեկը դառնում է Իրանը: Սրան դեռ կհասնեն, բայց նախապես չմոռանանք, թե այդ գլոբալ սխեմայում Ռուսաստանն Իրանի կապելու համար ինչ էական նշանակություն ունի հարավկովկասյան տիրույթը:
ԻՐԱՆՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵՄԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՈՐՈՇԻՉ
Այսպիսով, թե ինչ մեխանիզմ են ներկա պահին փորձում գործարկել Մոսկվան եւ Թեհրանը (Պեկինին չմոռանանք), ապա, ինչպես նաեւ իրանական հիշատակված աղբյուրն է գնահատում` «Այս նախագիծը պայմանավորված է ոչ միայն առեւտրով, այլեւ՝ աշխարհաքաղաքականությամբ: Ռուսաստանի համար տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը հնարավորություն է Աֆրիկայում նոր շուկաներում հենարան գտնելու, աֆրիկյան պետությունների հետ կապերը ամրապնդելու եւ արեւմտյան առեւտրային ուղիներից կախվածությունը նվազեցնելու համար։ Իրանի համար, որի միջով անցնում է Հյուսիս-Հարավ միջանցքի կարեւոր մասը, այս երթուղու ընդլայնումը բացում է լրացուցիչ հնարավորություններ տարանցման, առեւտրի եւ արեւմտյան ազդեցության ոլորտից դուրս գտնվող գործընկերների հետ կապերի ամրապնդման համար։ Այսպիսով, Ռուսաստանը եւ Իրանը ձգտում են ամրապնդել իրենց տնտեսական եւ դիվանագիտական դիրքերը Աֆրիկայում՝ զարգացնելով այլընտրանքային տրանսպորտային ուղիներ եւ ընդլայնելով համագործակցությունը Արեւմուտքից իրենց ավանդական կախվածությունից դուրս գտնվող աֆրիկյան պետությունների հետ»:
Հիշատակված մասշտաբային գաղափարն ինչքանով կհաջողվի կյանքի կոչել, դա հարցի մի կողմն է. պայքարը շարունակվում է եւ վերջնարդյունքի մասին կարելի է միայն խոսել հավանականության եւ ենթադրությունների մակարդակով: Սակայն մի շարք էական փաստեր այս պահին էլ կարելի է ընդգծել:
Նախ, «Ռուսաստան–Աֆրիկա» ֆորումի բուն գաղափարը` «Հյուսիս–Հարավ» ծրագիրն աֆրիկյան ուղղության հետ կապելու սխեմայի ուղղությամբ միանգամայն ակտիվ աշխարանքներն ընթանում են: Ընդ որում, ակնհայտորեն ոչ առանց Չինաստանի ներգրավվածության, ինչնը երաշխիք է, որ նման մասշտաբային ծրագիրն առնվազն իրագործելի է: Եվ երկրորդը. եթե նման մեխանիզմը սկսի աշխատել, ապա դա փաստացի օրակարգից հանում է ոչ պակաս մասշտաբային մեխանիզմը, որը Բրիտանիան, կամ ասենք Բրիտանական կայսրությունը ստեղծել էր հարյուրամյակներով` Ռուսաստանի շարժը դեպի հարավային ուղղություն կանխելու համար:
Ահա նման իրավիճակում, իհարկե, էլ ավելի հասկանալի է դառնում այն դրամատիկ իրավիճակը, որը ծավալվել է Իրանի շուրջ: Ավելի կոնկրետ, թե ինչ ավարտ կունենա իրանական պատերազմը, դրանով էլ պայմանավորված է դարձել, թե նորաշխարհաքաղաքական մոդել է սկսելու գործել ոչ թե միայն Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ Հնդկաստան–Աֆրիկա ուղղություններով:
Իրանական ուղղության հետ կապված, ինչպես արդեն ներկայացնելու առիթներ ունեցել ենք, այս պահին դեռ միանգամայն իրատեսական է մնում ինչպես նոր պատերազմի, այնպես էլ վերջնական հանգուցալուծման տարբերակները: Ընդ որում` բրիտանա-գլոբալիստական ուղղվածոըւթյան քարոզչամեքենան շարունակում է ակտիվացնել նոր պատերազմի թեզը` առաջին պլանում պահելով այն տեսլականը, որ ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների ավարտվելուն պես ամերիկա-իսրայելյան թեւն անմիջապես կանցնի կարճ, բայց միանգամայն ինտենսիվ նոր ռազմական փուլի` ձգտելով արագորեն լուծել Իրանի հարցը: Ընդ որում, իրանական աղբյուրները եւս միանգամայն հնարավոր են համարում այդ սխեման, ավելին, որ ամենեւին էլ չպետք է բացառել մինչեւ իսկ միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը: Եվ եթե խաղաթղթին դրված են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մի քանի հարյուր տարվա վաղեմության աշխարհաքաղաքական սխեմաների փոփոխությունը, ապա իրոք միջուկային զենքի տարբերակը չպետք է բացառել:
Այս իմաստով, տպավորիչ մեսիջ էր նաեւ Թեհրանի` Իրանի խորհրդարանական ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարի միջոցով հղված պատասխան ռեակցիան, որ Իրանի խորհրդարանը կարող է հարձակման դեպքում առաջնային կարգով ընդունել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու մասին օրենք` դադարեցնելով ամեն մի կապ ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ միջուկային ոլորտում կապեր պահպանել բացառապես Մոսկվայի եւ Պեկինի հետ` «հույս ունենալով նրանց երաշխիքների վրա», այդ թվում՝ միջուկային զենքի մշակման աջակցության հարցում։ Դիվանագիտական այս տերմինի տողատակերում մեկ բան կարելի է տեսնել` միջուկային պատասխան հարված:
Եթե ամերիկա–իսրայելյան կոալիցիան չդիմի միջուկային զենքի, ապա ամենահավանական տարբերակ է գնահատվում, որ այս նոր պատերազմը նախկիններից էապես չի տարբերվի: Ընդ որում, Իրանն ակնարկում է, որ այդ դեպքում նկատելիորեն կընդլայնվի նաեւ իր հարվածների աշխարհագրությունը եւ ուժը: Այդ թվում, հարվածներ կարող են հասցվել մինչեւ իսկ Եվրոպայում, որը միանգամայն իրատեսական է:
Ամեն դեպքում, նոր պատերազմի դեպքում պարզապես տեսանելի չէ այն մեխանիզմը, որն ԱՄՆ–ին կօգնի հաղթել: Բացառությամբ միջուկային զենքի, որի դեպքում էլ, կրկնենք, չկա պատասխան հարված չստանալու երաշխիքը:
Ամեն դեպքում, հենց այս կարգի հարցերի հետ կապված լուծումներ է, որ հնարավոր է ստանալ Պուտին–Թրամփ–Սի հնարավոր դարձած հանդիպումից:

