ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՈՒՆԸ ՁԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԻՔԸ ՉԷ. ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԻՊՈՒԿ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Երեկվա միջադեպը կրկին ցույց տվեց վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի ճանապարհով խորհրդարան հասած քաղաքական ուժերի որակը։ Երբ սպառվում է քաղաքական միտքը, սկսվում է ուրիշի անունն արատավորելու մրցավազքը։
Վերջերս հրապարակայնորեն անդրադարձել էի ընդդիմադիր պատգամավորի՝ ԱԺ ամբիոնից Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հայտարարությանը՝ հորդորելով գեներալի անունն այլևս չօգտագործել անձնական կամ կուսակցական շահաբաժին հավաքելու համար։ Երեկ էլ իշխանական թևից, մեկ այլ պատգամավորի խոցելու նպատակով, կրկին հիշատակվեց Մանվել Գրիգորյանի անունը՝ իմ գնահատմամբ ակնհայտ վիրավորական և զրպարտչական բովանդակությամբ։
Դուք միմյանց հետ հաշիվներ ունեք՝ պարզե՛ք ձեր գործերով ու ձեր պատասխանատվությամբ։ Գեներալի անունը ձեր փոխադարձ անպատվությունների մեջ մի՛ ներքաշեք։
Հայաստանի այսօրվա վիճակը վերջին երեք տասնամյակների ապիկար կառավարման ծանր ժառանգությունն է։ Նախկին ու ներկա իշխանավորնե՛ր, պատասխանատվությունն իրար վրա նետելով՝ սեփական բաժինը չեք վերացնում։ Ձեր արածն ու չարածը քաղաքական գնահատականի են արժանանալու, իսկ իրավական պատասխանատվության հիմքերի առկայության դեպքում՝ նաև օրենքով նախատեսված հետևանքների։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի մասով. նա իր կենսագրությունը կերտել է այնտեղ, որտեղ խոսքի արժեքը որոշվում էր դիրքը պահելով ու զինվորի կողքին կանգնելով։ Նա այն հրամանատարներից էր, որոնց ներկայությունը հակառակորդին նահանջ էր պարտադրում։ Նա հակառակորդին վազել սովորեցրեց։ Քառասունչորսօրյա պատերազմում մի քանի Մանվելներ ունենալու դեպքում մեր ողբերգության ընթացքը կարող էր այլ լինել,որովհետև հակառակորդին քանի որ վազել էին սովորեցրել, լողալ յսովոևեցբեին։
Գեներալի անցած ճանապարհը կարելի է քննարկել, նրա գործունեությունը՝ քննադատել։ Բայց քննադատությունը պահանջում է փաստ, իսկ մեղադրանքը՝ ապացույց։ ԱԺ ամբիոնի բարձրությունը չի բարձրացնում անհիմն խոսքի արժեքը։
Հայցում եմ հայտարարությունն արած պատգամավորից՝ սույն հրապարակմանը հաջորդող տասն օրվա ընթացքում նույն ամբիոնից հերքել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ տարածած՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։
Օրենսդիր մարմնի,առավել ևս'քաղաքական իշխանության ներկայացուցչից ակնկալվում են խոսքի ճշգրտություն, զսպվածություն և պատասխանատվություն։ Հանգուցյալի՝ անձամբ պատասխանելու անհնարինությունը որևէ մեկի անպատասխանատվության արտոնությունը չէ։
Զգուշացնում եմ բոլոր քաղաքական ուժերին. Մանվել Գրիգորյանի անունը վիրավորանքի կամ անհիմն մեղադրանքի թիրախ դարձնելու յուրաքանչյուր նոր փորձ ստանալու է հրապարակային, փաստարկված և իրավական պատասխանը՝ ձեր ակնկալածից եռապատիկ ուժով։
Գեներալի անունը ձեր քաղաքական մանրադրամը չէ։ Ձեր քաղաքական կշիռը չափե՛ք ձեր գործերով։
Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան

