Իշխանափոխությունը բավարար չէ. հիմա խնդիրն ընդդիմության դաշտում է․ Խոսրով Հարությունյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ (1992-1993 թթ.) ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
— Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կհրապարակեն Սահմանադրության նոր նախագիծը, կսկսեն այն քննարկել, ապա կուղարկեն խորհրդարան: Եթե չկարողանան համոզել ընդդիմությանը, որ ընդունի նոր Սահմանադրությունը, ապա կգնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Դուք որքանո՞վ եք իրատեսական համարում արտահերթ ընտրությունները։
— Մինչ Ձեր հարցին ուղղակի պատասխանելը, ուզում եմ լրացնել նաեւ Ձեր հարցադրումը։ Նիկոլ Փաշինյանն ասաց նաեւ, որ մենք մեր ընդդիմադիր գործընկերներին կփորձենք ապացուցել, համոզել, որ Սահմանադրության ընդունումը խիստ անհրաժեշտ է պետության հարատեւման համար։ Ինձ մոտ իսկույն հարց առաջացավ. հետաքրքիր է՝ պետություն ասելով՝ մենք ի՞նչ ենք հասկանում։ Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը պետությունը եւ իշխանությունը նույնացնում է:
Իրականում պետությունն իշխանությունը չէ, թեպետ ես հիշում եմ նաեւ՝ նույն վարչապետ Փաշինյանը մի անգամ իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասում էր՝ կառավարությունը ես եմ։ Ինձ դա հիշեցնում է Լյուդովիկս թագավորի հայտնի ասույթը՝ «պետությունը ես եմ»։ Ուրեմն, եթե խոսքը դրա մասին է, ապա ակնհայտ է մի բան, որ այդ Սահմանադրությունը դրվում է շրջանառության մեջ ոչ թե պետության հարատեւությունը երաշխավորելու կոնտեքստում կամ նպատակով, այլ Սահմանադրության ընդունումը կամ այդ նախաձեռնությունը բացառապես պայմանավորված է ադրբեջանական կողմի կոշտ պարտադրանքով։
Բոլորի համար հայտնի է, եւ բոլորովին վերջերս նորից ադրբեջանական կողմը պնդում էր, որ խաղաղության որեւէ փաստաթուղթ, պայմանագիր կամ համաձայնագիր չի կարող կյանքի ուղեգիր ստանալ, առանց նոր Սահմանադրության ընդունման: Ընդ որում, նրանք պահանջներ են ներկայացնում, որի նախաբանից պետք է դուրս բերվի Անկախության հռչակագրի վրա հղումը։ Հետեւաբար, պետք է իրերն իրենց անունով անվանենք՝ նոր Սահմանադրության շրջանառության ներդնելը բացառապես պայմանավորված է այն պարտավորություններով, որը գործող իշխանությունը ստանձնել է մեր ոխերիմ հարեւանի հանդեպ։ Սա իրողություն է:
Ի սկզբանե ակնհայտ էր, դեռեւս հունիսյան ընտրություններից հետո, որ Ազգային ժողովում քաղաքական ուժերի՝ իշխանության եւ ընդդիմության հարաբերակցությունը բավարար եւ նպաստավոր չէ հանրաքվե անցկացնելու համար: Այսինքն, պետք է լիներ քաղաքական մեծամասնություն, իսկ ուժերի այսօրվա դրությամբ առկա հարաբերակցությունը նպաստավոր չէ դրա համար։ Ընդդիմության դիրքորոշումը՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, ակնհայտ է՝ բազմաթիվ անգամ նրանք հնչեցրել են դա: Ճիշտն ասած, խիստ կասկածում եմ, թե առաջիկա շոշափելի ժամանակահատվածում քաղաքական մեծամասնությանը կհաջողվի ընդդիմությանը համոզել հակառակում եւ կորզել այն 7-8 քվեները, որոնք որ անհրաժեշտ են սահմանադրական որոշում կայացնելու համար։
Ես այն կարծիքին եմ, որ դա չի հաջողվելու իշխանությանը, թեպետ գիտեք՝ ամեն ինչ հնարավոր է։ Բայց, այդուհանդերձ, ես ենթադրում եմ, որ դա հեշտ չի տրվելու իշխանությանը: Հետեւաբար, իշխանությունը ընտրության առջեւ է՝ կա՛մ տապալել, հրաժարվել սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հանրաքվեի գաղափարից, դա նույնն է, որ հրաժարվել պարտավորություններից, որ ստանձնել են ադրբեջանական կողմի առջեւ, որը, համաձայնեք, հեշտ գործ չի լինելու իշխանությունների համար, կա՛մ, ըստ էության, գնալ արտահերթ ընտրությունների։ Արտահերթ ընտրությունների մեխանիզմը շատ պարզ է, դրա համար ես չեմ կարծում, որ իրենք չեն գնա: Առավել եւս, երբ մենք տեսնում ենք, թե ինչպիսի քաղաքական ռեպրեսիաներ են հիմա սկսվել, նույն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում։ Իշխանություններն ամեն ինչ անում են հնարավոր սցենարն իրականացնելու համար, որի մասին արդեն հնչեցրել է Փաշինյանը, որ իրենք բացառված չէ՝ գնան արտահերթ ընտրությունների: Այնպես որ, նրանք կարող են գնալ ամեն քայլի։ Հիմա այստեղ խնդիրն ընդդիմությանն է:
Ընդ որում՝ խոսքը միայն ընդդիմադիր ուժերի մասին չէ։ Խոսքը հասարակության ընդդիմադիր հատվածի մասին է՝ բոլոր այն քաղաքացիների, որոնք իրենց համարում են ընդդիմադիր: Այսինքն՝ ըստ էության, համաձայն եւ հաշտ չեն օրվա իշխանության վարած քաղաքականության հետ: Այդ քաղաքացիները, հասարակության ընդդիմադիր հատվածը, պետք է գիտակցի իր պատասխանատու դերը։ Այսպես տանը նստելով, սրան-նրան փնովելով՝ հարցը չի լուծվելու։ Նույնիսկ, եթե դուք հիմա տիտղոսավոր ընդդիմությանը ինչ անուն ուզում եք կպցրեք եւ միգուցե՝ ոչ անհիմն, դրանով ավելի վիճակը բարդացնելու եք։ Ես արդեն լսում եմ, տեսնում եմ դրա վերաբերյալ ելույթներ, հարցադրումներ: Ես գտնում եմ, որ հասարակության սթափվելու ժամանակն է։ Այլեւս ատելությամբ, միգուցե, ի դեպ, ոչ անհիմն, բայց ատելությամբ խնդիրներ չես լուծի: Նման կերպ մենք առաջ գնալ չենք կարող:
Ստեղծված իրավիճակը պահանջում է ոչ միայն իշխանափոխություն։ Իշխանափոխությունը, դա ինչպես ասում են՝ մինիմում ծրագիրն է: Շատ էական է, որ նրանք, ովքեր ձգտում են իշխանափոխության, այսինքն՝ ընդդիմությունն ունենա ստեղծված իրավիճակից առանց լուրջ կորուստների քայլ առ քայլ դուրս գալու ծրագիր: Սա է շատ կարեւոր: Տնտեսական բազմաթիվ ծրագրեր կան ընդդիմության շրջանակներում։ Բայց բոլորը պետք է գիտակցեն, որ տնտեսական, սոցիալական լավագույն ծրագրերը կարող են կյանքի կոչվել, եթե երաշխավորված է պետության անվտանգությունը։ Հետեւաբար, ընդդիմությունը հավաքական մի խնդիր ունի՝ հանդես գալ հանրության առջեւ՝ ստեղծված իրավիճակից քայլ առ քայլ դուրս գալու եւ անվտանգությունը երաշխավորող իրավական քաղաքական նախադրյալներ ստեղծելու, ձեւավորելու ծրագիր ունենալով։ Սա է, ուրիշ խնդիր չունի ընդդիմությունը։ Կանի՞դա, միգուցե եւ կհաջողվի։ Չի՞ անի, ուրեմն՝ կարող է պատահել ավելի վատ վիճակի մեջ հայտնվենք մենք։ Այսինքն, հիմա խնդիրը ընդդիմության դաշտում է։
Ընդ որում, կրկնում եմ, ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլեւ՝ հասարակության ընդդիմադիր հատվածի: Հասարակության ընդդիմադիր հատվածը պետք է ընդդիմադիր քաղաքական դերակատարներին պահանջներ ներկայացնի։ Իշխանափոխությունը բավարար չէ։ Օրինակ, ինձ համար՝ որպես երկրի քաղաքացու, իշխանափոխությունը դարդին դարման անել չի։ Ես պետք է համոզված, լինեմ, որ իշխանության եկող նոր ուժերը ստեղծված իրավիճակից առանց մեծ կորուստների, պետությունը դուրս կբերի։ Սա իրականացնելու համար մեծ փորձառություն, հմտություն, գիտելիք պահանջող թիմ է պետք։ Հետեւաբար, նման սցենար ես չեմ բացառում, բայց թե՛ հասարակությունը եւ թե՛ քաղաքական ուժերը պարտավոր են գիտակցել իրենց պատասխանատու դերակատարումը։ Մի խոսքով՝ սթափվելու ժամանակն է:
«ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ՈՉ ԹԵ ԱՆՀԱՏԻ ՇՈՒՐՋ, ԱՅԼ՝ ԾՐԱԳՐԻ, ՀԵՐԻ՛Ք Է «ՓՐԿԻՉՆԵՐԻ» ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՆՔ»
— Երկու շաբաթ առաջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե պետք է համախմբվեն ճիշտ ընդդիմության հետ եւ կյանքի կոչեն «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը, բայց այդպես էլ համախմբում չեղավ: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ:
— Ես մեծագույն հարգանք ունեմ Սամվել Կարապետյանի նկատմամբ եւ խորապես համոզված եմ՝ մի մարդ, որ նման հաջողությունների է հասել բիզնեսում, նա որոշում կայացնելու ունակություն ունի, իսկ քաղաքականության մեջ լրջագույն խնդիրը որակյալ որոշում կայացնելու կարողությունն է: Սամվել Կարապետյանն այդ ունակությունն ունի, միգուցե քաղաքական գործչին բնորոշ փորձառությունն է պակաս։ Միգուցե, սակայն սա բնական է: Մենք պետք է գիտակցենք մի շատ կարեւոր հանգամանք, այդ թվում նաեւ Սամվել Կարապետյանը, որ պետք է հավաքագրվեն ոչ թե անհատի շուրջ, այլ՝ ծրագրի։ Սա է խնդրի ամենակարեւորը մեխը։
Մենք հերի՛ք է «փրկիչների» հետեւից գնանք, մեզ ծրագիր է պետք եւ այդ ծրագիրը կյանքի կոչելու ունակ քաղաքական թիմ: Եթե չկա այդ ծրագիրը, չի լինելու այն նպատակի իրականացումը, որ հետապնդում է Սամվել Կարապետյանը: Ի դեպ, ես այդ իրավունքն ինձ վերապահում եմ՝ նման պահանջներ ներկայացնելու, քանի որ հունիսյան ընտրությունների նախաշեմին ես բոլոր ազդեցիկ ուժերին ներկայացրել եմ այդպիսի ծրագիր՝ գրավոր։ Այն փոխանցել եմ առձեռն։ Ե՞վ, ընտրությունները ցույց տվեցին եւ-ը։ Հետեւաբար, ես նորից մնում եմ իմ կարծիքին, հարկավոր է ծրագիր: Ես ցավում եմ, որ ականջալուր չեղան այն հարցադրումներին, որոնք, ես ներկայացրել եմ բոլորին, այդ թվում՝ նաեւ Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժին։
«ՆՈՒՅՆԻՍԿ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵԼ, ԵԹԵ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԷ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
— Պարոն Հարությունյան, Սամվել Կարապետյանն օրերս նաեւ խոսեց տնտեսական հեղափոխական ծրագրերի մասին, բայց արդյո՞ք սա է ամենառաջնային հարցը, որ պետք է լուծի մանդատավոր թիվ մեկ ընդդիմադիր ուժի առաջնորդը։
— Ես չեմ էլ կասկածում, որ Սամվել Կարապետյանը մեր տնտեսական համակարգը բարեփոխելու շատ լուրջ ծրագիր ունի։ Ավելին, տնտեսության կամ տնտեսական գործունեության ոլորտում նրա կապերը, միջազգային հեղինակությունը բավարար կարող են լինել բավականին լուրջ ներդրումներ ունենալու առումով: Ես այլ բան եմ ասում՝ արդյոք այդ լավագույն ծրագրերը կարելի է կյանքի կոչել, եթե քո պետության անվտանգությունը երաշխավորված չէ։ Խոսքը սրա մասին է, մնացածը հեքիաթներ են ինձ համար։ Ես դա ասել եմ վաղուց՝ դեռեւս ընտրություններից առաջ:
Լավ, ենթադրեք, թե դուք՝ հիմնական ընդդիմադիր ուժերը, չկարողացաք մեկ միասնական ցուցակով գնալ։ Կարելի է հիմնավորել՝ ինչու, որովհետեւ յուրաքանչյուրդ, ենթադրենք, ունեք տնտեսության ոլորտում ձեր սեփական քաղաքականությունը, որով տարբերվում եք մնացածից, շեշտում եմ՝ ենթադրենք։ Բայց ակնհայտ էր չէ՞, որ ձեզնից որեւիցե մեկն առանձին վերցրած, թե բոլորդ միասին չէիք կարող ձեր փայփայած տնտեսական քաղաքականությունը կյանքի կոչել, եթե դուք չունեք երաշխիքներ, որ ձեր պետությունը կամ ձեր իշխանության գալուց հետո այդ պետությունը դառնալու է անվտանգ։ Հետեւաբար, ես առաջարկում էի՝ հանդես եկեք մանիֆեստով, ասեք՝ այո, մենք միասնական մեկ ցուցակով չենք գնում, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրն ունի տնտեսական քաղաքականություն: Բայց Ազգային ժողովում հայտնվելու դեպքում՝ անվտանգության ոլորտի ծրագրի իրականացմանը բոլորս միասնաբար ձեռնամուխ կլինենք։ Նույնիսկ ծրագրի անունն էր հստակ որոշված՝ «Խաղաղության ծրագիր»։ Բայց չարվեց, մարդիկ չկարեւորեցին այդ խոսքը: Որեւէ քաղաքականություն, նույնիսկ՝ լավագույնը, չի կարող կյանքի կոչվել, եթե երաշխավորված չէ պետության անվտանգությունը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

