Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին
ՎերլուծությունԱյսպիսով, այս օրերին տարբեր պաշտոնական աղբյուրներից, այդ թվում` Փաշինյանից լսվում են ակնարկներ, որոնք հնարավորություն են տալիս մտածել, որ պաշտոնական Երեւանը սկսում է հակվել Ռուսաստանի կողմից Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու գաղափարի օգտին: Ընդ որում, մերժելով մոդուլային ատոմակայանների գաղափարը, որը գալիս է Վաշինգտոնից:
ԻՆՉ–ՈՐ ԲԱ՞Ն Է ՓՈԽՎԵԼ
Ավելին, աղբյուրները նաեւ ակնարկում են, որ ռեալ քննարկումներ այս ուղղությամբ կան, թեեւ դրանք դեռ առաջին պլան չեն գալիս: Ընդ որում, ոչ միայն ատոմակայանի, այլ նաեւ հայաստանյան երկաթուղային համակարգի կառավարման եւ սահմանային անցակետերի վերականգնման աղմուկ հանած խնդրի, ու, ընդհանրական իմաստով, հայ–ռուսական ներկայիս ծայրահեղ ծանրացած օրակարգի շուրջ: Աղբյուրները նաեւ հայտնում են, որ որոշակի դինամիկա, իհարկե` նախնական, այս պահին կա, ինչը, ի դեպ, հնարավորություն է տալիս, որ որոշ արգելված հայկական ապրանքներ, ճիշտ է, առանց բարձրաձայնելու, բայց մտնեն ռուսական շուկա: Ու եթե լինի վերջնական համաձայնություն, ապա դա հիմք կդառնա Փաշինյանի` խոստացված բայց դեռ «կախված» վիճակում գտնվող մոսկովյան այցի համար, որի տակ պետք է դրվեն շատ կոնկրետ փաստաթղթեր: Այլապես, պարզապես այդ այցը դառնում է անիմաստ:
Այս ֆոնին, այլ տեսանելի մեսիջներ եւս ի հայտ են գալիս: Օրինակ, ՄԱԿ–ում Հայաստանի պատվիրակությունը երաշխիքներ է ներկայացնում Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման եւ նոր ատոմակայանին անվտանգ ծրագրի եւ պատասխանատու իրականացնելու գործում: Ու չմոռանանք, որ առանց ռուսների գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման մասին խոսք անգամ չի կարող լինել: Իսկ ահա Միրզոյան Արոն, այն էլ` COP17-ի շրջանակներում հանկարծ հայտարարեց. «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, քննարկումները գնահատում եմ կառուցողական, խնդիրները գնահատում եմ լուծելի։ Բոլոր մակարդակներում, որոնք ինձ հայտնի են, գնահատում եմ լուծելի եւ կառուցողական»: Լո՞ւրջ. իսկ Հայաստանի ԵՄ գնալու հարցը հայ–ռուսական հարաբերությունների տեսանկյունից «լուծելի եւ կառուցողակա՞ն» է, թե՞ Միրզոյանն ակնարկում է, որ նման հարց իրականում այս պահին գոյություն չունի:
Մի խոսքով, այս եւ նման մի շարք այլ մեսիջներ հուշում են, որ Նիկոլյան թիմը կարող է եւ գնալ աշխարհաքաղաքական շրջադարձի` ակտիվացնելով ռուսական ուղղությունը: Դա, իհարկե, որոշակի տրամաբանություն ունի, ավելի կոնկրետ, ինչպես քանիցս ենթադրել ենք, ներկա աշխարհաքաղաքական իրողությունները պարզապես այլ տարբերակ չեն թողնում: Այսպես, մի կողմից, օրինակ, ընդհանուր իրավիճակը հասել է նրան, որ արդեն անգամ Ալիեւն է պատրաստակամություն հայտնում նորից «Գազպրոմից» գազ գնել: Ամեն դեպքում, այդ մասին Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը պաշտոնապես հայտարարեց. «Կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր համագործակցությունն այնպիսի հսկայի հետ, ինչպիսին «Գազպրոմն» է, շատ ճիշտ օրինակ է, որովհետեւ, հավանաբար, SOCAR-ը աշխարհում միակ ընկերությունն է, որը սկզբում գազ էր գնում «Գազպրոմից», հետո գազ էր մատակարարում «Գազպրոմին»։ Հիմա կրկին ուզում ենք գազ գնել «Գազպրոմից»: Ընդ որում, «Ռուսական էներգետիկական շաբաթ» ֆորումի ընթացքում, այսինքն, եթե Ադրբեջանը վերսկսել է մասնակցել նման միջոցառումների, դա արդեն իսկ հետաքրքիր ազդակ է:
Ու եթե վիճակն այնպես է,որ անգամ Ադրբեջանն է «Գազպրոմից» գազ գնում, դա լուրջ հարված է Հայաստանում ներմուծված այն կործանարար սխեմային, որ եթե ռուսները մեզ գազ չտան, Ադրբեջանից կգնենք: Իսկ դա էլ իր հերթին նորից Նիկոլին է այս իրողության առաջ կանգնեցնում. կա՛մ գնում է ռուսական էժան գազ, կա՛մ գնում է ռուսական շատ թանկ գազ կա՛մ Հայաստանն առհասարակ գազ չի ունենում: Բնականաբար, այդ ամեն մի կետի տակ հստակ քաղաքական իրավիճակ է դրվելու: Ընդ որում ֆիքսենք. գազն այստեղ ընդամենը օրինակներից մեկն է, ընդհանրական իմաստով խոսքը ողջ տնտեսության մասին է, ու ոչ միայն տնտեսության: Իսկ դա ազդակ է, որ գոնե ներկա իրողությունների պարագայում փաշինյանական թիմի համար նորից նախապատվելի դառնա, մասնավորապես, ռուսական ատոմակայանի կառուցումը:
COP17-Ի ԱԶԴԱԿՆԵՐԸ
Այլ ազդակներ եւս տեսանելի են դառնում: Իհարկե, հայաստանյան իշխանավորներն ու անձամբ Փաշինյանը փորձում է այս օրերին ընթացող COP17-ը ներկայացնել որպես ինչ-որ աշխարհացունց ձեռքբերում: Իրանակում քաղաքական իմաստով իրենից քիչ բան ներկայացնող այս միջոցառումը, այսպես ասենք, գլոբալիստական նվերն էր հայաստանյան ներկա իշխանավորներին. սա պետք է դառնար դեպի ԵՄ Հայաստանի շարժի ցուցիչներից մեկը: Բայց այն կազմը, որը փաստացի մասնակցեց այս միջոցառնանը, իհարկե, այդքան էլ տպավորիչ չէր: Չնայած, նախապես ենթադրվում էր ավելի բարձր կազմի ներկայություն, այդ թվում`մի քանի եվրալիդերների տեսքով: Սակայն իրավիճակը, որը ներկա պահին տիրում է Եվրոպայում, դրա հնարավորությունը չի տալիս: Հիմնական կուրատորներից մեկի` Մակրոնի մոտ վիճակը ծայրահեղ վատ է. Ֆրանսիան, բառի բուն իմաստով, այս օրերին կրակների մեջ է, Փարիզը սկսել է հիշեցնել ռազմաճակատային քաղաք: Ու այս ամենի պատճառը, ինչպես չվարանեց հրապարակավ ներկայացնել նաեւ Թրամփը, ֆրանսիական գործող իշխանություններն են: Թե ուր կտանի այդ իրավիճակը, առավել եւս, երբ այդ հրդեհը սկսել է բորբոքվել նաեւ եվրոպական այլ երկրներում, այլ հարց է: Սակայն փաստն այս պահին այն է, որ դեռ նույնիսկ մինչեւ գալիք տարվա ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունները Մակրոնը կարող է կորցնել աթոռը: Այսինքն, միանգամից կզրոյանան նաեւ այն բոլոր հույսերը, որոնք Փաշինյանը կապում էր Ֆրանսիայի հետ: Ու ամբողջ հարցն այն է, որ նույն դինամիկան է նաեւ մյուս եվրոպացիների հետ հարաբերություններում:
Կարճ ասած, բոլոր եվրախոստումները, այդ թվում` հայաստանյան բոլոր ապրանքները ընդունել–վաճառելու մասին, դառնում են շատ ավելի մշուշոտ, եթե ոչ` «գրվում են սառույցին»: Իսկ նման իրավիճակում, իհարկե, ռուսական շուկան անգամ Միրզոյան Արոյի համար է նորից «քաղցր դառնում»:
ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Բայց ասել, թե սա խաղավարտն է, եւ Հայաստանը, ով էլ ղեկավարի, ստիպված է լիովին վերադառնալ դեպի ռուսական ուղղություն, դեռ տեղին չէր լինի: Կա եւս մեկ էական գործոն` իրանական թեման, որի վերջաբանը եւս էական ազդեցություն է ունենալու ոչ միայն հայաստանյան իշխանությունների վերջնական դիրքորոշումների, այլ` տարածաշրջանի ապագայի վրա:
Մինչդեռ իրանական ուղղությամբ այս պահին դեռ հստակեցումները չկան: Ավելին, անգամ իրանական աղբյուրներն են շարունակաբար ազդարարում, թե դեռ մի վերջին պատերազմ, այն էլ` ամենակատաղին սպասվում է: Եվ ոչ միայն իրանական. վերջին օրերին արաբական մի շարք երկրների ղեկավարներ կոչ արեցին իրենց քաղաքացիներին՝ պատրաստ լինել վատթարագույնին: Իսկ ահա Իրանում մռայլ նախազգուշացում հնչեցրեց նաեւ պետական հեռուստատեսության՝ IRIB-ի առաջին ալիքով, որը կարելի է համարել իշխանական «կիսապաշտոնական» հայտարարությանը համազոր. IRIB կոչ է արել Իրանի ժողովրդին. «Պատրաստ եղեք պատերազմի»: Եվ դա մեկնաբանելով՝ իրանցի փորձագետը գրում է. «Վերջին մարտը։ Կա´մ ամեն ինչ մերը կլինի, կա´մ հին աշխարհի նույնիսկ մոխիրը չի մնա։ Երդվում եմ, որ վերջնական պատերազմը աննախադեպ կլինի իր մասշտաբով եւ կործանարար ուժով։ Այն բառացիորեն ամբողջ տարածաշրջանը կվերածի կրակի ծովի։ Քանի որ այս պատերազմում կորոշվի գոյության հարցը՝ ով կգոյատեւի, եւ ով կդադարի գոյություն ունենալուց։ Եվ այս պատերազմն արդեն շատ մոտ է: Եթե նոր հարձակում լինի, տարածաշրջանի քարտեզը կփոխվի։ Սա կհանգեցնի Արեւմտյան Ասիայի հաճախորդ-պետություններում ռեժիմի լիակատար փոփոխության»։
Եթե սրան ավելացնենք այն լուրերը, որ ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ սկսել է կենտրոնացնել նաեւ իր ամենածանր ոչ միջուկային զինատեսակները, այդ թվում` «բոլոր ռումբերի մայր» GBU-43/B կամ MOAB գերծանր ռումբը, ապա պատկերն իրոք դառնում է մռայլ:
Մյուս կողմից էլ, Լավրովն այս օրերին Մերձավոր Արեւելքում էր, նախ` արաբական երկրներում, ապա` Իրանում: Թեեւ այցի հիմնական մասը մնաց «մշուշոտ», սակայն դա էլ ավելի է մեծացնում այն նախնական ենթադրությունենրի հավանականությունը, որ այցի բուն իմաստը միջնորդությունն էր: Ու դատելով փաստից, որ Պուտինի եւ Թրամփի վերջին հեռախոսազրույցում նորից օրակարգում հայտնվեց իրանական հակամարտության հարցով ռուսական միջնորդության թեման, կարելի է ենթադրել, որ Լավրովը գործում էր հենց այդ տրամաբանության շրջանակներում:
Մի խոսքով, ամենամոտ ժամանակներս ամեն բան շատ ավելի հստակ կյդառնա` տարածաշրջանը գնո՞ւմ է նոր, ավելի սարսափելի պատերազմի: Ընդ որում ասել, թե նույնիսկ ամերիկացիների «բոլոր ռումբերի մայրը» այդ վիճակում կարող է ռազմական բալանս փոխել, այդքան էլ ճիշտ չէ:
Թե՞ ամեն բան տեղափոխվում է տարածաշրջանը «կիսելու» ուղղությամբ: Այս տարբերակի դեպքում նաեւ հայաստանյան, ավելին` հարավկովկասյան ուղղությամբ է ամեն բան դառնում կանխատեսելի:

