«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան

Ներքաղաքական

Ներքաղաքական վերջին զարգացումների եւ աշխարհաքաղաքական վայրիվերումների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։

«ԵԹԵ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՀԱՄԱԽՄԲԵԼ, ՊԵՏՔ Է ԱՆԵԻՆ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

— «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը կրկին հայտարարել է, թե համախմբելու են ընդդիմադիր շատ ուժերի։ Իսկ թե որ ուժերի մասին է խոսքը, նա ընդգծել է. «Համախմբելու ենք ճիշտ ուժերի, ովքեր իրոք ընդդիմադիր են»: Դուք՝ որպես բոլոր ժամանակներում ընդդիմադիր գործիչ, ո՞րն եք համարում ճիշտ ու սխալ ընդդիմություն։

— Ես չէ, որ պետք է համարեմ ճիշտ ու սխալ ընդդիմություն։ Դա համարում է մեր քաղաքացին, եւ ինքն է որոշողը։ Բացարձակապես ցանկություն չունեմ գնահատականներ տալու Սամվել Կարապետյանի հայտարարությանը։ Մեր կուսակցությունը շարժվում է իր օրակարգով, մենք չենք մեկնաբանում ուրիշ կուսակցությունների նախագահների հայտարարությունները։

— Իսկ առհասարակ խորհրդարանական ընտրություններից հետո խոսել համախմբման օրակարգի մասին, որքանո՞վ է այս պահին ակտուալ։

— Դա իրենց խնդիրն է։ Կարծում եմ՝ եթե իրենք կարող էին համախմբել հասարակությանը, առաջին հերթին պետք է անեին Ազգային ժողովի ընտրություններին, որը չարեցին կամ չկարողացան անել։ Դրա համար չեմ ցանկանում քննարկվող թեմայի մեջ այս պահին առավել խորանալ։ Նաեւ կարծում եմ, որ ժամանակը եւ ժողովուրդն իր գնահատականը տվել է արդեն եւ կտա։

Հիմա ընդդիմությունը վատն է, լավն է, ես ուզում եմ նման ընդդիմություն, չեմ ուզում, մյուսն է ուզում կամ չի ուզում, իրենք են թեման բացել, թող իրենք էլ քննարկեն։ Իրենք առանձին կուսակցություն են, կարող են կոչ անել համախմբման, բայց մենք նման միավորումների միանալու ցանկություն չունենք։

— Ամեն դեպքում, Սամվել Կարապետյանն ասում է, որ ինքը լավ գիտի՝ որն է ճիշտ ընդդիմություն, որը՝ սխալ։ Ո՞վ է տվել նրան մենաշնորհ ընդդիմադիր դաշտում քաստինգ անցկացնելու։

— Դա արդեն պետք է Սամվել Կարապետյանին հարցնեք, ինձ ինչո՞ւ եք հարցնում։ Սամվել Կարապետյանը, եթե գիտի, ով է «լավ» ընդդիմություն, թող համագործակցի այդ «լավ» ընդդիմության հետ։

«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԹՈՂ ՉՓՈՐՁԻ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՑԵԼ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՎՐԱ»

— Պարոն Բաբայան, ԱԺ ընտրություններում իր պարտության մեջ Սամվել Կարապետյանը մեղավորության սլաքներն ուղղում է այն քաղաքական ուժերի կողմը, որոնք, իր ձեւակերպմամբ, ամբիցիաներ դրսեւորեցին՝ մասնակցելով ընտրություններին եւ ձայներ փոշիացնելով։ Ի՞նչ կասեք՝ որպես ընտրություններին մասնակցած քաղաքական ուժի ղեկավար։

— Ընդհանրապես չեմ կիսում իր այդ կարծիքը, որովհետեւ որեւէ ուժ հաղթելու համար չի փորձում մեղադրել մյուսներին եւ չհաղթելու դեպքում՝ առավել եւս։ Նույն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մյուս կուսակցությունները, որոնք եկել են իշխանության, չեն նայել՝ ո՞վ է իրենց հետ համագործակցելու կամ ո՞վ է միանալու, ո՞վ չի միանալու, իրենք իրենց օրակարգն են ունեցել։ Եթե նա ուզում էր վարչապետ դառնալ եւ մեծամասնություն վերցնել, խնդիրը ո՞րն էր։ Հաղթողը կհաղթի, չի նայի, թե ով է մասնակցել, ով չի մասնակցել։ Հետեւաբար, կարծում եմ, անհիմն են այդ հայտարարությունները։

Մենք այդ ընտրարշավին մասնակցել ենք, տեսել ենք այդ ամենի խորը բովանդակությունը ու մի օր անպայման ես դրա մասին կխոսեմ, թե իրականում ինչ մեթոդներ եւ տեխնոլոգիաներ են իրականացվում կամ գործադրվում այն ժամանակ, երբ մարդիկ ռեսուրսով փորձում են ամեն ինչ անել, որ իրենք գան իշխանության, կամ ինչպես են իրենց ռեսուրսով փորձում մյուսներին նսեմացնել։ Բայց այս պարագայում, գիտեք, արդեն բավականին ուշ է ինչ-որ բաներ խոսել ընդհանրապես։ Դրա համար ասացի, որ ցանկություն չունեմ մեկնաբանություններ տալու։

— Ամեն դեպքում, Սամվել Կարապետյանն իրեն պարտված չի համարում, ասում է, թեպետ չեն հաղթել, բայց նաեւ չեն պարտվել, այսինքն՝ նպատակը ուղղակի խորհրդարանական ընդդիմություն դառնա՞լն էր եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնե՞լը։

— Ես էլի եմ կրկնում՝ այդ հարցն ինձ թվում է՝ առիթ պետք է գտնեք իրեն տաք, թե ինքը ինչ նպատակ ուներ ընդհանրապես եւ ինչի՞ վրա էր այդքան վստահ։ Իսկ մնացած առումներով, էլի եմ ասում, բացարձակ հաջողություն եմ մաղթում բոլոր ուժերին, ովքեր մասնակցել են ընտրություններին, ովքեր պայքարում են հիմա, թող հաջողությամբ պսակվի իրենց գործունեությունը։ Բայց որեւէ մեկը թող մյուսների վրա մեղավորություն չփորձի գցել, որովհետեւ առնվազն առաջին հերթին կոռեկտ չէ, երկրորդ հերթին արդար չէ։

«ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՊՐՈՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐ»

— Անդրադառնանք իշխանությանը․ ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական են, իսկ խնդիրները՝ լուծելի։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ փոխվեց ՔՊ-ի հռետորաբանության մեջ, չէ՞ որ ընդամենը մեկ ամիս առաջ հենց իրենք էին Ռուսաստանին մեղադրում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու եւ այլ մեղքերի մեջ։

— Փոխվելու համար շատ հանգամանքներ կան։ Առաջին հերթին, կարծում եմ, դա կապված է ԱՄՆ նախագահի Թրամփի վերաբերմունքի հետ ուկրաինական պատերազմին։ Ուկրաինական պատերազմը շատ կարեւոր ցուցիչ է այս հարցերում։ Պատերազմի ավարտն արդեն երեւում է, եւ բնական է, որ Ռուսաստանն իր գերակայությունը ապահովելու է այս պատերազմում։ Եվ Թրամփի վերջին քայլերը ցույց են տալիս, որ Հայաստանը, ունենալով ռազմավարական համագործակցություն նաեւ Միացյալ Նահանգների հետ, չի կարող հիմա շարունակել այն դիրքավորումները, որը փորձում էր իրականացնել մինչ այժմ։ Հիմա պետք է նոր իրավիճակ ստեղծվի ե՛ւ աշխարհում, ե՛ւ տարածաշրջանում։

Եվ, ընդհանրապես, ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ինչ-որ մեկը հակառակ հայտարարություն չի էլ արել այսքան ժամանակ, եթե նկատել եք։ Իհարկե, տարբեր կալիբրի մարդիկ տարբեր հայտարարություններ հնչեցրել են, բայց Հայաստանի պետական քաղաքականությունում լրջագույն փոփոխություններ չեն եղել։ Ու նման փոփոխություններ, ըստ էության, չեն էլ լինելու։

— Ի հեճուկս իշխանության՝ մանդատավոր ընդդիմությունն էլ արեւմտամետ դիրքերից է սկսել հանդես գալ։ Օրինակ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն ասում է, որ իրենց կուսակցության ռազմավարությունը միտված է Եվրոպայի հետ խոր ինտեգրմանը։ Իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը նշում էր, որ իրենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չեն ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Եթե հետեւենք այդ իրադարձություններին` Ձեր ասած տրամաբանությամբ, պետք է արձանագրենք, որ, ցավոք սրտի, մեր հանրությունը չի կարողանում ընկալել իրողությունը։ Ձեր ասած ուժերից «Հայաստան» դաշինքին եւ ՀՀ երկրորդ նախագահին հասարակությունը միշտ դիտարկել է որպես պրոռուսական, եւ հետո էլ արդեն, ավանդույթի համաձայն, այդ նույն պրոռուսականությունը փորձել է պրոյեկտել Սամվել Կարապետյանի ստեղծած ուժի վրա։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ ցանկությունն ու իրականությունը եւ այն, ինչ իրենք իրենցից ներկայացնում են, լիովին տարբեր բաներ են, որովհետեւ մենք տեսել ենք դա իրական քայլերի տրամաբանության մեջ եւ այդ վերջին ձեր նշած հայտարարությունները դրա մասին են խոսում։

Հայաստանի Հանրապետության խորհրդարանում գոյություն չունեն, այսպես ասած, պրոռուսական ուժեր։ Շեշտում եմ՝ ես չեմ համարում, որ Հայաստանի խորհրդարանում կա որեւէ պրոռուսական քաղաքական ուժ։ Նման բան չկա։ Ինչո՞ւ են մարդիկ այդպես կարծում, երեւի, որոշ տեղերում ռուսերեն են խոսում կամ ռուսերեն տելեգրամյան ալիքներ ունեն, մտածում են՝ ռուսամետ են։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան