ՔՊ-ական ռասիզմ
ՆերքաղաքականՇիրակի մարզպետ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ սոցցանցում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կարապետյանների «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած «Գյումրու օր» տոնակատարությանը։
«Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, եւ ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։ Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը», - գրել է Առուշանյանն ու, որպես հետգրություն, հավելել․ «Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։ Գաստրոլյորներ, զգույշ եղեք...»։
Հարց է առաջանում՝ ի՞նչ է այդ «Նիժնի Տաբորը» եւ ո՞ր աշխարհագրական քարտեզի վրա է այն տեղակայված։ Ամենայն հավանականությամբ, այն ոչ թե աշխարհագրական քարտեզի, այլ Առուշանյանի երեւակայության մեջ է տեղակայված, որովհետեւ իրականում նման վայր գոյություն չունի։ Իսկ ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար, ընդամենը պետք է աշխարհագրության մասին տարրական գիտելիքներ։
Հիշեցնենք, որ ժամանակին էլ Նիկոլ Փաշինյանն էր հիշատակում Կալուգայի գոյություն չունեցող «Նիժնի Տաբոր» գյուղի մասին եւ բանը հասավ նրան, որ Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան անձամբ հերքեց։
«Նման գյուղ մենք չունենք, փոխարենը ունենք Դոբրինո, եւ այնտեղ ոչ թե հեքիաթներ են, այլ իրական հատուկ տնտեսական գոտի», - նկատել էր Շապշան եւ ընդգծել, որ Կալուգայի մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալը գրեթե կրկնակի գերազանցում է Հայաստանի նույն ցուցանիշը։
Այսքանից հետո՝ Առուշանյանին մնում է խորհուրդ տալ, որ մի երեւակայական վայրի մասին խոսելուց առաջ՝ նախ հստակեցնի դրա գոյությունը, հետո միայն Գյումրին դրա հետ համեմատի։ Եվ ամենաուշագրավն այն է, որ սույն անձն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետը՝ այդպես էլ աշխարհագրություն չսերտելով։
Ինչեւէ, ավելի խնդրահարույց է Առուշանյանի «գյումրեցին՝ ձեր Իվանը չէ» ձեւակերպումը։ Իվանը ռուսական տարածված անուն է, բայց երբ այն քաղաքական խոսքում օգտագործվում է որպես հավաքական պիտակ՝ մարդկանց վերագրելով որոշակի ազգային ինքնություն կամ կարծրատիպային բնութագիր, խոսքը պարզապես անհաջող համեմատության մասին չէ։ Այդպիսի ձեւակերպումը կարող է ընկալվել որպես ազգությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքի, իսկ տվյալ համատեքստում՝ նաեւ ռասիստական խոսույթի դրսեւորում։ Այն էլ Գյումրիում, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությամբ պայմանավորված՝ հաստատ իվանների պակաս չկա։ Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածն արգելում է խտրականությունը, այդ թվում՝ ռասայական եւ էթնիկ ծագման հիմքով։
Եվ, ընդհանրապես, ո՞վ է խոսում գյումրեցիների անունից, սա էլ առանձին ուշադրության արժանի թեմա է։ 2025 թվականի մարտի 30-ին կայացած Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Սարիկ Մինասյան) ստացել է 17,183 ձայն (կամ ձայների 36.24%-ը): Հետեւապես, Գյումրիում իշխանությունից զրկված ՔՊ-ական մարզպետն ի՞նչ հիմքով է խոսում գյումրեցիների անունից։ Կամ նույն Առուշանյանն ո՞ւմ է համարում հյուր՝ Գյումրիի օրվա տոնակատարությանը, երեւանցիների՞ն։ Նախկին-ներկա, սեւ ու սպիտակ, ղարաբաղցի-հայաստանցի թեմայից հիմա էլ կտրուկ անցում են կատարում գյումրեցի ու երեւանցի բաժանումների՞ն, հերիք չէ՞ մի բուռ ազգին պառակտելը։
Վերջիվերջո, Գյումրին ո՛չ քաղաքական բեմի դեկոր է, ո՛չ էլ միատարր հանդիսատես։ Գյումրեցիները տարբեր հայացքներ ու համոզմունքներ ունեցող քաղաքացիներ են։ Նրանց անունից խոսելու կամ նրանց հավաքական կերպար ստեղծելու հավակնությունը նույնքան վիճելի է, որքան գյումրեցիներին ռասիստների վերածելու փորձը։
Ինչ վերաբերում է տոնակատարության մասին դժգոհություններին, այս թեման էլ ավելի սյուռ է։ «666»-ը ճակատին խփած ռեփեր Մորգենշտերնի առաջ Մարզահամերգային համալիրի դռները բացած եւ 44 օրյա պատերազմի տարելիցին Հանրային հեռուստատեսության եթերում ռաբիս ժանրի երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակող իշխանությունը ավելի է լավ է տիեզերք թռչելուց խոսի, քան ճաշակից ու մակարդակից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

