Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արսեն Լեվոնյանը գրում է.
Հարգելի՛ ուսուցիչ, հարգի՛ր ինքդ քեզ։
Ուսուցչի անունն ու կատարած աշխատանքը գին չունեն։ Բայց ցավալի է, որ տարիների ընթացքում ուսուցչի դերն ու հեղինակությունը հասարակության մի հատվածի աչքում կարծես արժեզրկվել են։
Այսօր դպրոց է գալիս ոչ միայն գիտելիքի կարիք ունեցող երեխան, այլև մի միջավայրից եկող երեխա, որտեղ երբեմն բացակայում են տարրական դաստիարակությունը, հարգանքը և պատասխանատվության զգացումը։ Եվ այդ ամենի հետևանքները հաղթահարելու, երեխային կրթելու ու դաստիարակելու ծանրագույն աշխատանքը հաճախ մնում է ուսուցչի ուսերին։
Ուսուցիչը ստիպված է լինում ոչ միայն գիտելիք փոխանցել, այլև լրացնել այն բացերը, որոնք պետք է լրացվեին ընտանիքում։ Իսկ երբեմն ծնողը, փոխանակ իր վրա վերցնելու սեփական պատասխանատվությունը, ուսուցչից պահանջում է անհնարինը՝ առանց հասկանալու, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվում դասարանի ներսում։
Եվ այս ամենի վերջում գալիս է ծնողը՝ մի ծաղիկով կամ փոքրիկ նվերով՝ կարծես դրանով արտահայտելով իր երախտագիտությունը։ Բայց երբ այդ նվերը հետագայում դառնում է հիշեցման, պահանջի կամ նույնիսկ վիրավորանքի առիթ, այն այլևս երախտագիտություն չէ։
Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ։
Եթե նվերը մի օր պետք է հիշեցվի, եթե դրա դիմաց քեզանից ինչ-որ բան են ակնկալելու, ավելի լավ է՝ չընդունես այն։ Եթե ծնողը ցանկանում է շնորհակալություն հայտնել, թող դա անի հարգանքով, իր երեխայի ճիշտ դաստիարակությամբ և քո աշխատանքի արժևորմամբ։
Ուսուցչին պետք չէ մեկ օրվա ծաղիկ։ Ուսուցչին պետք է ամենօրյա հարգանք։
Մի՛ սպասիր, որ հասարակությունը կվերականգնի քո հեղինակությունը, եթե դու ինքդ չպաշտպանես քո մասնագիտական արժանապատվությունը։
Ծաղիկը կթառամի, նվերը կմոռացվի, բայց քո արժանապատվությունը չպետք է երբեք արժեզրկվի։
Հարգե՛ք ձեզ, հարգելի՛ ուսուցիչներ։ Ձեր աշխատանքի արժեքը շատ ավելին է, քան ցանկացած նվեր։

