Իսկ ո՞վ է հիմարը. «Ընթրիք հիմարի հետ» պիեսը խորհելու առիթ է տալիս
Շոու բիզնեսԿայացավ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» հայտնի ստեղծագործության նոր բեմադրության առաջնախաղը։ Ներկայացումն առանձնահատուկ էր նոր մոտեցմամբ՝ ժամանակի շունչը չանտեսելով:
Գլխավոր դերերում հանդես եկան Սոս Ջանիբեկյանը, Մհեր Մխիթարյանը, Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը, Մարիամ Ադամյանը, Լեւոն Հախվերդյանը, Լուիզա Մելքոնյանը, Արթուր Մանուկյանը։ Սցենարի հեղինակներն էին Վան Գրիգորյանը, Արման Սարգսյանը, Մհեր Մխիթարյանը։ Բեմանկարիչները՝ Արեւ Պետրոսյանը եւ Արման Սարգսյանը, պրոդյուսերներ՝ Արման Միտոյան, Արման Սարգսյան։
«Տպավորություններս շատ լավն են: Իհարկե, առաջնախաղի ժամանակ բոլորը լարված են լինում, բայց դա չխանգարեց, որ դերասանական կազմը փայլի: Շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալ խաղի համար»,- անկեղծացավ ռեժիսոր ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ հավելեց, որ անգամ դերասանական կազմը ընտրելու հարցում բարդություններ չի ունեցել:
«Շատ հեշտ ընտրվեց դերասանական կազմը: Ամեն մեկին իր դերում պատկերացրել եմ եւ երբ հավաքվեցինք առաջին փորձն անելու համար, հասկացա, որ ամեն մեկն իր ճիշտ տեղում է գտնվում», - նշեց նա:
«Իրավունքի»-ի հարցին, թե ինչու հենց ընտրվեց հենց այս պիեսը, ռեժիսորը պատասխանեց, որ Վեբերի «Ընթրիք հիմարի հետ»-ից ներկայացում ստանալու միտքը վաղուց ուներ: Նույնիսկ ֆիլմ նկարելու նպատակ կա․ «Սկզբում որոշեցի բեմականացումն անել՝ հանդիսատեսի կարծիքը հասկանալու համար, նոր մտածել ֆիլմի մասին»։
Հարկ է նշել, որ պիեսում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ժամանակակից շունչ են տվել պիեսին՝ պահելով դրամատուրգիան եւ հիմնական ֆորմատը: Ըստ ռեժիսոր Արման Սարգսյանի, պիեսի սցենարի վրա աշխատել են չորս ամիս:
Դերասան ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ «Իրավունքի»-ի հետ զրույցում խոսեց իր հույզերց. «Տպավորություններս թարմ են եւ դեռ չեմ վերլուծել դրանք, բայց հանդիսատեսը շատ լավն էր եւ իրենց ներքին լիցքերը անգամ բեմից էի զգում»:
Հարցին, թե որեւիցե փոփոխություն կկատարե՞ր սցենարի մեջ, Ջանիբեկյանն ասաց, որ դրա կարիքը բոլորովին չկա, քանի որ պիեսի վրա աշխատել են այնպիսի սցենարիստներ, որոնք դասական գործի լավագույն տարբերակն են մատուցել:
«Ինչպես միշտ, սկզբում ես լարված եմ լինում, որովհետեւ ամեն անգամ բեմ մտնելուց սիրտս սովորականից ավելի է խփում, բայց հետո անցնում է: Դրանում օգնում են նաեւ խաղընկերներս իրենց պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ»,- անկեղծացավ Ջանիբեկյանը:
«Պիեսը լավն է, հայաֆիկացված։ Սա իմ առաջին բեմելն է թատրոնում։ Դերասանական կազմը շատ լավն է, իսկ Մհերն ու Սոսը հիմնական ծանրությունն իրենց վրա վերցրին ու առաջ տարան ներկայացումը»,- ասաց դերասան ՏԱՐՈՆ ԻՍՊԻՐՅԱՆԸ (ՊՈՆՉ), որը մարմնավորում էր ՊԵԿ-ի աշխատակցի կերպարը։
Հանդիսատեսը կարող է ներկայացումը դիտել նաեւ հոկտեմբերի 22-ին։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

