Ուսուցչի ինստիտուտը վերջին տարիներին վերածվել է սոցապ համակարգի. ով ուզում է, մտնում է համակարգ ու դասավանդում, մրցակցություն չկա. Կրթության փորձագետ
ՀանդիպումՍեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում ուսուցչուհին ծեծի էր ենթարկել 2-րդ դասարանի 7-ամյա աշակերտուհուն։ Դեպքի շուրջ բարձրացած մեծ աղմուկից հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, թե կքննարկվի ուսուցչուհու՝ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հարցը: Ապա Քննչական կոմիտեն հաղորդեց, որ ուսուցչուհուն 2 ամսով տնային կալանք են սահմանել։ Երեխային հարվածելու փաստը տեսագրվել էր դպրոցի միջանցքում տեղադրված տեսախցիկով. երեխայի բողոքից հետո մայրը դպրոցի տնօրենից վերցրել էր տեսագրությունը, որից հետո այն հանրայնացվել էր և հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։
Նման դեպքի մասին հայտնի դարձավ նաև այսօր ՆԳՆ հաղորդագրությունից, որի համաձայն՝ Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում 55-ամյա ուսուցչուհին դասապատրաստման ժամանակ մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում: Ուսուցչուհու արարքը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը, որը ներկա է եղել դասապատրաստմանը, և տեսագրությունն այնուհետև ցույց է տվել մորը։ Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ, սակայն, հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ Նույն օրը 55-ամյա կինը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժին։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ.
-Դպրոցներում ուսուցիչների կողմից այսպես կոչված բռնության գործադրումը տասնյակ տարիներ եղել է մեր վարքային մշակույթի անբաժան մասը. պարզապես քանի որ հիմա գաղտնի նկարահանման հնարավորություններ կան, և դպրոցներում տեսախցիկներ են տեղադրված, նման որոշ դեպքերի մասին հասարակությունն իմանում է հանրայնացված տեսագրությունների միջոցով։
Մեզանում նման դեպքերը եզակի չեն, պարզապես երեխաների և ծնողների մեծ մասը չի ահազանգում նման փաստերի մասին։ 20-30 տարի առաջվա վիճակագրության հետ համեմատելու դեպքում այսօր վիճակագրությունն անհամեմատ հուսադրող է, նման դրսևորումների թիվը զգալիորեն նվազել է։ Սա պայմանավորված է մարդկանց կենսամակարդակի քիչ թե շատ բարձրացմամբ և մտածելակերպի փոփոխությամբ. մարդիկ ավելի պահանջատեր են դարձել, նոր սերունդը չի հանդուրժում, երբ իրեն խփում են կամ վիրավորում, և կարող է բողոքել ու դժգոհել։ Նախկինում լինում էին դեպքեր, երբ ծնողն ինքն էր ուսուցչին ասում, թե լավ է արել, որ երեխային ծեծել է, քանի որ ծեծը դաստիարակության ազդեցիկ միջոց էր համարվում։ Դպրոցներում ուսուցիչների կողմից աշակերտների հանդեպ բռնության և նվաստացման դրսևորումները կանխելու համար առաջին հերթին հարկավոր է կտրուկ բարձրացնել մարդկանց կենսամակարդակն ու կրթական մակարդակը և հոգ տանել հասարակության բարեկեցության մասին։ Բարեկեցիկ հասարակություններում նման երևույթներն անհամեմատ քիչ են լինում, բայց դրանք ընդհանրապես բացառել հնարավոր չէ. անգամ ամենազարգացած երկրներում են նման դեպքեր լինում։
Կրթության փորձագետի գնահատմամբ դպրոցներում ուսուցիչների կողմից ագրեսիվ դրսևորումները նվազեցնելու հնարավոր միջոց է համարում նաև ուսուցման ու դասապրոցեսի նկատմամբ երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնելուն ուղղված միջոցառումները.
-Երեխաների հետ աշխատելու համար հետաքրքիր նյութեր, գրքեր ու գրականություն է հարկավոր օգտագործել դասաժամերին, որպեսզի ուսուցման գործընթացն աշակերտների համար լինի հետաքրքիր ու գրավիչ և կլանի նրանց։ Ուսուցիչներն աշակերտներին հարվածում են նաև այն պատճառով, որ երեխաները սովորելու մոտիվացիա չունեն, իրենց համար հետաքրքիր չէ, և ձանձրանալով դասաժամերին՝ սկսում են խանգարել ուսուցչի բնականոն դասապրոցեսին։ Ամեն ուսուցիչ աշակերտների անկարգություններին տարբեր կերպ է արձագանքում։ Կան ուսուցիչներ, որոնք կարողանում են վերահսկել ու կարգավորել նման իրավիճակները, որոշները հանդուրժում են, բայց լինում են նաև ուսուցիչներ, որոնք, այսպես ասած, բռնություն գործադրելու մեթոդն են ընտրում: Ուսուցչի ինստիտուտը մեզանում վերջին տարիներին վերածվել է սոցապ համակարգի. ով ուզում է, մտնում է համակարգ ու դասավանդում, մրցակցություն չկա, և հաճախ տնօրենները փոխարինող չեն ունենում այն ուսուցիչներին, որոնցից դժգոհ են լինում։ Եթե անգամ տնօրենն իմանում է այս կամ այն աշակերտին հարվածելու մասին, չի կարող հեռացնել տվյալ ուսուցչին, քանի որ նրան փոխարինող չկա։ Փորձագետի համոզմամբ՝ այսօր էլ ուսուցչի մասնագիտությունը շարունակում է ոչ գրավիչ մնալ, և ուսուցչի ինստիտուտում իրականացվող բոլոր այսպես կոչված բարեփոխումները զուտ ձևական բնույթ են կրում։

