Աղոթք, պատերազմի հիշողություններ եւ անսպասելի «Շպռոտ»
ՄշակութայինՀոկտեմբերի 10-ին Երեւանում կայացավ ամերիկաբնակ երգչուհի Անի Թովմասյանի՝ Շպռոտի մենահամերգը, որն անցավ հուզիչ հիշողությունների, անկեղծ խոստովանությունների եւ զվարճալի անակնկալների ուղեկցությամբ։ Երեկոն սկսվեց անսովոր ու խորհրդանշական կերպով․ բեմ բարձրանալով՝ Անին համերգը բացեց աղոթքով՝ բոլորին ցանկանալով խաղաղություն եւ սեր։ Համերգի ընթացքում հնչեցին երգչուհու՝ հանդիսատեսին վաղուց ծանոթ ու սիրված ստեղծագործությունները, ինչպես նաեւ նոր երգեր, որոնք Շպռոտը կատարում է Միացյալ Նահանգներում։
«Նախ, կկատարեմ ձեր բոլորի կողմից արդեն իսկ սիրված եւ վստահ եմ սպասված երգերը՝ «Խորոզս տարան», «Ես եմ քո մեղրը» եւ այլն, այնուհետ կանցնեմ աժմյան՝ ամերիկաբնակ Շպռոտի երգացանկին», - հայտարարեց երգչուհին:

Շպռոտը կատարեց նաեւ այլ հեղինակների ստեղծագործություններ՝ երաժշտական ծրագիրը դարձնելով բազմազան։ Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը 1993 թվականի պատերազմի մասին երգչուհու պատմությունն էր։ Նա վերհիշեց այդ տարիները, երբ պատերազմի հետեւանքով կորցրել է նաեւ հորը։
«Ես ցանկանում եմ, որ իմ տանջված, պատերազմներ տեսած հայ ժողովուրդը, այլեւս չտեսնի դառնություն, չիմանա պատերազմն ինչ է: Վստահ եմ բոլորիդ ընտանիքներում կլինեն մարդիկ, ովքեր պատերազմի հետեւանքով դարձել են հաշմանդամ, զոհվել են: Թող որ հայ աղջիկները չմնան առանց տղամարդ, իսկ հայ տղամարդիկ լինեն առողջ եւ սիրված: Ես այն մարդկանցից եմ, ով հայր է կորցրել պատերազմի պատճառով: Հայրս 93 թվականի պատերազմի մասնակից է եղել, եւ ես դա միշտ հպարտությամբ եմ ասում: Խնդրում եմ, չամաչեք երբեք երգել ֆիդայական երգեր եւ շարունակեք պայքարը հանուն հայրենիքի», - հուզմունքը զսպելով՝ պատմեց երգչուհին եւ կատարեց ֆիդայական երգ։ Այդ խոսքերի ընթացքում դահլիճում լռություն տիրեց․ հանդիսատեսը մեծ ուշադրությամբ էր լսում երգչուհուն՝ կիսելով նրա ցավոտ հիշողությունները եւ վերապրելով իր ցավը յուրովի։
Համերգի ընթացքում եղան նաեւ զվարճալի ու անսպասելի դրվագներ, ջերմ եւ մտերմիկ զրույցներ: Շպռոտն անգամ բեմահարթակից նկատում եւ անուն առ անուն անդրադառնում էր իր հյուրերին՝ երբեմն զվարճալի պատմություններ պատմելով նրանց մասին։ Իսկ հանդիսատեսից մեկը՝ ունենալով առավել ճկուն հումոր, Շպռոտին նվիրեց «շպռոտ» պահածոյացված ձուկ՝ ակնարկելով երգչուհու բեմական անունը։ Երգչուհին էլ անակնկալը գնահատեց յուրօրինակ հումորով եւ իր հերթին նվիրատուին նվիրեց ամերիկայից բերված «ամերիկական ծամոն»։ Դրվագն ուղեկցվեց ծիծաղով եւ ծափահարություններով։

Շպռոտն անդրադարձավ նաեւ իր անձնական կյանքին՝ խոսելով ամուսնու մասին։ Լինելով իր տեսակի, խոսքի եւ պահվածքի մեջ անկաշկանդ՝ երգչուհին կատակով նշեց ամուսնու հասակը։
«Ամուսինս, սիրուն, բոյով եւ երեւանցի տղա է: Ես առհասարակ չեմ սիրում կոլոտ տղաների: Աղջիկներ ջան, հավատացեք, անգամ այս տարիքում՝ 47 տարեկանում հնարավոր է գտնել իրական սեր ու կյանքի ընկեր: Այնպես որ, շարունակեք աղոթել եւ դուք էլ ձեր «բոյովին» կգտնեք», - ասաց Շպռոտն ու հավելեց. «Կոլոտ տղաներ չնեղանաք, ձեզ էլ ենք սիրում»։

Ողջ համերգի ընթացքում մեկը մյուսին հավելում էր զգացմունքների մի ողջ փաթեթ՝ աղոթք, երաժշտություն, պատերազմի մասին ցավոտ հիշողություններ ու անկեղծ հումոր, որը ստեղծեց հակադրություններով լի մթնոլորտ։ Կատարելով իր վերջին ստեղծագործությունը՝ «Գայուշ»-ը, Շպռոտը իր «չստերը» շպրտեց դահլիճի ուղղությամբ։ Իսկ երգի ընթացքում բեմահարթակ հրավիրեց Գայուշիկ, Անուլիկ, Լիանչիկ անուններով աղջիկների ու միասին պարեցին։
«Աղջիկներ, ես 47 տարեկան եմ եւ եթե այս տարիքում կարողանում եմ այսպես թռչկոտել, երգել ու պարել, ուրեմն՝ դեռ երկար կմնամ բեմում», - իրեն բնորոշ պարզությամբ անկեղծացավ երգչուհին։

Շպռոտի երեւանյան համերգը հանդիսատեսին պարգեւեց ոչ միայն երաժշտական հաճույք, այլեւ հույզերի մի ամբողջ շղթա՝ հուզմունքից մինչեւ անկեղծ ժպիտներ՝ բացահայտելով Շպռոտի մի նոր կողմ, որն իրականում ունի նուրբ հոգի, դժվար անցած ճանապարհ եւ անկեղծ ու անմիջական սեր առ Աստված։
Ի դեպ, հանդիսատեսին մատուցվեց անակնկալ՝ զուգերգի տեսքով: Բեմահարթակում 90-ականների սիրված երգիչ Մրեն եւ Շպռոտը կատարեցին շատերի կողմից սիրված ստեղծագործություններ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

