Աննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում
ՏեսանյութերՏպավորություն է, որ ամեն կերպ քոչարյանականները փորձում են ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանից ավելի թունդ արեւմտամետ կարող են լինել, եթե Արեւմուտքից իրենց պոտենցիալը գնահատեն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին նիկոլական Աննա Գրիգորյանը շարունակում է բացահայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հակառուսական կերպարը։ Եվ եթե դեռ շարունակում է մնալ, որպես խմբակցության ղեկավար, նշանակում է, որ այս ամենը համաձայնեցված է հենց Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ուրիշ եզրակացություն չի մնում անել, եթե հետեւում ենք նույն Աննա Գրիգորյանի հայտարարություններին։
Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր աղմկահարույց հայտարարությանը, երբ «Factor TV»-ին տված հարցազրույցի ժամանակ ընդգծել էր, որ իրենք չեն ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում։
«Գիտեմ, որ աղմուկ է հանել այդ վերնագիրը։ Չեմ ասում իմ հայտարարությունը, այլ հենց վերնագիրը, որովհետեւ այն չէր արտացոլում, ինչ ես հնչեցրել եմ հարցազրույցում․ ե՛ւ կոնտեքստից կտրված էր, ե՛ւ մանիպուլյատիվ։ Բարեբախտաբար, հետո «Factor TV»-ն փոխել է վերնագիրը եւ դարձրել «Հայաստանի Հանրապետությունը…», ինչը փաստ է՝ ՀՀ-ն պաշտոնապես չի ճանաչել Ղրիմը ՌԴ կազմում։ Ես դա որպես փաստ եմ ներկայացրել՝ որպես Հայաստանի Հանրապետության դիրքորոշում։ Իհարկե, այնտեղ ներկայացվեց, թե իբր դա «Հայաստան» դաշինքի դիրքորոշումն է։ Դա «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը չէ։ Ես խոսել եմ ՀՀ պետական դիրքորոշումից, կրկնում եմ՝ ընդամենը փաստելով իրողությունը»,- նշել է նա։
Անդրադառնալով հարցին, թե, ի վերջո, իրականում որն է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցության տեսակետը Ղրիմի վերաբերյալ, Աննա Գրիգորյանը հղում է արել ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցներից մեկի վրա․ «Ես կարող եմ ասել հետեւյալը․ այդ համատեքստում կարելի է կարդալ ուղղակի 2016 թվականի Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցը, որտեղ նա հստակ ձեւակերպումներ ունի այդ մասով։ Եթե անկեղծ լինենք, անցնող տարիներին մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել հիմնականում Հայաստանի տարածքային ամբողջականության եւ դրա վերականգնման հնարավորությունների մասին, եւ այլ աշխարհաքաղաքական կենտրոններին անդրադարձ ունենալու շատ առիթներ չենք էլ ունեցել։ Բայց կրկնում եմ, եթե հետաքրքիր է, առաջարկում եմ բացել 2016 թվականի Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցներից մեկը, որտեղ նա այդ հարցին անդրադառնում է»։
Ինչ խոսք, առաջին հայացքից կարող է թվալ, որ Աննա Գրիգորյանը հնարամտորեն թեման «ջրեց» եւ այլեւս հարցեր այս առումով չեն լինի։ Բայց, սա իրականում մի մեծ մանիպուլիացիա է հենց Աննա Գրիգորյանի կողմից։ Հավանաբար, «Հայաստան» խմբակցության ղեկավարը հույսը դրել էր նրա վրա, որ իր հարցազրույցները վերնագրից անդին ոչ ոք չի դիտում եւ չի էլ իմանա իրողությունը որն է։
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
Սկսենք սկզբից․ Աննա Գրիգորյանը ջանք ու եռանդ չի խնայում՝ ապացուցելու համար, որ իր հայտարարությունը, թե իրենք չեն ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում, եղել է կոնտեքստից կտրված ու մանիպուլյատիվ։ Մինչդեռ նույն հարցազրույցը բոլորովին հակառակն է ապացուցում։ Ուղիղ մեջբերում ենք․
Աննա Գրիգորյան - Մեր գործընկերներից մեկը, նկատի ունեմ եվրոպացի գործընկերներից մեկը, հարցրեց` ի՞նչ դիրքորոշում ունենք Ուկրաինայի պատերազմի հետ կապված ու մասնավորացրեց հարցը` Ղրիմի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունենք: Մեզ հետ պատվիրակության կազմում էր նաեւ Արմեն Գեւորգյանը՝ նախկին փոխվարչապետ (Ռ. Քոչարյանի գորշ կարդինալը,- խմբ.), ասում է գիտեք, նույնիսկ այն ժամանակ, էլ չեմ ասում հիմա, էն ժամանակ մենք չենք ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում:
«Factor TV» -Հիմա է՞լ չեք ճանաչում Ռուսաստանի կազմում:
Աննա Գրիգորյան - Հիմա, բնականաբար, անցած էդ փուլից մինչեւ էսօր որեւէ բան չի փոխվել:
Եվ, այսքանից հետո՝ հիմա սա Աննա Գրիգորյանը ներկայացնում է, որ նկատի է ունեցել, ոչ թե իրենց քաղաքական ուժին, այլ Հայաստանի Հանրապետությա՞նը։ Անգամ տրամաբանության մեջ էլ չէ, թե ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ինչպես կարող է եւ ինչու պետք է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գար։ Բայց, լավ, սա էլ դնենք մի կողմ։ Երբ լրագրողը հարցնում է՝ հիմա է՞լ չեք ճանաչում Ռուսաստանի կազմում, հաստատ նկատի չուներ, որ Աննա Գրիգորյանը Հայաստանի Հանրապետությունն է կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ «կառավարությունն ինքն է», որ նա էլ հանդես գար պետության անունից։
Հետո էլ Աննա Գրիգորյանն արդարանում է, թե՝ անցնող տարիներին բազմաթիվ քննարկումներ են ունեցել հիմնականում Հայաստանի տարածքային ամբողջականության եւ դրա վերականգնման հնարավորությունների մասին, եւ այլ աշխարհաքաղաքական կենտրոններին անդրադարձ ունենալու շատ առիթներ չեն ունեցել։ Մինչդեռ նույն աղմահարույց հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի օրոք փոխվարչապետ աշխատած, հետո նույն «Հայաստան» խմբակցության պատգամավոր դարձած Արմեն Գեւորգյանը եվրոպացիների մոտ գլուխ գովացել, որ ո՛չ նախկինում, ո՛չ հիմա իրենք չեն ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում։
Համաձայնեք, որ հիմա պարզ է դառնում, թե Քոչարյանին անդավաճան ՀՅԴ-ականներից որեւէ մեկի փոխարեն՝ ինչու հենց նախկին նիկոլական Աննա Գրիգորյանը դարձավ «Հայաստան» խմբակցության ղեկավարը։ Մի մարդ, որը պրոռուսական լինելը համարում է պիտակ, մի մարդ, որը Ռուսաստանին դիտարկում է ոչ թե ռազմավարական միակ դաշնակից, այլ, պարզապես, երկիր, որի հետ պետք չէ թշնամանալ, ինչպես օրինակ՝ Զիմբաբվեի եւ Հոնդուրասի։
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ ՂՐԻՄԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՈՒ ՀԻՄԱ ԷԼ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Բայց այս ողջ պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ Աննա Գրիգորյանը փորձելով արդարանալ՝ նաեւ փաստում է, որ ասել է այն, ինչ Ռոբերտ Քոչարյանն է ասում։ Այսինքն՝ եթե քոչարյանականները որեւէ «պրիտենզիա» ունեն իր հայտարարությունների վերաբերյալ, թող կարդան շեֆի հարցազրույցները։
Վերջիվերջո, թե ինչ դիրքորոշում ունի «Հայաստան» խմբակցությունը Ղրիմի հարցում, Աննա Գրիգորյանը հղում է անում Ռոբերտ Քոչարյանի դեռեւս 2016 թվականին տված հարցազրույցին՝ «Ազատություն» ռադիոկայանին։ Իսկ այդ հարցազրույցում թղթակից Աննա Սոուսի հարցին, թե Ղրիմը ո՞ւմն է, Քոչարյանը պատասխանում է․ «Հիմա դե ֆակտո այն գտնվում է Ռուսաստանի կազմում։ Ուկրաինան դեռ երկար ժամանակ այն համարելու է Ուկրաինայի մաս։ Ռուսաստանը դե ֆակտո այն ներառել է Ռուսաստանի Դաշնության կազմում, եւ ես կարծում եմ՝ դա դեռ շատ երկար է շարունակվելու։ Մենք ունենք Ղարաբաղը, եւ Ղարաբաղի փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակները արագ չեն լուծվում։ Սերունդներ կփոխվեն։ Եթե չգտնեն ինչ-որ բանաձեւ՝ Ղրիմը Ուկրաինայի եւ Ռուսաստանի համար ընդհանուր տուն անվանելու համար... նման գաղափարներ նույնպես կան։ Ես գիտեմ, որ փորձագիտական շրջանակներն առաջարկում են ստեղծել կոնդոմինիումի իրավիճակ, որի պայմաններում Ղրիմի փաստացի պատկանելությունը որեւէ կողմի համար այդքան մեծ նշանակություն չէր ունենա։ Ստեղծել պայմաններ, որոնց դեպքում նաեւ ուկրաինացիները Ղրիմում իրենց հարմարավետ կզգան։ Այս մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Կարծում եմ՝ սա կարող է լուրջ քննարկման թեմա դառնալ միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի արեւելքում այլեւս չեն կրակի, եւ երբ իրավիճակն այնքան կկարգավորվի, որ նման գաղափարները ոչ Կիեւում, ոչ էլ Մոսկվայում այլեւս չհամարվեն անընդունելի կամ «խռովարար»։
Փաստացի, Ռոբերտ Քոչարյանը Ղրիմի թերակղզում 2014 թվականին անցկացված հանրաքվեն, որի արդյունքում տեղի բնակչության ճնշող մեծասնությունը կողմ է քվեարկել ՌԴ-ին միանալուն, դե յուրե չի ճանաչել։ Ավելին՝ փոխանակ այն ժամանակ Քոչարյանը խոսեր ինքնորոշման իրավունքի մասին, որ նույն կերպ Արցախում է հանրաքվե անցկացվել, նա խոսել է կոնդոմինիումի մասին, նույն է թե, որ վերջինս առաջարկեր Արցախը դարձնել Հայաստանի ու Ադրբեջանի համատիրություն՝ որպես համընդհանուր սեփականություն միասին ղեկավարելու համար։ Ու ամենասարսափելին այն է, որ, ըստ Աննա Գրիգորյանի, անգամ այսօր՝ Ռոբերտ Քոչարյանն այդ կարծիքին է։
ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԼՈՒՌ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Ի դեպ, այն, որ Աննա Գրիգորյանի ասուլիսում հնչեցված բոլոր մտքերն այս անգամ հաստատ համաձայնեցված էր Ռոբերտ Քոչարյանի հետ, հուշում է նրա կողքին նստած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի՝ ՀՀ երկրորդ նախագահի որդու լռությունը։
Նույն ասուլիսի ժամանակ Լեւոն Քոչարյանն էլ աչքի ընկավ մեկ այլ ոչ պակաս հատկանշական հայտարարությամբ։ Անդրադառնալով հայաստանյան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի այն դրվագին, որտեղ վերջիններս ակնարկներ էին արել՝ ՌԴ-ի կողմից միջամտության, Քոչարյան կրտսերն այսպես արձագանքեց․«Օտարերկրյա ճնշումների մասով զեկույցը կարծում եմ՝ մի քիչ անարդար է գտնվել՝ հստակ առանձնացնելով Ռուսաստանը, իսկ արեւմտյան երկրների միջամտության դեպքերին շատ հպանցիկ է անդրադարձել, որովհետեւ եթե Ռուսաստանի դեպքում կային հայտարարություններ որոշակի ԵՄ կուրս որդեգրելու եւ դրա հետեւանքների հետ կապված՝ առանց ուղիղ հասցեատիրոջ, ապա արեւմտյան երկրները՝ օրինակ Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ուղիղ աջակցություն էին հայտնել կոնկրետ «Քաղաքացիական պայմանագրին» եւ Նիկոլ Փաշինյանին։ Անկեղծ ասած, ինձ մոտ շատ լուրջ հարց կա, թե արդյոք նույն Ռուսաստանի հետ կապված հայտարարություններն ինչքանով են ունեցել դրական ազդեցություն ընդդիմության վրա, եւ ես ունեմ համոզմունք, որ դրանք հակառակ ազդեցությունն են ունեցել: Այսինքն, ազդեցության տեսանկյունից իմ ընկալումն այնպիսին է, որ միջամտության մյուս դեպքերը, ուղիղ աջակցության շատ ավելի դրական ազդեցություն են ունեցել գործող իշխանության համար»։
Լեւոն Քոչարյանն իբրեւ ուզում էր լավ բան ասել, բայց ստացվեց ինչպես միշտ։ Ի՞նչ է ուզում սրանով Քոչարյանն ասել, որ, այնուհանդերձ, Ռուսաստանը միջամտություն ունեցել է ընտրություններին, բայց այն բացասական ազդեցությո՞ւն է ունեցել իրենց համար։ Փոխանակ ասեր՝ ՌԴ-ից կամ թեկուզ եվրոպական որեւէ երկրից ՀՀ քաղաքացիների գալն ու ընտրության մասնակցելը քաղաքացիական պարտք է, ոչ թե օտարերկրյա միջամտություն։ Կամ ի՞նչ է նշանակում բացասական ազդեցություն է ունեցել․ սա էլ շնորհակալությո՞ւն էր ՌԴ-ից ժամանած ընտրողներին, որոնց մեծ մասը ընտրել է կա՛մ Քոչարյանին, կա՛մ Կարապետյանին։ Եվ ի՞նչ հետեւություն պետք է անել այս ամենից, այսինքն՝ հիմա քոչարյանականները բռնել են Նիկոլից ավելի արեւմտամետ լինելու ուղին, որ հաջորդ ընտրություններին Արեւմուտքի աջակցությունը ստանա՞ն՝ դրական լույսի ներքո։ Բա էլ ինչո՞վ են տարբերվում այսօրվա իշխանությունից, եթե գրեթե բոլոր հարցերում միմյանց միայն լրացնում են։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

