Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքը խզել է Ռուսաստանի հետ հարաբերությունները և այժմ պետք է դրա հետևանքները կրի՝ բարձր գնաճի և թանկ գազի տեսքով։
Նա այդ մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանը ո՛չ Եվրոպային, ո՛չ Արևմուտքին չի սպառնում և հանդես է գալիս այլ երկրների հետ հավասար գործընկերության օգտին։
Նա նաև հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաները դարձել են խնդիրների աղբյուր, ոչ թե անվտանգության երաշխիք։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունները հարվածել են նաև ամերիկացիներին, և Վաշինգտոնը պետք է դասեր քաղի՝ նախընտրելով բանակցություններն ուժի ցուցադրությունից։
Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի համար կարևորագույն իրադարձությունը լինելու է իր դեմ հանդես եկող ուժերի նկատմամբ հաղթանակը։ Նրա պնդմամբ՝ կարգավորման հիմքում պետք է լինեն Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և «ազգայնականությունից հրաժարվելը»։
Մեդվեդևը Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակը «չափազանց վատ» է գնահատել՝ դա կապելով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետ։ Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում հավաքական անվտանգության ապահովման նախաձեռնություն է մշակել։
Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանն Իրանին աջակցել է դիվանագիտական միջոցներով, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակելով այն բանաձևերը, որոնք, նրա պնդմամբ, կարող էին Իրանի դեմ հարվածներն իրավական հարթություն տեղափոխել։

