1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ Մակարյան
2027 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ կմտնի օրենքի նախագիծը, որի հիման վրա պետական պաշտոնյաների աշխատավարձերը գրեթե կրկնակի բարձրանալու են․ խոսքը հիմնականում մի քանի հարյուր հազար դրամի մասին է, առանձին դեպքերում՝ 1 մլն դրամի։ Միաժամանակ, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ կրճատում են թաղման ծախսերի համար տրվող 200 000 դրամ աջակցությունը, որի արդյունքում թոշակները հնարավոր կլինի բարձրացնել 1000 դրամով։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ դրոշակ դարձաձ թոշակների 1000 դրամով բարձրանալը ոչինչ է կրճատվող թաղման նպաստների գումարների համեմատ.
- Եթե պետական աշխատողների աշխատավարձը բարձրանում է 1 մլն դրամով, ապա թոշակների 1000 դրամը 0,1% է, անգամ 1%-ի չի հասնում․ դա շատ փոքր, շատ չնչին թիվ է։ Առանձին դեպքերում դա որակում են որպես «հաշվարկի սխալ», այսինքն՝ այնպիսի գումար, որը թվաբանության մեջ կլորացնում են։ Եթե անգամ այս բարձրացումը դիտարկենք գնաճի կամ գնողունակության տեսանկյունից, ապա սա դարձյալ շատ փոքր թիվ է, որովհետև 1000 դրամը էականորեն խնդիր չի կարգավորի՝ հաշվի առնելով, որ կա 4,5% գնաճ, որը տարվա ընթացքում կշարունակի աճել։ Ընդհանուր գնաճի մեջ պետք է առանձնացնենք, որ որոշակիորեն թանկացել են ավելի առաջնահերթ ապրանքները։ Գնաճը էական է այն ապրանքների մասով, որոնք ամենօրյա օգտագործման են։

