ՇՏԱՊ. Բավ է ողբաք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել
Հայտնի իրավապաշտպան, աղմկահարույց գործերով թիվ մեկ փաստաբան Լեվոն Բաղդասարյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել.
Հազարամյակների միջով անցնես, քո հոգևոր ու մշակութային ժառանգությունը հասցնես քսանմեկերորդ դար ու քամո՞ւն տաս։ Քո եկեղեցիները պղծեն, պատմական հետքդ ջնջեն, իսկ դու միայն ողբա՞ս։
Ողբով ժառանգություն չեն պաշտպանում։ Պահանջ են ներկայացնում և հետամուտ լինում դրա կատարմանը։
Պաշտպանության իրավական հենք կա․ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան և դրա 1999 թվականի երկրորդ արձանագրությունը նախատեսում են մշակութային արժեքների պաշտպանություն և դրանց դեմ ուղղված խախտումների համար պատասխանատվության մեխանիզմներ։ Այդ պաշտպանությունը չի վերանում այն պատճառով, որ հուշարձանը հայտնվել է ուրիշի վերահսկողության տակ։
Հայաստանի պետությո՛ւն, Հայ Առաքելական Եկեղեցի՛, որպես այդ ժառանգության կրող և պահանջատեր՝ պահանջում եմ ներկայացնել՝ ի՞նչ եք փաստագրել, ո՞ւմ եք դիմել, ի՞նչ իրավական պահանջ եք առաջադրել, ի՞նչ անհետաձգելի պաշտպանություն եք պահանջել և ի՞նչ ընթացք ունեն ձեր քայլերը։
Փաստագրե՛ք ոչնչացումն ու պղծումը։ Հիմնավորե՛ք իրավունքները։ Պահանջե՛ք ոտնձգությունների դադարեցում և մեղավորների պատասխանատվություն՝ իրավասու ազգային ու միջազգային մարմիններում։
Չգիտե՞ք ինչպես՝ դիմե՛ք իմացողներին։ Հանրության վիշտը ձեր չարած աշխատանքի փոխարեն մի՛ ներկայացրեք։
Պատվարժա՛ն հոգևոր հայրեր, տվե՛ք ինձ պատշաճ լիազորություն՝ Ձեր անունից իրավական պաշտպանության գործընթաց նախաձեռնելու և վարելու համար։ Պատրաստ եմ ստանձնել աշխատանքն ու հաշվետու լինել։
Մեր նախնիները հազարամյակներ պահել են այս ժառանգությունը։ Մենք իրավունք չունենք այն կորցնել ու մեր բաժին պատասխանատվությունը փակել հերթական ցավակցական հայտարարությամբ։

