Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի
Միջազգային«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի եւ նրա գլխավորած պատվիրակության` օրերս կայացած հայաստանյան այցը թեեւ մի փոքր խամրեց տեղական թոփ նորությունների ֆոնին, բայց դրանից այդ այցի առանցքային նշանակությունը չի փոխվում: Այն իմաստով, որ հենց այս այցի արդյունքները, հաշվի առնելով նաեւ Փաշինյանին սպասվող մոսկովյան այցը, կարող է Հայաստանի համար առավել քան լրջագույն հեռանկարներ կամ հետեւանքներ ունենալ:
ԻՆՉՈՒ ԷՐ ԵԿԵԼ ԼԻԽԱՉՈՎԸ
Պաշտոնական աղբյուրները ներկայացնում են, որ Լիխաչովն ու Փաշինյանը քննարկել են երկու հիմնական թեմա. «Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին եւ մեր երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր»։
Իմաստը հետեւյալն է: Հայկական գործող ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը թեեւ քանիցս երկարացվեց, սակայն այդ ռեսուրսն անսպառ չէ: Այսինքն, կհաջողվի՞ եւս մեկ անգամ երկարացնել ժամկետը. ռուսները նման տեխնոլոգիաներ ունեն: Բայց եթե անգամ դեռ մի 10 տարի հնարավոր լինի ԱԷԿ–ը շահագործել, մեկ է, արդեն այս պահին պետք է մտածել կա՛մ նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու, կա՛մ առհասարակ, ատոմային էներգետիկայից հրաժարվելու եւ այլ աղբյուրների մասին:
Այլ աղբյուրներ ասվածը կարելի է համարել ոչ մի լավ բանի չտանող ուղի: Ճիշտ է, որոշակի զարգացում Հայաստանում արեւային էներգետիկան ստացել է, սակայն դրա հաշվին հնարավոր չէ երկիր պահել: Այն է` դեռ երկար տարիներ հիմնական աղբյուր է հանդիսանալու խոշոր էներգետիկան` հիմնված գազի կամ ատոմի վրա: Գազ Հայաստանը չունի, ներմուծված գազով հոսանք արտադրելը շատ թանկ է ստացվելու, ինչը հայաստանյան ամեն ինչ դուրս է թողնելու ամեն մի մրցունակությունից: Մնում է նոր ատոմակայանի տարբերակը:
Եվ ահա, ինչպես ասում է Փաշինյանը, ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ, եւ որոշումը կընդունվի առաջիկայում։ Նաեւ, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները եւ երաշխիքները։
Եվ ահա, մինչ այժմ խոսվել է ատոմակայանի երկու, եթե կարելի է ասել, առաջարկների մասին: Նախ, խոսակցություններ եղան, թե ամերիկացիները կարող են Հայաստանում մոդուլային փոքր կայանների համակարգ ստեղծել: Սակայն, որքան հայտնի է, նման կայաններն անգամ վերջնական լիցենզավորում այս պահին չունեն, եւ եթե անգամ վերջին պահին լինեն, ապա դրանց զանգվածային կառուցումը կարող է Հայաստանը վերածել փորձադաշտի: Երկրորդը, նաեւ Պուտինի հետ Բիշքեկի վերջին հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ռուսական առաջարկի մասին. «Ատոմակայանի հետ կապված, մենք արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերել էինք, որ սեպտեմբերին սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ Ռուսաստանն այսօր կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ»:
Այսինքն, ինչպես Լիխաչովի այցը, այնպես էլ նրա առաջարկները Պուտինի հետ պայմանավորվածությունների շրջանակներում են:
Ամեն դեպքում, ըստ առկա խոսակցությունների, Լիխաչովն առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ, մտածել նաեւ փոքր կայանների մասին: Եվ, ըստ ամենայնի, 2036թ.–ին լրացող գործող ատոմնակայանի շահագործման ժամկետը փորձել եւս 10 տարով երկարացնել, որը նորագույն տեխնոլոգիական լուծում է պահանջում, եւ Ռուսաստանն այդ լուծումները ունի. նման օրինակներ կան ֆիքսված:
Այսպիսով, դժվար է չհամաձայնել Լիխաչովի արձանագրման հետ, որ սա շուկայում առկա լավագույն առաջարկն է, թեեւ Հայաստանը «առայժմ չի կիսում» այդ տեսակետը։ Պատճառը կարելի է հասկանալ: Ինչքան էլ որ Փաշինյանը նաեւ հավաստիացնում է, թե` «Ես նախկինում էլ եմ ասել, որ ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը», ապա դա, մեղմ ասած, այդքան էլ այդպես չէ: Հաշվի առնելով, որ երբ քաղաքական հարաբերությունների այնպիսի բարդ փուլում, որպիսին այսօր կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, Պուտին–Փաշինյան հանդիպման ժամանակ խոսվում է նաեւ ատոմակայանից, ապա դա պարզապես չի կարող նաեւ խորը քաղաքական իմաստ չունենալ:
Մյուս կողմից, ատոմակայանը հյութի կամ կոնֆետի գործարան չէ: Ատոմակայան հասկացությունը նշանակում է երկար շղթայով տեխնոլոգիական ամբողջական ցիկլ: Սկսած գիտական կողմից, վերջացրած ապագա շահագործումով, ընդհուպ` վառելիքի մատակարարումներով: Այսինքն, ատոմակայան կառուցողն ու այն երկիրը, որտեղ այն կառուցվում է, կապվում են տեխնոլոգիական խորը եւ երկարաժամկետ կապերով, առավել եւս, երբ խոսքը փոքր երկրների մասին է, որը ինքնուրույն չի կարող իր վրա վերցնել թեկուզեւ այդ ցիկլի մի մասը: Հայաստանի դեպքում, իհարկե, ատոմակայանի հարցն ունի ուղիղ աշխարհաքաղաքական վեկտորի ուղղվածության իմաստ: Շեշտը կդնի ամերիկյան մոդուլային ռեակտորների վրա, դա երկար տարիների համար է: Ռուսականի վրա դա նույնպես: Եվ, կրկնենք, հենց այնպես չէ, որ ներկա սուր փուլում նաեւ ատոմակայանի թեման հայտնվեց Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման առանցքում: Այսինքն, ընդունելով ռուսական ատոմակայանի առաջարկը, Նիկոլը միայն դրանով կարող է հիմնավորել, որ իրականում չի մտածում գլխապատառ դեպի Եվրոպա վազելու եւ Ռուսաստանին «գցելու» մասին: Այլապես, ինչ–որ բան ապացուցելու միակ տարբերակ է մնալու Մոսկվայի պահանջած հանրաքվեն` ԵԱՏՄ կամ ԵՄ թեմայով:
Նկատենք, արդեն 2–3 ամսից պետք է կայացվի Մոսկվայի վերջնական որոշումը` Հայաստանի հետ կապված: Այն է` Համարում են, որ Փաշինյանի հետ հնարավո՞ր է դեռ ինչ–որ հարաբերություններ կառուցել, թե՞ գնում են վերջնական առնվազն սառեցման, այդ թվում` առեւտրի, գազի, վառելիքի եւ մնացած մյուս բոլոր ուղղություններով, մինչեւ նոր փոփոխություններ կլինեն: Այսինքն, եթե Նիկոլը շարունակում է այն թեզը, թե չէ, մենք ամենեւին էլ Մոսկվային «գցել» չենք ցանկանում, այլ ընդամենը բազմավեկտոր համակարգ ենք կառուցում, ապա այս պահին արդեն դա հիմնավորելու համար Մոսկվայի պահանջած հանրաքվեն արդեն չի կարող կազմակերպել. ժամանակ արդեն չի մնում: Եվ եթե ենթադրեք, որ Բիշքեկում Պուտինը առաջարկել է հանրաքվեի փոխարեն այլ տարբերակներ առաջարկել, ապա կարելի է մտածել, որ նոր ատոմակայանի թեման հենց այդ նոր տարբերակն է: Եվ այդ առումով նրան սպասվող մոսկովյան այցի շեմին Լիխաչովի այցն ու ներկայացված առաջարկները նոր միայն ամբողջական տեսք են ստանում:
ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ
Այսպիսով, ի՞նչ որոշում պետք է սպասել Փաշինյանից` ատոմակայանի հետ կապված: Այս պահին դեռ զերծ մնաք ենթադրություններից` ֆիքսելով որոշակի փաստեր: Նախ, առանց եւս 10 տարով հայաստանյան ատոմակայանի շահագործման ավելացման, Հայաստանն արդեն այս տարի պետք է զրկվեր միջուկային էներգետիկայից: Մի բան, որը մնում է թուրք–ազերիական տանդեմի երազանքներից մեկը: Բայց եւս 10 տարի ատոմակայանը հնարավո՞ր է շահագործել, եթե Ռուսաստանը որոշի բոլոր ուղղություններով խզել Հայաստանի հետ կապերը, այդ թվում` միջուկային էներգետիկայի. այստեղ հարցեր, իհարկե, կան: Ընդ որում, բավական են միայն ատոմակայանի վառելիքի մատակարարումների հետ կապված ընդհատումները, որ շատ կարճ ժամանակահատվածում կայանի շահագործումը դառնա գործնականում անհնար: Այդ իրավիճակում, եթե միաժամանակ գազի հետ կապված խնդիրներ առաջանան, ապա հայաստանյան էներգետիկ համակարգը պարզապես կարող է զրոյանալ` երկիրը միանգամից տեղափոխելով «քարե դար»: Ու սա բազմապատիկ անգամ լուրջ հարց է, քան վարունգ–պոմիդորի մուտքը Ռուսաստան արգելափակելը: Ընդ որում, սա լուծում չունեցող հնարավոր հեռանկար է: 1990–ականների ճգնաժամի ժամանակ եթե հնարավոր եղավ մի փոքր էներգետիկան պահել Սեւանի հաշվին, ապա հիմա այդ տարբերակը չկա: Ուկրաինայի օրինակով. եթե էներգետիկ համակարգն այդ երկրում բազում հարվածներից հետո անգամ դեռ ինչ–որ կերպ պահպանվում է, ապա այստեղ շատ մեծ է հոսանքի ներմուծման դերը: Իսկ Հայաստանը նման տարբերակ պարզապես չունի:
Եվ ահա, Փաշինյանն իր երեկվա ճեպազրույցում փորձեց ցույց տալ, թե առհասարակ խնդիրներ անգամ գազի թանկացման մասով չի տեսնում: «Այս պահին այդ մասին ազդակներ չկան, հետեւաբար հարցի քննարկումն ավելորդ եմ համարում»,– ասաց նա: Նման հայտարարությունը պետք է դիտարկել կա՛մ պոպուլիստական դաշտում, կա՛մ, միգուցե, այն վստահությունն ունի, որ մոսկովյան այցի ժամանակ խնդիրները հարթվելու են: Պոպուլիստական տարբերակը, իհարկե, բարձր հավանականություն ունի: Հիշեցնենք, որ Փաշինյանը դեռ ընտրարշավի փուլում էր հպարտորեն հայտարարում, թե էս է, ընտրությունները կավարտվեն, կգնամ Մոսկվա, բոլոր հարցերը կլուծեմ: Ընտրությունները վաղուց են ավարտվել, բայց հազիվ կարողացել է Բիշքեկում Պուտինի հետ փոքրիկ հանդիպման հասնել, իսկ Մոսկվա գնալու եւ հարցեր լուծելու մասով ներկա «կախված» վիճակն է միայն:
Մյուս կողմից, Բիշքեկի այդ հանդիպմանը Նիկոլը պետք է որ եւս մեկ անգամ համոզվեր, որ Ռուսաստանն այս պահին հայաստանյան ուղղությամբ գործում է «կա՛մ–կա՛մ» տարբերակով, եւ եթե ընտրում է հակառուսական «կամ»–ը, ապա բոլոր հետեւանքները դառնում են լիովին հնարավոր: Եվ այդ իրավիճակում գազի չթանկանալու մասին նրա խոստումները, եթե անգամ պոպուլիստական են, մեկ է, մնում են անհեռանկարային: Այսինքն, եթե մոտ ժամանակներս թանկացման կամ Հայաստանին առհասարակ գազ չտալու մասին խոսակցություններն իրականանան, ապա այստեղ պոպուլիզմով գլուխդ չես ազատի:

