Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն է
Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին ասել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Աիդա Կարապետյանը։
Կարապետյանը, բժշկական գաղտնիքից ելնելով, այլ մանրամասներ չներկայացրեց, սակայն վստահեցրեց, որ կնոջ վիճակն արդեն կայուն է։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Վերջինս բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել է Երևան։
Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։
ԱԱԾ-ից փոխանցում են, որ ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրն է լքել սեպտեմբերի 29-ին։ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննության մարմին։

