«Ժողովուրդ». Ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախկին նախագահ Սարգիս Հայոցյանի պաշտոնանկության հարցը իշխանության ներսում արդեն որոշ ժամանակ քննարկվում էր, և վերջին շրջանում իրավիճակը հասել է հանգուցալուծման։
Մասնավորապես՝ պետք է հստակեցվեր, թե երբ է մեկնարկելու ակադեմիական քաղաքի կառուցումը, և հողերի ձեռքբերման ուղղությամբ մինչ այդ ինչ աշխատանքներ են իրականացվել։
Սակայն քննարկումը, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերածվել է բավական թեժ զրույցի։ Հայոցյանը ֆինանսների նախարարության հետ կապված հարց է բարձրացրել՝ հայտարարելով, որ ակադեմիական քաղաքի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման նպատակով ֆինանսավորումը դեռևս չի տրամադրվել, ինչի հետևանքով գործընթացը չի կարող առաջ շարժվել։ Նա նաև նշել է, որ ակադեմիական քաղաքի գործընթացում առկա խնդիրներն իր պատասխանատվության տիրույթում չեն և պայմանավորված են այլ գերատեսչությունների աշխատանքով։
Քննարկման ընթացքում, ըստ մեր աղբյուրների, լարված խոսակցություն է տեղի ունեցել Հայոցյանի, ֆինանսների նախարարության և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի միջև։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ քննարկումից հետո Հայոցյանը վերադարձել է և ազատման դիմում ներկայացրել։
Իշխանական մեր աղբյուրները նաև պնդում են, որ Հայոցյանի և Ժաննա Անդրեասյանի միջև աշխատանքային համագործակցությունը երկար ժամանակ չի ստացվել։ Մասնավորապես՝ Հայոցյանը պարբերաբար հակադրվել է նախարարի մոտեցումներին և, մեր աղբյուրների փոխանցմամբ, հաճախ չի կատարել այն աշխատանքը կամ չի իրականացրել այն մոտեցումները, որոնք ակնկալվել են նախարարության ղեկավարության կողմից։
Արդյունքում, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, նրանց համագործակցությունը փաստացի մտել է փակուղի։
Ուշագրավ է նաև այն, որ իշխանությունն այս պահին ակտիվորեն փնտրում է Հայոցյանի փոխարինողին։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչ այս պահը նրա փոխարեն վերջնական թեկնածու դեռևս չի ընտրվել։
Այսպիսով, Հայոցյանի հեռացումը միայն մեկ օրվա կամ մեկ որոշման հետևանք չէ․ դրա հիմքում ամիսներ շարունակ կուտակված աշխատանքային տարաձայնություններն ու ակադեմիական քաղաքի ծրագրի շուրջ պատասխանատվության և ֆինանսավորման հարցերը ևս իրենց դերակատարումն են ունեցել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73246

