Ինչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս Հայաստան
Շոու բիզնես«ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ ՄԵԾ ԲԵՄԸ»
Ամերիկաբնակ երգչուհի ԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ (ՇՊՌՈՏ) երեք տարի ընդմիջումից հետո Հայաստանում պատրաստվում է մեծ համերգի: Թե ինչպես ստացվեց եւ ինչպես որոշեց գալ Հայաստան, եգչուհին «Իրավունք»-ին տված զրույցում անկեղծացել է։
— Անի, ուրախ ենք տեղեկանալ, որ մեծ համերգ եք պատրաստվում հայաստանաբնակ հանդիսատեսի համար: Սկսենք սկզբից․ ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան, եւ ո՞ւմ կողմից եղավ հրավերը:
— Համերգի հրավերը ստացել եմ Հայաստանից: Անկեղծ ասեմ, որ այս տարի պլանավորված չէր իմ Հայաստան գալը, քանի որ Եվրոպա էի գնացել, եւ թռիչքներս շատ էին: Հայաստան գալու համար երկար եմ պատրաստվում: Երեք տարի չեմ եղել Հայաստանում՝ կոպիտ ասած, գլուխս խառն էր: Ամուսնացել էի, գործերս էին շատացել ու նմանատիպ տարբեր պատճառներ: Սակայն, հենց հրավեր ստացա, շատ ոգեւորվեցի, որովհետեւ ինձ համար դա սարսափելի է, երբ ես գոնե տարին մեկ անգամ չեմ գալիս Հայաստան: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե մենք որքան ենք կարոտում մեր հայրենիքը ու ինչպես ենք վերածնվում Հայաստան գալուց:
Եվ այսպիսով ստացա հրավեր «Իվենթ Քլաբից», որը մեծ ակումբ է, եւ հիմնականում ռուսներն են այն վարձակալում: Սրահը բավականին մեծ է, սակայն աթոռներ չկան: Կա մեծ բեմ եւ, կարծես թե, ամերիկյան ոճի ակումբ է: Ինձ հետ լինելու է դիջեյ եւ, որպես էքսկլյուզիվ, միայն Ձեզ եմ ասում, որ ինձ հետ հանդես է գալու, որպես հյուր, երգիչ Մրեն: Իր հետ կկատարենք զուգերգ՝ մեր վերջին երգը, եւ հավանաբար Մրեն կկատարի եւս մեկ երգ՝ «Բանակ»-ը, որը շատ սիրված է:
Համերգին կկատարեմ իմ հին երգերը: Այն երգերը, որոնք Հայաստանում եմ երգել, 20 տարուց ավելի է, ինչ չեմ կատարել: Այստեղ՝ ԱՄՆ-ում, այլ ոճի երգեր եմ կատարում, ավելի խնջույքային: Անկեղծ ասեմ, շատ եմ ոգեւորված: Եվ ուրախ եմ, որ հայ հանդիսատեսը կտեսնի, թե ես ինչպես եմ աշխատում բեմում: Շատ եմ կարոտել մեծ բեմը: Այստեղ դարձա ռեստորանային երգչուհի: Ինչեւէ, անհամբեր սպասում եմ համերգիս, իմ լսարանին: Նաեւ 3 տարի չեմ եղել մայր հողում: Տեսանյութերով եմ տեսել, որ շատ փոխվել է Հայաստանը: Չեմ համբերում, թե երբ եմ գալու ու իմ աչքով տեսնելու:
— Ի՞նչ եք կարծում, հայ հանդիսատեսը այն հին Շպռոտին է ցանկանում տեսնե՞լ, թե՞ նոր Անիին, որ ԱՄՆ-ում ապաշխարել է ու նոր մարդ դարձել։
— Ի՜նչ լավ հարց էր: Կարծում եմ՝ տարբեր է: Շատ մարդիկ կան, ովքեր ուրախացել են, որ ապաշխարել եմ, վերադարձել եմ մայր եկեղեցի: Վստահ եմ, գիտակից մարդիկ այդ առումով շատ ուրախ են, որովհետեւ շատերի համար դժվար էր ընկալել հին Անիի էքսցենտրիկ վիճակը: Բայց կան մարդիկ էլ, ովքեր կարոտում են հին Անիին եւ պահանջում են, որ հին Անին լինի: Բնականաբար, չի կարող այդպես լինել, բայց հին երգերը կերգեմ: Հիմա իմ արժեքներն են փոխվել, տարիքս իր հերթին: Գիտեք, ես շատ ուրախ եմ, համերաշխ ու խաղաղ եմ այս վիճակում:
— Ե՞րբ կլինեք հայրենիքում, եւ ե՞րբ է մենահամերգը:
— Հայրենքիում կլինեմ այսօր՝ սեպտեմբերի 30-ին: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ ժամը՝ 19:30-ին: Գիտեք, վերջին շրջանում, որ գալիս էի, միշտ ինչ-որ վատ բան էր կատարված լինում հայրենիքիս հետ, ու ես օգնությունով էի գալիս, մտածելով, ձեռքերս թափ տալով, չգամ, գոնե մի օգնություն մատուցեմ երկրիս, հայրենիքիս: Պատերազմի ժամանակ էլ, դրանից հետո, երբ Արցախը հայաթափվեց, գումար հավաքեցի, եկա բաժանեցի կարիքավորների, հանդիպեցի հարազատներիս ու վերադարձա: Այս անգամ առանց օգնության եմ գալիս: Մի տեսակ անսովոր է:
Բայց մյուս կողմից էլ` որպես արտիստ եմ գալու: Ժողովուրդն ինձ որպես արտիստ է ընդունել կամ չի ընդունել, սիրել կամ ատել է: Տարբեր է եղել, բայց եղել է մոտեցումը՝ որպես արտիստի: Իրականում այս այցս բոլորովին այլ տրամադրություն է առաջացնում իմ մեջ:
Գիտեք, մի տեսակ խորթություն եմ զգում Հայաստանի ժողովրդի կողմից: Ես երբեք ինձ հեռու չեմ զգում իմ հայրենիքից: Հակառակը, միշտ մտքով, սրտով ու իմ աղոթքներով Հայաստանիս հետ եմ: Բայց, ցավոք, մի տեսակ սառնություն եմ զգում: Հավանաբար, պատճառն այն է, որ հայրենիքում չեմ ապրում, դրա համար մարդիկ չեն կարողանում ինձ ընդունել, որպես տան երեխա, ինչպես եղել է առաջ: Շատ կցանկանամ մեր հարաբերությունները ջերմանան, ու կրկին ես լինեմ տան երեխա հայ հանդիսատեսի համար: Եվ բոլորովին կապ չունի այն, որ լինում են հարցեր, երբ հայացքները տարբեր են լինում: Ես հայ եմ, եւ մենք նույն ազգից ենք: Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին, հայրենիքս ու երազում եմ վերադառնալ: Հավատում եմ, որ գալու է այն օրը, երբ ես կվերադառնամ ու Հայաստանում կապրեմ: Այսօր արդեն ես բոլորովին այլ կերպ եմ նայում հայրենիքին:
Վերջերս մեկնաբանություն կարդացի, որտեղ մարդիկ ծաղրելով գրել էին, թե իբր ինձ վտարել են ԱՄՆ-ից, դրա համար եմ գալիս: Ասեմ, որ չկա նման բան: Ես ԱՄՆ-ում ունեմ քաղաքացիություն:
— Ձեր ամուսինը կուղեկցի՞ Ձեզ:
— Ցավոք՝ ոչ: Այս անգամ իր գալը չստացվեց, բայց, տա Աստված, մյուս անգամ միասին կգանք: Առաջին անգամ պետք է ծանոթանամ ամուսնուս ընտանիքի հետ: Հեռակա կապով տեսել ենք, ծանոթացել, բայց առաջին անգամ պետք է հանդիպենք: Այս ամենը ինձ համար նոր ու շատ հաճելի փորձ է, որին եւս անհամբեր սպասում եմ։ Պետք է ծանոթանամ տեգրոջս, սկեսուրիս եւ մնացած բարեկամների հետ: Ամուսնուս ընտանիքը շատ մեծ է՝ բարեկամներով հանդերձ, եւ դա շատ է ինձ դուր գալիս:
Ես շատ եմ սիրում հայկական մեծ ընտանիք: Առաջ Աստված, ամեն բան լավ կլինի՝ հարազատներիս հետ հանդիպումը, ծանոթությունը ամուսնուս ընտանիքի հետ եւ համերգը: Տեսնում եմ Հայաստանում, որքան շատ են լինում համերգներ, ու տարբեր երկրներից մարդկ են ժամանում հայրենիք: Դա ինձ շատ է ոգեւորում: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հասնելու մայր հողիս:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

