Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»
ՎերլուծությունՄԱԿ–ի ավարտված գագաթաժողովն աչքի ընկավ մեկ հետաքրքիր էպիզոդով: Այն, միգուցե, ավելի շատ թատերական բեմականացման տեսք ուներ, ամեն դեպքում, այդ տեսակետը եւս կա: Բայց եթե խորը նայենք, եթե անգամ դա թատրոն էր, ապա իրական կյանքից ոչ այնքան շատ կտրված:
ԹԱՏՐՈՆԸ` ԹԱՏՐՈՆ, ԲԱՅՑ...
Նկատի ունենք հայհոյանքների աստիճանի հասած այն լեզվակռիվը, որը ՄԱԿ–ի ամբիոնից ծավալվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի միջեւ: Այն տպավորությունն էր, որ ՄԱԿ–ից դուրս գալուն պես այս երկուսը կնետվեն իրար գզելու: Բայց չէ, բանը դեռ պատերազմի չի հասել. Նեթանյահուն ընդամենը գագաթաժողովից հետո լրատվամիջոցներով տարածեց, թե պատրաստվում է Էրդողանի դեմ «գործ տալ» Միջազգային դատարանում, որտեղ, չմոռանանք, Էրդողանն արդեն Նեթանյահուի դեմ «գործ տվել» է: Ու հաշվի առնելով, որ երկուսի ղեկավարած երկրներն էլ սույն դատարանի իրավասությունը չեն ճանաչում, այս վեճն ավելի է նմանվում դերասանության: Միայն թե երեւի ամեն բան այդքան էլ միանշանակ չէ:
Հասկանալու համար վերադառնանք ՄԱԿ–ում Նեթանյահուի ելույթին, որն աչքի ընկավ ոչ միայն Էրդողանի հասցեին հղված հայհոյանքներով: Այս ելույթի ամենահետաքրքիր մասն այն էր, որ Նեթանյահուն ստիպված էր խոսել գրեթե դատարկ դահլիճում. ներկա պատվիրակությունների բացարձակ մեծամասնությունը պարզապես դահլիճից դուրս եկավ: Այդ թվում` գրեթե բոլոր իսլամական երկրները: Ու, ամենահետաքրքիրը. դահլիճում մնացած փոքր թվով պատվիրակությունների մեջ էր Ադրբեջանի ներկայացուցիչը` ամենայն ուշադրությամբ լսելով «ավագ եղբոր»` Էրդողանի հասցեին հղված Նեթանյահուի բոլոր հայհոյանքները: Ու այստեղ հարցն ամենեւին էլ միայն այն չէ, թե Ալիեւը, վերջապես, ո՞ւմ «փոքր եղբայրն» է` Էրդողանի՞, թե` Նեթանյահուի, թեեւ այս հարցը եւս շատ կարեւոր է:
Իրականում, իհարկե, ոչ միայն ադրբեջանական ուղղությամբ, այլ հարավկովկասյան տիրույթում Թուրքիան եւ Իսրայելը եթե անգամ իրար հետ չեն դաշնակցում, սակայն առնվազն փոխադարձ հանդուրժողականություն նրանց միջեւ կա: Բայց նաեւ այնպես չէ, որ մի ուղղությամբ կարող ես համագործակցել, մեկ այլ ուղղությամբ` թշնամություն անել: Չէ, մինչեւ որոշակի սահմանագիծ միգուցե հնարավոր է նաեւ նման երկակի խաղը: Բայց այդ գիծն անցնում ես, եւ արդեն կա՛մ բացարձակ թշնամություն է, կա՛մ բացարձակ համագործակցություն: Եվ ոչ թե ՄԱԿ–ում հիշատակված լեզվակռիվը, այլ «գետնի վրա» ընթացող որոշ զարգացումներ գալիս են ակնարկելու այն մասին, որ Իսրայելն ու Թուրքիան շատ են մոտեցել այդ գծին, եթե այն չեն հատել:
Վերջին օրինակը. ՄԱԿ–ում այդ «մենամարտից» ոչ շատ առաջ հայտնի դարձավ սիրիական Հալեպում ռազմականացված խոշոր օբյեկտներում նոր պայթյունների մասին: Սիրիական իշխանությունները փորձեցին զարգացնել «պատահական պայթյունի» վարկածը: Բայց այն դեպքում, երբ «պատահականությունը» շատ լավ զուգորդվում է Իսրայելի շահերի հետ, հազիվ թե որեւէ ողջամիտ մարդ այդ վարկածին հավատա: Կոնկրետ դեպքում, պայթել էին պաշտոնապես սիրիական բանակի զինապահեստներ, որտեղ իրականում Թուրքիան կենտրոնացնում էր ՀՕՊ–ի համար նախատեսված եւ այլ նշանակության զինամթերքի մեծ ծավալներ: Ընդ որում, սա առաջին նման օրինակը չէ: Այսինքն, Թուրքիան համառորեն շարունակում է բարձրացնել իր մարտունակությունը սիրիական տիրույթում, այսինքն, դրա սուր կարիքն ունի: Իսրայելը համառորեն դա թույլ չի տալիս, եւ «պատահական» պայթյուններն էլ նպաստում են դրան. սա էլ խոսում է, որ Թել Ավիվի ընկալմամբ, Հյուսիսային Սիրիայում Թուրքիայի ռազմական ամրապնդումն իր դեմ է: Այսինքն, կողմերն ակնհայտորեն ինչ–որ սրացումների պատրաստվում են` այս պահին աշխատելով ռազմական բալանսն այս կամ այն կողմ թեքելու ուղղությամբ: Կամ կարելի է այսպես. կողմերը միանգամայն իրատեսական են համարում ռազմական բախման սցենարը, եւ հիմա ամեն մեկը փորձում է ռազմական բալանսն իր օգտին թեքել: Եվ եթե բանը հանկարծ հասնի ուղիղ բախումների, ապա այլ ուղղություններում, այս դեպքում` Հարավային Կովկասում թե ինչ հարաբերություններ ունեն, մեկ է, այդ ամենը վերադասավորվելու է գլխավորի` ռազմական բախման համատեքստում: Իսկ այս տրամաբանությունն արդեն իսկ ՄԱԿ–ում Էրդողանի եւ Նեթանյահուի լեզվակռվին մի փոքր այլ երանգ է տալիս` ոչ «մաքուր թատերական ներկայացման» վարկածի օգտնին:
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԹՈՒՐՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ամեն դեպքում` այն իրողությունները, որոնք ներկայումս ստեղծվել են Մերձավոր Արեւելքում, իրենց հերթին են թուրք–իսրայելյան բախման հավանականությունը նկատելիորեն մեծացրել: Առաջին հերթին խոսքը հուսիթների մասին է, որոնց վերջին մեկ–երկու ամսվա գործողությունները կտրուկ փոխեցին տարածաշրջանում ռազմական բալանսը: Ներկա իրողությունները սրանք են: Ամենակարեւորը, հուսիթները այս պահին կայուն վերահսկողություն ունեն համաշխարհային կարեւորագույն լոգիստիկաներից մեկի` Բաբ էլ–Մանդեբի նեղուցի վրա: Երկրորդը, շարունակում են ակտիվ հարձակումը Եմենի ներսում, եւ, դատելով վերջին տեղեկություններից, ներկա պահին Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող ուժերը հասնում են գրեթե լիակատար քաոսային վիճակի: Հաջորդը. նախօրեին տեղեկություն եղավ, որ Սաուդյան Արաբիան, որը դեպի Եվրոպա ոչ միայն նավթի, այլ նաեւ նավթամթերքների հիմնական մատակարարներից էր, հիմա ստիպված է բենզին եւ դիզվառելիք գնել նույն Եվրոպայից: Ընդ որում, շատ բարձր գներով, հաշվի առնելով, որ նավթի համաշխարհային գներն արդեն կայունացել են` մեկ բարելի համար 100 դոլարից բարձր տիրույթում: Բանը հասել է նրան, որ արդեն Թրամփն է բաց տեքստով խոսում ԱՄՆ–ից նավթամթերքի արտահանման հնարավոր արգելքի մասին` ներամերիկյան շուկան վերջնական փլուզումից պաշտպանելու համար: Իսկ առանց ամերիկյան նավթամթերքի ներմուծման կարող է վերջնականապես պայթել Եվրոպայի, այդ թվում` Բրիտանիայի էներգետիկ համակարգը` հասկանալի հետեւանքներով հանդերձ: Ու այս օրերին այդ ուղղությամբ տագնապի նշանների պակաս Եվրոպայում չկա:
Եվ ահա այս ամենի ֆոնին, այդպես էլ ԱՄՆ–ից չի լսվում իրանական խնդրի կարգավորման մասին որեւէ տրամաբանական խոսք: Կան միայն որոշ ազդակներ, որ Թրամփը փորձում է ինչ–որ կերպ Սաուդյան Արաբիային օգնել` հուսիթների դեմ պայքարում: Բայց, կրկնենք, այս պահին հուսիթները միայն հարձակվում են:
Այսպիսով, ստացվում է նման պատկեր. իրանական խնդիրը չի լուծվում, դա հիմնապես փոխել է Մերձավոր Արեւելքում բալանսը եւ սպառնում է վատթարագույնով` համաշխարհային, համենայնդեպս` արեւմտյան տնտեսության գլոբալ ճգնաժամով: Իսկ կիսաքայլերը, որոնք այս իրավիճակում ձեռնարկում է Թրամփը, որեւէ տեսանելի լուծում չեն առաջարկում:
Կարճ ասած, իրավիճակը ավելի է խորանում այս երկընտրանքի ուղղությամբ: Պետք է Իրանի հարցով լուծում, որն այս պահին իրատեսական է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ Իրանի պայմաններն ԱՄՆ–ի կողմից ընդունելու տեսքով: Ընդ որում, առաջին տարբերակը եղել եւ մնում է ծայրահեղ անորոշ, եթե միայն ԱՄՆ–ն չորոշի միջուկային զենքի անցնել, բայց նաեւ այն ռիսկով, որ կարող է պատասխան լինել: Իսկ ահա երկրորդ տարբերակն առնվազն Մերձավոր Արեւելքում կֆիքսի ներկա նոր բալանսը, որի պարագայում Իսրայելը շատ երկար ժամանակով հակաիրանական գործունեության որեւէ ռեալ տարբերակ չի ունենալու:
Իսկ նման պատկերը Նեթանյահուի համար հետեւյալ իրողություններն է խոստանում: Հաշտվել իրականության հետ, հրաժարվել «Մեծ Իսրայելի» տեսլականից, թուլանալ եւ աշխատել հաճույք ստանալ: Միայն թե նա այդ «հաճույքը ստանալու» է բանտում, որից խուսափելու որեւէ շանս չի ունենա: ՄԱԿ–ի դատարկ դահլիճում նրա ելույթն այդ մասին ամենացայտուն ազդակն էր: Եվ երկրորդը, փորձել պահել «Մեծ Իսրայելի» սցենարը, սակայն այն հիմնական` Իրանի ուղղությունից շրջել դեպի Թուրքիա: Այն է` Իրանի փոխարեն Թուրքիային ներկայացնել, որպես համաշխարհային թիվ 1 չարիք, որին պետք է ամեն կերպ ոչնչացնել: Առիթն էլ կա, որը նաեւ արտացոլված է ընդդեմ Էրդողանի` Միջազգային դատարան Իսրայելի կողմից հղվող հիշատակված բողոքում: Այն է` Թուրքիան ճնշում է քրդերին: Ընդ որում, ժամանակը չի ներում. Իսրայելում պետք է լինեն ընտրություններ, եւ եթե մինչ այդ Նեթանյահուն նոր «գլխավոր թշնամի» չգտնի, բանտում հայտնվելու հեռանկարները կտրուկ մեծանում են:

