Մտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասին
ՄշակութայինՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՐՑԱԽ
Երբ ռուս հրապարակախոս Վալենտին Օսկոցկին ուղեւորվեց Լեռնային Ղարաբաղ, նա չէր գնում որպես ռազմական թղթակից կամ գրասենյակային պաշտոնյա։ Նա գնաց որպես մի մարդ, որի համար ուրիշի ցավն իր համար օտարի ցավ չէ։ Այդ ուղեւորության ժամանակ նա մտավ մոսկովյան հինգ գրողներից բաղկացած խմբի կազմի մեջ։ Նրանից բացի, խմբի մեջ էին Անդրեյ Նույկինը, նրա կինը՝ Գալինա Նույկինան, Յուրի Չեռնիչենկոն, Թիմուր Գայդարը։ Նրանց բոլորին միավորում էր մի բան՝ այն համոզմունքը, որ ԼՂ-ում հայերի վիճակի, ճշմարտության մասին անհրաժեշտ է խոսել, նույնիսկ եթե դա չեն ցանկանում լսել։
ԻՆՉՊԵՍ ԱՐՑԱԽ ՄԵԿՆԱԾ ՌՈՒՍ ԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
1991 թ․-ի փետրվարի կեսերին հինգ մոսկվացի գրող ժամանեցին Երեւան։ Օդանավակայանում նրանց դիմավորեց Զորի Բալայանը՝ գրող, հրապարակախոս, մի մարդ, որի համար Արցախը ոչ թե պարզապես հայրենիք էր, այլ` ճակատագիր։ Այնտեղից ճանապարհը ձգվեց ավելի հեռու՝ դեպի ԼՂ, որտեղ այն ժամանակ ոչ բոլոր ինքնաթիռներն էին համարձակվում թռչել. խանգարում էր ոչ միայն անբարենպաստ եղանակն, այլեւ հենց պատերազմը։
Ավելի ուշ՝ 1991 թ․-ի մարտին, հենց այս գրողները կդառնային ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի միջուկը, որը ստեղծվել էր Արցախի հայ բնակչության ճակատագրով մտահոգված հայտնի գրողների եւ հրապարակախոսների ջանքերով։
Ահա թե ինչպես է նրանց ժամանումը հիշում Զորի Բալայանը. «Ստեփանակերտի օդանավակայանն արդեն գրավված էր ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից, որը գլխավորում էր, այսպես կոչված, կազմկոմիտեի ղեկավար, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Պոլյանիչկոն: Ղարաբաղն, ըստ էության, արդեն ոչ թե շրջափակման մեջ էր, այլ` պաշարման:
Օրական սովորական 20 չվերթի փոխարեն ЯК-40-ով թույլատրվում էր կատարել ընդամենը չորսը։ Այսինքն՝ միայն 120 մարդ կարող էր թռչել Ստեփանակերտ կամ դուրս գալ այնտեղից։ Պատահում էր, որ շաբաթներով թռիչքներ չէին լինում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։
Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում ղարաբաղցիների արժանապատվությունը երբեք այդքան չէին նվաստացրել, որքան դա տեղի էր ունենում օդանավակայանում՝ կուսակցական Պոլյանիչկոյի եւ գեներալ Սաֆոնովի օրոք։
Եվ դժվար է պատկերացնել, թե ինչպես կդասավորվեր Արցախի ճակատագիրը, եթե չլիներ ընդհատակայինների հերոսական դիմադրությունը։ Բարեբախտաբար, մենք մենակ չէինք։ Մեր բարեկամների թվում էր այս գրքի հեղինակը (նկատի ունի Վ. Օսկոցկու «Ղարաբաղյան օրագիր»-ը. ծանոթագրությունը հոդվածի հեղինակինն է), խիզախ մարդ, Մոսկվայի գրողների կազմակերպության ղեկավարներից մեկը, տաղանդավոր բանաստեղծ եւ հրապարակախոս Վալենտին Դմիտրիեւիչ Օսկոցկին»։
Երեւան ժամանելու հաջորդ օրը՝ փետրվարյան մի ցուրտ օր, Բալայանը մոսկովյան «հնգյակին» «Էրեբունի» օդանավակայանից ճանապարհեց Արցախ։ Նա ամբողջ ցերեկը սպասեց նրանց վերադարձին, բայց գրողներին տեղափոխող ինքնաթիռը չվերադարձավ։
«Ես ամեն հինգ րոպեն մեկ հեռախոսով կապվում էի Ստեփանակերտի հետ,- հիշում է Բալայանը,- Պարզվեց, որ վայրէջքից անմիջապես հետո Անդրեյ եւ Գալինա Նույկինները, Թիմուր Գայդարը, Յուրի Չեռնիչենկոն եւ Վալենտին Օսկոցկին գերի էին ընկել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայիններին։ Նախկին հանցագործ ոմն Հաջիեւ, որը դարձել էր հրոսակախմբի ղեկավարը, զեկուցել էր Պոլյանիչկոյին ռուս գրողների ժամանման մասին եւ տվել նրանց անունները։ Պոլյանիչկոն, զգալով Բաքվի առաջ «փայլելու» հնարավորությունը, հրամայել է «այդ երկուսին»՝ Գայդարին եւ Չեռնիչենկոյին, իր մոտ բերել, իսկ մյուս երեքին պատանդ թողնել օդանավակայանում»։
Այսպես սկսվեց Վալենտին Օսկոցկու ղարաբաղյան ոդիսականը, մի գրողի, որը գնացել էր Արցախ, որպեսզի տեսնի ճշմարտությունը եւ անմիջապես հայտնվել էր դրամայի կենտրոնում։
«ԹՎՈՒՄ Է՝ ԻՆՔԸ՝ ՀՈՂՆ Է ՇՈՒՆՉԸ ՊԱՀԵԼ…ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԳՈՌՈՒՄ, ԱՂՈԹՈՒՄ Է»
Երբ Օսկոցկին գրում էր իր «Ղարաբաղյան օրագիր»-ը, նա արդեն հասկանում էր, որ դա սովորական ռեպորտաժ չի լինելու։ Նա այնտեղ գնաց ո՛չ հանուն փառքի, ո՛չ էլ հանուն քաղաքականության։ Նա գնաց որպես մի մարդ, որը չէր կարող լռել։
«Չի՛ կարելի լռել։ Լռել նշանակում է հանցագործություն կատարել սեփական խղճի առաջ»,- ավելի ուշ կգրեր նա։ Ավելի քան 30 տարի առաջ ասված այս արտահայտությունն այսօր հնչում է որպես դատավճիռ այն ժամանակի, որը կրկին ընտրել է լռությունը։
Նրա ուղին սկսվեց Երեւանից։ Այն ժամանակ քաղաքն ապրում էր տագնապալից սպասումով. աշխարհը քանդվելու վրա էր, իսկ Ղարաբաղը այրվում էր։ Լեռների ու ձյան միջով անցնող ճանապարհին մեքենաների շարասյուները ոչ միայն փոխադրամիջոց էին, այլեւ վկաների քարավան։ Օսկոցկին մեքենայով գնում էր, որպեսզի տեսնի ու պատմի։ Որպեսզի արձանագրի ցավը, քանի դեռ այն չեն ջնջել պաշտոնական ձեւակերպումներով։
Նա գրել է. «Լեռների միջով մի ճանապարհ է անցնում, դրանով ձգվում են փախստականներով բեռնատարներ։ Մեքենաների խցիկներում քնած են երեխաները, կանայք ձեռքներին կապոցներ են պահել։ Նրանք չգիտեն, թե ուր են գնում։ Նրանք պարզապես հեռանում են մահից»։
Ստեփանակերտում նա գրի էր առնում անուններ, լուսանկարում էր եւ զրուցում մարդկանց հետ, որոնց, հիշողությունից բացի, էլ ուրիշ բան չէր մնացել։ Մի անգամ նա մտավ մի կիսաավերված տուն, որտեղ ծեր կինը ձեռքերն էր տաքացնում դատարկ վառարանի վրա։ Նա նրան ցույց տվեց ծխից մթնած մի սրբապատկեր եւ ասաց. «Ահա այն ամենն, ինչ մնացել է ինձ։ Թեկուզ պատերը տանեն, բայց սա չեմ տա»։ Ավելի ուշ նա կգրեր իր օրագրում. «Այս կնոջ մեջ ամբողջ Ղարաբաղն է։ Նա այրվեց, բայց չհպատակվեց։ Սա հողի համար պատերազմ չէ, սա հանուն մարդ մնալու իրավունքի պատերազմ է»։
Լրագրող-գրողը Ղարաբաղը դիտում էր ոչ թե որպես ռազմաճակատի, այլ որպես մարդկային ճակատագրի հայելու։ Նա տեսնում էր ավերված տների միջով վազող փոքրիկ տղաների, լսում էր հրետանու որոտը եւ, ամենասարսափելին, լսում էր լռությունը։
«Հրետակոծությունից հետո լռությունը զնգում է, ինչպես լարը։ Եվ թվում է, թե ինքը` հողն է շունչը պահել։ Ղարաբաղը չի գոռում, այլ աղոթում է»,- գրել է նա։
Օսկոցկու համար «Արցախ» նշանակում էր ոչ թե քաղաքականություն, այլ խիղճ։ Նա ասում էր. «Այնտեղ, որտեղ մեռնում է կարեկցանքը, սկսվում է անապատը»։ Եվ ավելացնում էր. «Գրողն իրավունք չունի կողմնակալ լինելու...»։ Նրա օրագրից այս տողերը վաղուց պետք է դառնային լրագրողական մասնագիտության մանիֆեստը։
Երբ նա վերադառձավ Ղարաբաղից, ընկերները հարցրին՝ ինչո՞ւ։ Նա պատասխանեց. «Որպեսզի համոզվեմ, որ մարդը դեռեւս ունակ է կարեկցելու։ Իսկ եթե ունակ չէ, այդ մասին ասեմ»։
«ԵԹԵ ԱՇԽԱՐՀԸ ԼՌԻ, ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐԿՆՎԻ», ԵՎ ԱՅՆ ԿՐԿՆՎԵՑ
Այդ ժամանակից անցել է երեք տասնամյակ։ Սակայն այն ճանապարհները, որոնցով նա մի ժամանակ անցել էր, կրկին լցված էին մարդկանցով՝ այս անգամ ոչ թե ականատեսներով, այլ վտարանդիներով։
2023 թվականի աշնանը պատմությունն ավարտվեց։ Ղարաբաղի հայերը՝ նրանց ժառանգները, որոնց մասին գրել է Օսկոցսկին, ադրբեջանական իշխանությունների կողմից սարքված իննամսյա շրջափակումից հետո կրկին ստիպված եղան հեռանալ։ Հոգնած, քաղցած, 2020 թվականի 44-օրյա պատերազմում եւ 2023 թվականի սեպտեմբերին իրենց զավակներին թաղած 100 հազարից ավել մարդ լքեց Արցախն ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Մարդիկ քայլում էին այն նույն ճանապարհներով, որտեղ մի ժամանակ կանգնած էր լրագրողը՝ նոթատետրը ձեռքին, իսկ հիմա ուրիշ լրագրողներ էին աշխատում, գրում էին ռեպորտաժներ, այդ մասին շեփորահարում էին այն աշխարհին, որը կրկին գրեթե անտարբեր եղավ։ «Եթե աշխարհը լռի, ողբերգությունը կկրկնվի»,- զգուշացնում էր Օսկոցկին։ Եվ այն կրկնվեց։
Ավտոբուսներում ու բեռնատարներում կանայք էին երեխաների հետ, ծերեր, որոնց մեջ կային նաեւ Հայրենական մեծ պատերազմի հարյուրամյա վետերաններ։ Մարդիկ դուրս էին գալիս Արցախից, ով ինչով կարող էր։ Գործի էին գցվել մեքենաներ, որոնք տարիներով կանգնած էին ավտոտնակներում։ Կանանց ծնկներին երեխաներ էին, սրբապատկերներ, հին լուսանկարներ, փաստաթղթեր։
Տղամարդկանց աչքերում անելանելիություն էր եւ անսահման հոգնածություն։ Նրանք կռվել էին իրենց ուժերով մինչեւ վերջ՝ առանց աջակցության՝ չկասկածելով, որ վաղուց էին որոշել հանձնել Արցախը։ Ուժեղ եւ խիզախ ղարաբաղցիները, որ մի քանի սերունդ մարտիկ էին, դարեր շարունակ հայկական արյունով հեղված իրենց հարազատ հողի պաշտպաններն էին, դարձան մեծ քաղաքականության զոհերը։ Հիմա ադրբեջանցիները հպարտանում են իրենց հաղթանակով, բայց ո՞ւմն է այդ հաղթանակը։ Թուրանական աշխարհի հաղթանակն է, քաղաքական ուժի հաղթանակն է մարդկության նկատմամբ։
Այս ամենը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերը, երբ խորհրդային ժողովուրդը պատրաստ չէր պատերազմին. մարդիկ ֆաշիստական տանկերի դեմ գնում էին եղաններով ու բահերով։ Հետո սկսվեց զորահավաքը, տանկերի եւ զենքի արտադրությունն արագացավ, տղամարդիկ գնացին ռազմաճակատ, կանայք ու երեխաները՝ գործարաններ։ Ահա այդպես էլ ղարաբաղցիները հին զենքերով դուրս եկան ժամանակակից զենքերի դեմ, տեխնիկայի ու կրակի դեմ, որոնք իրենք երբեք չէին տեսել։ Իսկ ադրբեջանական «բորենիները» գործում էին սառնասրտորեն, անխնա՝ չթողնելով փրկության հնարավորություն։
«ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ՊԱՐՏՎՈՒՄ, ԱՅԼ՝ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ»
Երբ հայերի վերջին շարասյունը հատեց սահմանը, լռություն իջավ Արցախի վրա։ Այն նույն լռությունը, որի մասին գրել էր Վալենտին Դմիտրիեւիչը։ Միայն թե այժմ դա այրված հողի լռությունն էր։
Այսօր Ստեփանակերտը դատարկ է։ Ինչպիսին էլ որ լինեն քաղաքում «նոր կյանք» ցույց տալու ադրբեջանական քարոզչության ջանքերը, միեւնույնն է, այնտեղ դատարկ է։ Տների պատերին ծխի հետքեր են եւ արկերի պայթյուններից առաջացած փոսեր, փողոցներում կոտրված լուսամուտներ են, ցաքուցրիվ եղած գրքեր ու մանկական խաղալիքներ։ Թվում է՝ նույնիսկ քարերն այստեղ հիշում են նրանց քայլերը, ովքեր հեռացել են։
Եկեղեցիները դատարկ են, վանքերը՝ առանց զանգերի, իսկ որոշ տաճարներ վերածվում են մզկիթների... Լեռների գագաթներին խաչերը թեքվել են՝ կարծես վշտի ծանրության տակ։ Աշխարհը կրկին երես է շրջել, կարծես, ոչինչ էլ չի պատահել։ Եվ այս հայկական տները դատարկ կմնան, ինչպես դատարկ մնացին 1915 թ․-ի Ցեղասպանությունից հետո հայերի լքած քաղաքներն ու գյուղերը՝ Կարսը, Վանը, Բայազետը եւ շատ ուրիշներ։ Ես քրդերից լսեցի այն հարցի պատասխանը, թե ինչու նրանք չեն ապրում հայկական տներում. «Այնտեղ հայերի ոգիներն են»։ Եվ թող այդ ոգիները, որպես անեծք, թույլ չտան ադրբեջանցիներին հանգիստ ապրել։ Հայերի գերեզմանները, որքան էլ դրանք բուլդոզերները հողին հավասարեցնեն, կաղաղակեն հողի միջից, իսկ խաչքարերը, չնայած դրանք ոչնչացնելու բոլոր փորձերին, կպահպանեն իրենց խաչերն ու իրենց զորությունը։
Ինչպես գրել է Օսկոցկին, «Ղարաբաղը չի պարտվում, այլ մարդկությունը։ Պարտվում է ամեն ոք, ով երես է թեքում»։ Այսօր, կարդալով նրա օրագիրը, հասկանում ես. Օսկոցկին գրել է ոչ միայն Ղարաբաղի մասին, այլեւ հիշողության եւ անտարբերության, արմատների ու եկվոր տիրապետության միջեւ հավերժական պայքարի մասին: Դարերով իրենց մշակույթը ստեղծած, եկեղեցիներ կառուցած, երեխաներին կրթած հայկական դինաստիաների, Ղարաբաղի մելիքությունների եւ նրանց միջեւ, ովքեր եկել են օտար, հաճախ կործանարար սովորույթներով…
Արցախը այս իմաստով Բյուզանդիա է, որը բարբարոսների զոհը դարձավ։ Լեռները, վանքերը, խաչքարերը, այն ամենն, ինչը ստեղծվել էր դարերի ընթացքում, այժմ անպաշտպան դարձավ նոր իշխանության առաջ, նրանց առաջ, ովքեր չեն կարողանում պահպանել ուրիշի ժառանգությունը եւ ցինիկաբար ոչնչացնում են ամբողջ աշխարհի աչքերի առաջ։ Աշխարհը լռում է, իսկ ադրբեջանցիները ոչնչացնում են Հայրենական մեծ պատերազմի հերոսների եւ հայ ազգային հերոսների հուշարձանները։ Սկզբում նրանք պղծում են հուշարձանները, նկարահանում տեսանյութեր եւ տեղադրում դրանք սոցիալական ցանցերում։ Եվ այս աշխարհը լռում է, քանի որ նրանք «կարգի են բերում աշխարհը, խաղաղություն են բերում»։
ԵԼԵՆԱ ՇՈՒՎԱՅԵՎԱ

