Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո
ՍպորտԱրգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարն առանձնացավ պատմական իրադարձությամբ: 39-ամյա հայտնի հայ ըմբիշ, աշխարհի չեմպիոն և Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, ներկայացնելով Արգենտինան, ոսկե մեդալ նվաճեց մինչև 77 կգ քաշային կարգում:
Եզրափակիչ գոտեմարտում Ջուլֆալակյանը 4-2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ կոլումբիացի Խաիր Կուերոյի նկատմամբ՝ ռևանշի հասնելով խմբային փուլում նրանից կրած պարտության դիմաց: Այս մեդալը պատմական նշանակություն ուներ Արգենտինայի համար. երկիրը վերջին 16 տարիների ընթացքում Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ըմբշամարտի ոսկե մեդալ չէր նվաճել:
Արսեն Ջուլֆալակյանի անունը հայկական սպորտում վաղուց արդեն ոսկե տառերով է գրված: Ծնվելով 1987 թվականին Գյումրիում՝ 1988-ի Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ընտանիքում, Արսենը կարողացավ կերտել սեփական փառահեղ ուղին: 2009-ին նա դարձավ Եվրոպայի, իսկ 2014-ին՝ աշխարհի չեմպիոն, սակայն նրա կարիերայում շրջադարձային եղավ 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը:
Թվում էր, թե 2021 թվականի հուլիսին, «Տոկիո-2020»-ի ուղեգրի համար պայքարում հավաքականի ներսում տեղի ունեցած վիճահարույց որոշումներից և քաղաքականություն մուտք գործելուց հետո, նրա սպորտային կարիերան ավարտված է: Սակայն 2023 թվականին Շվեյցարիայում կայացած հանդիպումը արգենտինացի նախկին օլիմպիական ըմբիշ, ներկայումս Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնյա Յուրի Մայերի հետ, փոխեց ամեն ինչ:
«Չե՞ս ցանկանում քո չորրորդ Օլիմպիական խաղերում ներկայացնել Արգենտինան»,- Մայերի այս անսպասելի առաջարկը վերածնեց Ջուլֆալակյանի սպորտային կիրքը:
Վերադարձը հեշտ չէր: Ջուլֆալակյանը պատրաստվում էր հանդես գալ «Փարիզ-2024»-ում, սակայն ծանր վնասվածքի պատճառով ստիպված եղավ մեկ տարի տրամադրել վերականգնմանը: Չցանկանալով սպորտից հեռանալ վնասվածքի պատճառով՝ նա շարունակեց պայքարը և արդեն 2025 թվականին Մոնտերեյում կայացած Համաամերիկյան առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ:
Ռոսարիոյում կայացած Հարավամերիկյան խաղերի այս ոսկին ամրապնդեց նրա դիրքերը նոր հավաքականում: Տեղի երկրպագուները հայ չեմպիոնին ընդունեցին որպես յուրայինի, իսկ ինքը՝ Ջուլֆալակյանը, արդեն նախանշել է հաջորդ գլխավոր նպատակը: Չնայած 39 տարեկան հասակին՝ փորձառու ըմբիշը հայտարարել է, որ մտադիր է պայքարել 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար՝ կրկին Արգենտինայի դրոշի ներքո:
Նշենք նաև, որ Ռոսարիոյում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարն անցավ լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Արգենտինայի հավաքականին ևս մեկ արծաթե մեդալ պարգևեց 21-ամյա Ռիկարդո Նաուել Գոմեսը (97 կգ), իսկ թիմային հաշվարկում աչքի ընկան նաև Վենեսուելայի ներկայացուցիչները՝ նվաճելով երեք ոսկե մեդալ:
Armsport

