Ռուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունը
ՎերլուծությունԱյսպիսով, Ռուսաստանում ավարտվում է Պետական դումայի ընտրություններիի վերջին փուլը` քվեարկությունը: Այսինքն, 2022 թվականին մեկնարկած ուկրաինական պատերազմի ընթացքում առաջին անգամ կփոխվի պետական կառավարման այնպիսի կարեւոր ինստիտուտ, ինչպիսին է խորհրդարանի 450 տեղանոց ստորին պալատը։
ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իհարկե, բուն ընտրությունների արդյունքների հետ կապված մինչ քվեարկությունն էլ էական անակնկալներ չեն սպասվում: Ամենահավանական տարբերակն է, որ ոչ միայն իշխող ուժը` «Եդինայա Ռոսսիյան» կվերարտադրվի, այլ նաեւ, որ այսպես թե այնպես, խորհրդարանական ընդհանուր բալանսը կպահպանվի: Եվ ամենեւին էլ այս տեսանկյունից չէ, որ այս ընտրությունները, առանց չափազանցության, համաշխարհային հիմնական հետաքրքրությունների շարքում են հայտնվել: Դրա պատճառն այլ է. Պետդումայի ընդհանուր բալանսի պահպանմամբ հանդերձ, հնարավոր են դարձել այն կարգի գլոբալ փոփոխություններ, որոնք հետագա որոշիչ տեղաշարժերի խթան կարող են դառնալ:
Բայց նախ մեկ պարզ միտք է պետք ֆիքսել: Ասել, թե ՌԴ Պետդուման երկրում իրենից քիչ բան է ներկայացնում, քանի որ` «մեկ է, ամեն ինչ որոշողը Պուտինն է», իհարկե, կոպիտ սխալ է: Պուտինը, իհարկե, որոշիչ գործոն է: Բայց նաեւ չմոռանանք, որ Պետդումա ասվածը նշանակում է երկրի քաղաքական էլիտայի վերին շերտ: Իսկ քաղաքական էլիտան այնքան էլ միատարր հասկացություն չէ, այսինքն, որ հենց Պուտինը բերանը բացեց, բոլորը միասին վազում են կատարելու: Այդ էլիտայի ներսում բազում քաղաքական, տնտեսական, ընդհուպ` աշխարհաքաղաքական գործոններ են մշտապես խմորվում, եւ այդ ամենը, գումարած նաեւ նախագահական, կրկնենք, շատ մեծ գործոնը, ձեւավորում է երկրի քաղաքական կուրս ասվածը:
Ուրեմն, ի՞նչ է այս պահին` մինչ այս ընտրությունները, իրենից ներկայացնում Ռուսաստանի քաղաքական էլիտա ասվածը: Դետալները մի կողմ թողնելով` ֆիքսենք միայն հիմնականը. ներկա էլիտան սկսել է ձեւավորվել ԽՍՀՄ–ի փլուզման արդյունքների հիման վրա, ու թեեւ ընթացիկ մի շարք փոքր վերադասավորումներին, մինչ այսօր էլ այդ նախնական տեսքը հիմնականում պահպանում է: Այն է` հիմնական ուղղվածությունը կամ առնվազն էլիտայի մի ստվար հատվածի ուղղվածությունը մնում է Արեւմուտքը: Պատճառը եւս պարզ է. ռուսական էլիտայի մի նկատելի հատվածը Արեւմուտքի հետ անցած երեքուկես տասնամյակներին այն կարգի քաղաքական, ֆինանսական եւ այդ տիպի այլ շահերի հարցում շաղկապման մեջ է մտել, որ հիմա ատամներով են այդ կուրսը պահում, անկախ այն բանից, թե Ռուսաստանի բուն շահն ինչ է պահանջում: Ընդ որում, խոսքը նաեւ այնպիսի առանցքային ուղղությունների մասին է, ինչպիսիք են գազը, նավթը, ֆինանսները եւ այլն: Եվ այն, որ անգամ շատ մեծ ցանկության դեպքում պետական վերին կառավարման համակարգը չի կարող այդ գործոնները շրջանցել, եթե անգամ դա որոշակի դեպքերում դեմ է պետական շահին, դա եւս քանիցս ապացուցվել է:
Այսինքն, եթե ԽՍՀՄ–ից հետո ստեղծված այդ էլիտայի որակական փոփոխություն լինի, դա արդեն, ըստ էության, կդառնա, բառիս բուն իմաստով` հեղափոխություն: Եվ հենց այդ սպասելիքն է, որ դրված է Պետդումայի ներկայիս ընտրությունների հիմքում: Ամեն դեպքում, հենց Պուտինը բաց տեքստով հայտարարեց` ստեղծվելու է «նոր էլիտա», եւ այդ դերում նա տեսնում է ուկրաինական պատերազմի վետերաններին, այն է` նրանց նկատելի ներգրավվածությունը: Նաեւ թվերն են այդ մասին խոսում` 450 տեղանոց խորհրդարանում կուսակցությունների ցուցակներում (մեծ մասը` «Եդինայա Ռոսսիայի») ընդգրկված են մոտ 200 վետերաններ, մոտ 1400-ն էլ թույլտվություն է ստացել առաջադրվելու տարածաշրջանային եւ տեղական ընտրություններում։ Ընդ որում, նրանց էական մասը անցողիկ դիրքերում է, եւ եթե անգամ 150–ը հայտնվի խորհրդարանում, ապա դա, իհարկե, կնշանակի որակական փոփոխություն: Ավելի կոնկրետ` մեծ հարված ռուսական էլիտայի մեջ առկա արեւմտամետ գործոնին:
Կարճ ասած, մոտավորապես հենց սա էլ այս ընտրությունների հիմնական մեխն է. Ռուսաստանը կարող է էապես ձերբազատվել ոչ թե պարզապես կառավարման համակարգի, այլ` քաղաքական էլիտայի այն մոդելից, որն արհեստականորեն ներդրվեց ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, եւ վերադառնալ ազգային ուղղվածությանը: Իհարկե, ոչ ամբողջական, բայց եթե անգամ դա մասամբ էլ հաջողվի, սա աշխարհաքաղաքական իմաստով է նշանակում տեկտոնիկ տեղաշարժ:
ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՉՍՏԱՑՎԵՑ
Այսպիսով, այս ընտրությունների արդյունքում Մոսկվան լուրջ տրամպլին կարող է ստանալ, վերջնական հայտ ներկայացնել` ԽՍՀՄ–ից հետո կորցրած աշխարհաքաղաքական դիրքերը վերականգնելու հարցով: Այդ հայտի նախնական փուլը, իհարկե, ուկրաինական պատերազմի մեկնարկն էր: Եվ հիմա, եթե նաեւ Մոսկվային հաջողվի ռուսական քաղաքական էլիտային տեղափոխել այդ ուղղվածություն, ամեն բան շատ ավելի լուրջ է դառնալու:
Դա, իհարկե, պարզ գիտակցում են նաեւ Արեւմուտքում: Այսինքն, որ ի տարբերություն ԽՍՀՄ–ի ժամանակների, ներկայումս Չինաստանն արդեն դարձել է լիովին ինքնուրույն աշխարհաքաղաքական բեւեռ: Եվ եթե Ռուսաստանին եւս հաջողվի ձերբազատվել ԽՍՀՄ–ից հետո նրա վրա դրված կապերից եւ իր հերթին վերածվի լիովին ինքնուրույն գործոնի, ապա չին–ռուսական տանդեմը պարզապես անհաղթահարելի է դառնում առանց այդ էլ իր ռեալ ռազմավարական դիրքերն էապես թուլացրած հավաքական Արեւմուտքի համար: Իսկ դա հավաքական Արեւմուտքի համար գործնականում անխուսափելի է դարձնում այնպիսի բարդ ներքին խմորումները, որոնք պարտադրելու են մտածել ոչ թե ներկա հեգեմոնիայի պահպանմանը, այլ շատերի համար լինել–չլինելու մասին: Ընդ որում, այդ լինել–չլինելը վերաբերում է անգամ երբեմնի այնպիսի առաջատար խաղացողի, ինչպիսին է Բրիտանական կայսրությունը:
Նման հեռանկարից խուսափելու մի վերջին հնարավորություն էր, օգտագործելով նաեւ Պետդումայի ընտրությունները, Ռուսաստանում հեղափոխական նշանակության հեղաշրջման հասնելը: Այս մասին խոսելու առիթներ ունեցել ենք. նպատակ էր դրված ուղիղ ԱՄՆ–ի, Բրիտանիայի, ՆԱՏՕ–ի միջամտությամբ Ռուսաստանի խորքային գոտիներում հասցվով հարվածների միջոցով հասնել ներքին հանրային խոշորամասշտաբ լարվածության, հակաիշխանական զանգվածային ելույթների: Ու դա մասամբ, իհարկե, հաջողվեց: Հաջորդ փուլում պետք էր արտաքին մեգաֆինանսավորմամբ «Յաբլոկո» կուսակցությանը մղել առաջին պլան, եւ եթե անգամ չհաջողվեր այդպիսով մեծամասնություն վերցնել, կար հանրային ճնշումներով դրան հասնելու հնարավորությունը եւս:
Սակայն մեխանիզմն ակնհայտորեն չաշխատեց: «Յաբլոկո»–ին պարզապես հեռացրին ընտրապայքարից` ի ցույց դնելով դրսի ֆինանսավորման փաստը: Ընդ որում, այդ ուժի բավականին թույլիկ առաջնորդներն առանձնապես չդիմադրեցին, թերեւս աչքի առաջ ունենալով հաջողության փոքր, բայց անհատական պատժի շատ մեծ հավանականությունը: Ու նաեւ, ռուսական հանրությունն առանձնապես չհուզվեց, երբ այդ ուժին ընտրություններից դուրս մղեցին:
Սրանից էլ զատ, ներքին մթնոլորտի հանդարտեցման ռեալ ազդակ դարձան այն պատասխան ռազմական հարվածները, որոնք ռուսական բանակը սկսեց հասցնել Ուկրաինային, ասենք նաեւ նրա թիկունքին կանգնած ուժերին: Նման է, որ աշխատեց ռուսական հոգեբանության կարեւոր կողմերից մեկը. պատրաստ են դիմանալ բոլոր հարվածներին, եթե կա մեծ հավատ, որ հաղթելու են: Եվ Ուկրաինային հասցվող այս մի քանի ամսվա համատարած հարվածները հենց այդ հաղթելու վստահությունն է, որ էապես ամրացավ` ռուսական հանրությանը հետ մղելով հոգեբանական հաջորդ գործոնից` պարտվողական տրամադրությունների դեպքում իշխանությունների դեմ դուրս գալուց:
Արդյունքում, ընտրությունների արդեն շեմին այն հիմնական գնահատումն է, որ ինչպես ընտրական, այնպես էլ հետընտրական հեղաշրջումային զարգացումների հավանականությունը չափազանց ցածր է: Իսկ դա, կրկնենք, Մոսկվային հնարավորություն է տալիս իրականացնել «հեղափոխություն վերեւից» սցենարը` առավելագույնս խաղից հանել արեւմտամետ քաղաքական էլիտային` «5–րդ շարասյունով» հանդերձ եւ առավելագույնս քաղաքական համակարգում ներգրավել ազգայնական ուղղվածության ուժերին: Իսկ դրա էֆեկտը շատ արագ կարող է տարածվոլ ողջ քաղաքական համակարգի վրա:
Ավելի ճիշտ, դրա բոլոր հնարավորություններն այս պահին կան: Բայց իրականում հենց դա՞ է Կրեմլի նպատակը. շատ նման է, բայց ժամանակից առաջ ընկնել էլ պետք չէ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72313

