Մենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ Մարտիրոսյան
ՀասարակությունՀայաստանի սուվերեն տարածքի՝ Ջերմուկի ուղղությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի օրը պետական մակարդակով մայրաքաղաքում եւ ոչ միայն՝ չհիշատակվեց: Ոչ ոք չհիշեց այն օրերը, երբ կրկին հայը գոյության եւ հողի կռիվ էր տալիս: Մինչդեռ այդ օրերին հայկական կողմը 224 զոհ տվեց, նրանցից 5-ը՝ կանայք:
Այդ մասին «Իրավունքը»-ը զրուցել է «Անահիտ» ջոկատի հրամանատար ԱՆԱՀԻՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ջերմուկի պատերազմը այդպես էլ չհիշատակվեց պետական մակարդակով։
— Բայց Դուք ի՞նչ էիք կարծում, պետք է հիշեի՞ն։ Իհարկե չեն հիշի: Մեզ ե՞րբ են հիշել, որ մի հատ էլ այսօրվա դրությամբ հիշեն: Նրանք ե՞րբ են հիշել զոհվածներին կամ հաշմանդամներին։ Այդ աղջիկներն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, բայց ոչ մի բան չարվեց նրանց համար, նրանց ընտանիքների եւ հիշատակը վառ պահելու համար: Գիտեք, տպավորություն է, կարծես թե, մենք այս իշխանության համար բեռ լինենք։
— Ի՞նչ առումով բեռ, տիկին Մարտիրոսյան։
— Դե, բեռ ենք, հոգս ենք այն առումով, որ մենք խանգարում ենք, որ հանգիստ ապրեն: Մենք ասելով՝ նկատի ունեմ պատերազմի հաշմանդամներին, զոհվածների ընտանիքներին՝ իրենց հոգսերով հանդերձ: Մենք այս պետությանը պետք չենք: Էլ ուր մնաց հիշեն, մեծարեն կամ ծաղիկ խոնարհեն զոհվածների հիշատակին: Իրենք ասում են՝ Արցախն Ադրբեջան է եղել: Ջերմուկում զոհվածներից Սուսաննան՝ իմ ընկերուհին է եղել։ Նա շատ վատ է ապրել, շա՜տ, բայց հայրենիքի նվիրյալ է եղել։
— Արցախի հայության տեղահանման տարելիցն է մոտենում, բայց դա հիշատակելու փոխարեն, մարդիկ ինչ-որ «Բերքի տոն․ գյուղական կյանք եւ ավանդույթներ» ամենամյա փառատոն են անցկացնում։ Այս մասին ի՞նչ կասեք:
— Ի՞նչ ասեմ, եթե ես իմանայի, որ իմ մեկնաբանությունից իմ հայրենիքը կվերադառնա այն ակունքներին, որը եղել է ավելի շատ տարածքներով ու մարդկանցով եւ որտեղ եղել է ավելի երջանիկ կյանք, ես կտայի մեկնաբանություն, բայց իմ հայրենիքից ի՞նչ է մնացել: Ու դեռ շարունակում են հայրենիքս մաս-մաս տալ թշնամուն:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

