Ընդդիմությունն իմ տպավորությամբ մինչ այս պահն օրակարգ չունի․ Նաիրա Զոհրաբյան
ՆերքաղաքականՆերքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախկին նախագահ, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ։
«ԼԻՆԵԼՈՎ ԵՎՐՈՊԱՄԵՏ՝ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՌԱՋԻԿԱ 50 ՏԱՐՈՒՄ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
— Օրերս «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրառում էր կատարել սոցցանցում եւ ընդգծել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80 տոկոսով ավելի շատ ձայն, քան 2021-ին։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում, Նարեկ Կարապետյանը գնացել էր ընտրության ընդդիմության դեմ պայքարելու եւ իր ձայների քանակով նրանց հաղթելո՞ւ, թե՞ ներկայիս իշխանությանը հեռացնելու։
— Ինքն այդ կոնտեքստում չի ասել, ասել է, որ հավաքական ընդդիմությունը 2026 թ․-ին շատ ավելի ձայն է ստացել, քան 2021 թվականի հավաքական ընդդիմությունը: Այս առումով, իհարկե, ճիշտ է, բայց հավաքական ընդդիմությունը ո՛չ 2021 թվականին, ո՛չ էլ հիմա չի լուծել իր հիմնական խնդիրը, ինչի համար, որ մտել են ընտրապայքարի մեջ եւ հայտարարել, որ այլեւս ցանկացած պայքար անիմաստ է՝ նպատակն է հեռացնել այս իշխանությանը: Այնտեղ անգամ հայտարարություն հնչեց, որ միեւնույնն է, այս իշխանությունը մի օր հեռանալու է: Ի՞նչ ասեմ, աքսիոմատիկ ճշմարտություն, ցանկացած իշխանություն ինչ-որ մի ժամանակ հեռանում է, որովհետեւ գլոբուսի վրա չկա իշխանություն, որը լինի հավերժ։
Բայց հարցն այն է, որ այս իշխանությունը, որը պերմանենտ վերարտադրվելու հայտ է ներկայացրել, եւ հենց այս պահին Ազգային ժողովում քննարկում է համայնքների է՛լ ավելի խոշորացման խնդիրը, ինչին ժամանակին կատեգորիկ դեմ էր արտահայտվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ խոշորացված համայնքներին շատ ավելի հեշտ կլինի զավթելը։ Այս իշխանության մնալը, դեռ ինչքա՞ն ավեր է բերելու պետությանը: Նման տրամաբանությամբ կարող ենք նստել եւ ասել, օրինակ, Նիկոլը հնարավոր է՝ անցնի ինչ-որ մի շենքի տակով, եւ գլխին քյարփինջ ընկնի, կամ մեռնի իր մահով: Մի օր ես էլ եմ մահանալու, այս իշխանության ավարտին սպասողն էլ է մահանալու: Այստեղ պիտի հասկանանք՝ ընդդիմությունն ունի՞ ճկուն օրակարգ, կամ ընդհանրապես օրակարգ ունի՞, թե՝ ոչ։
Անկեղծ ասած, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ սկզբունքորեն չեմ հետեւում Ազգային ժողովի նիստերին եւ անգամ չեմ ճանաչում ընդդիմադիր պատգամավորներին, բացի նրանցից, որոնց գիտեմ, օրինակ՝ Էդգար Ղազարյան, Մամիկոն Ասլանյան եւ այլն: Մնացածին չեմ ճանաչում ու չգիտեմ, թե ովքեր են այդ խմբակցություններում, որովհետեւ ինձ հետաքրքիր չէ ինչ-որ մեկի ելույթը լսելը: Կներեք անհամեստության համար, բայց եթե խնդիրը լավ ելույթ ունենալն է, ապա այս երկրում 2-3 հոգի կա, որ անմրցելի են ելույթների առումով: Դա Արմեն Աշոտյանն է, ես եմ, բայց զուտ ելույթով հարց չի լուծվելու: Ոչ էլ նույնիսկ իմ, Աշոտյանի կամ ժամանակին Վահան Հովհաննիսյանի ելույթներով է հարց լուծվել: Ուստի՝ ես չեմ կարող ասել՝ ընդդիմությունն օրակարգ ունի, թե՞ ոչ։ Իմ տպավորությամբ՝ մինչ այս պահը չունի։ Եթե իրենք, ինչ-որ թաքուն օրակարգ ունեն, որը հետո հրապարակելու են, չգիտեմ, սպասենք տեսնենք։
— ՌԴ նախագահ Վ․ Պուտինը պարզ ասաց, որ Գյումրիից կարող է ցանկացած պահի հանել ռուսական ռազմաբազան: Ի պատասխան ՌԴ նախագահի՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը չի համարում 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն ու չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի այն դուրս բերել ՀՀ տարածքից։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Հերթական անգամ ինքն այդ կարեւոր պատասխանատու հարցը քցում է այլոց «ջեբը», տվյալ դեպքում՝ ռուսների: Ավելին, մենք տեսանք, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Վլադիմիր Իլիչ Լենինի անունը կրող Վիլենը սպառնաց ռազմաբազայի համար մեծ գին սահմանել, եթե Ռուսաստանը որոշի թանկացնել գազի գինը։ Ես չեմ ուրախանում հայ-ռուսական հարաբերությունների այս էսկալացիայով, որովհետեւ եթե Ռուսաստանը միացրեց պատժամիջոցների հաշվիչը, ապա դա շատ ծանր է նստելու Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիների վրա: Բայց դատելով այս փոխադարձ հայտարարություններից, ցավոք, այդ օրը հեռու չէ:
Ես, լինելով եվրոպամետ անձնավորություն, ով գտնում է, որ այդուհանդերձ, եթե Եվրոպական միությունը զրոյականից մի քիչ ավել շանս տար անդամակցել ԵՄ-ին, ես դրա կողմնակիցը կլինեի, բայց հասկանում եմ, որ առաջիկա առնվազն 50 տարում, դա հնարավոր չէ: Ուստի՝ վախենում եմ պատկերացնել՝ ինչ կլինի, երբ Ռուսաստանն ամբողջ հզորությամբ միացնի իր պատժամիջոցները։
«ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ՊԱՀԻ, ԱՅՈ՛, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԻ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ»
— Տիկին Զոհրաբյան, Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, Ռուսաստանը կարո՞ղ է հեռանալ Հարավային Կովկասից, եթե այսպես շարունակվի…
— Չեմ բացառում, համենայնդեպս, տենդենցն այս պահին գնում է դրան եւ, իմ կարծիքով, Ռուսաստանը շատ չի էլ պայքարում է դրա համար։ Ես չգիտեմ, այնպես չէ, որ Ռուսաստանի քաղաքականությունն ինձ համար միանշանակ ողջունելի է: Ես իրենց էլ շատ հարցեր ունեմ, բայց այս պահին հասկանում եմ՝ ինչ կլինի, եթե ռազմաբազան հանվի, ինչ կլինի, եթե Ռուսաստանն իր ամբողջ պատժամիջոցների հաշվիչը միացնի: Դա լինելու է սոցիալական եւ տնտեսական աղետ։ Եթե Եվրոպական միությունը պատրաստ է ալտերնատիվ ներկայացնել, ինչն ուղղակի հնարավոր չէ՝ հաշվի առնելով բազմաթիվ պատճառներ, պայմաններ՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ, դա այլ հարց է։ Բայց չեն լինելու ալտերնատիվներ: Գյուղատնտեսական ապրանքների 90 տոկոսը սպառվում է ռուսական շուկայում։
— Նիկոլ Փաշինյանի զուգընկեր Աննա Հակոբյանը հիմա էլ նոր նախագիծ է առաջ բերել, ընդ որում՝ օրենսդրական։ Առաջարկվող փոփոխությունների փաթեթով ընտանեկան բռնության բոլոր դեպքերը կդառնան հանրային մեղադրանքի գործեր, կվերացվի հաշտեցման հնարավորությունը, իսկ պաշտպանության առաջնահերթ միջոցը կլինի ոչ թե բռնության ենթարկված անձի, այլ բռնարարի մեկուսացումը։ Նպատակն է առավել արդյունավետորեն պաշտպանել զոհերին, կանխել կրկնվող բռնությունը եւ հստակ արձանագրել՝ ընտանեկան բռնությունը չպետք է մնա անպատիժ։ Այն, որ բռնությունը պետք է կանխվի, չի քննարկվում, բայց արդյոք այդ կոնտեքստի տակ այլ հարցեր չեն թաքնված, արդյոք սա նույն չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան չէ՝ այլ փաթեթավորմամբ։
— Չեմ հետեւում իր հարցազրույցներին, տեղյակ չեմ նպատակը, բայց Հայաստանում ընտանեկան բռնություն կա, ինչն անհերքելի է: Ես մարդ եմ, ով շատ երկար տարիներ զբաղվել է այդ խնդրով եւ կարող եմ ասել, որ թվերը սարսափելի են, հատկապես լատենտ բռնության: Պարտադիր չէ բռնությունը լինի ֆիզիկական. կա հոգեբանական, տնտեսական բռնություն: Շատ մեծ է Հայաստանում ընտանեկան բռնությանը թիվը։ Ես ինքս եղել եմ ընտանիքում բռնության կանխարգելման օրենքի ընդունման նախաձեռնողներից մեկը եւ ցավոտ վիճակագրություն պիտի ասեմ: Անգամ երբ տարի, տարիուկես օրենքը ուժի մեջ էր, ես պահանջել եմ ոստիկանությունից վիճակագրություն, որպեսզի տեսնեմ արդյոք աճել է այն կանանց թիվը, ովքեր ընտանեկան բռնության դեպքում դիմում են օրենքի պաշտպանությանը: Ցավոք, աննշան էր աճել։ Այս խնդիրը կա, եւ միանշանակ է, որ խնդիրը պիտի լուծվի:
Աննա Հակոբյանը, երբ դա ներկայացնում է հասարակության մեջ, այն հականիկոլ ճամբարի մեջ ինչ-որ ագրեսիա է առաջացնում, եւ հարց ծագում. ինչո՞ւ է ինքը զբաղվում դրանով, ենթատեքստը ո՞րն է: Կարծում եմ, ենթատեքստը շատ տրիվյալ է՝ ինչ-որ մի բանով պիտի զբաղվի՞, թե՝ ոչ: Ինչպես տեսանք, «Կրթությունը նորաձեւ է»-ն չստացվեց, հիմա սա է բերում օրակարգ: Սակայն այն, որ այդ խնդիրը կա, միանշանակ է: Որքան էլ մենք փորձենք անտեսել, միեւնույնն է, ես եմ տեղյակ, ես գիտեմ, թե ինչ է կատարվում բազմաթիվ ընտանիքներում, որոնք, ցավոք սրտի, շատ մեծ տոկոս են կազմում։
Պարզապես, երբ ինքն է սա ներկայացնում, հաշվի առնելով իր հանդեպ հանրության մի մեծ հատվածի, մեղմ ասած, ոչ բարյացակամ վերաբերմունքը, սա փորձում են տրանսֆորմացնել, որ տակն ինչ-որ բան կա: Կարող է տակը ոչ մի բան էլ չկա, պարզապես, զբաղմունք է գտել՝ զբաղվում է։
Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային, ասեմ՝ ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի, այո՛, Հայաստանի խորհրդարանն ընդունի Ստամբուլյան կոնվենցիան: Ի դեպ, ուզում եմ տեղեկացնել, որ Եվրոպական միության մի շարք երկրներ, օրինակ՝ Լեհաստանը, երբ միացել էր կոնվենցիային, հետագայում իրենց ստորագրությունը հանել է Ստամբուլյան կոնվենցիայի տակից: Այսինքն, չեղարկել են իրենց միացումն այդ կոնվենցիային։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

