Գուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆՆ այս անգամ ամբիոնից զարմանալիորեն որոշել էր խոսել ոչ թե իր հարեւան Պողոսից, այլ՝ ընդդիմությունից։ Նա այս անգամ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական վերլուծություն էր արել ու եզրահանգել, թե՝ ընդդիմության սիրտն աղետաբեր պատերազմ է ուզում։ «Բա էդ աղետաբեր պատերազմն ո՞ւմ երեխեքի հաշվին եք ուզում, այսինքն՝ դուք մտածում եք, որ եթե հանկարծ պատերազմ եղավ, դուք պիտի հով նստեք, որոշակի գումար ուղակեք մեր զինվորներին ու ասեք՝ մենք հոգնեցինք, ուրիշի երեխաները թող գնան զոհվե՞ն։ Այդպես չի՛ լինելու, մենք՝ մեր ժողովուրդը, դա թույլ չի տալու», - խրոխտ հայտարարել է բանակում չծառայած Թունյանը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը, Թունյանին հիշեցնում է․ «Ձեր իշխանության գալու օրվանից Հայաստանի Հանրապետությունը ողողված է արյան հոտով։ Դուք, երեւի, պետք է այդ հարցերը տաք ձեր շատ սիրելի վարչապետին․ ո՞ւմ երեխաների հաշվին է 2019 թվականից մինչեւ այսօր մեր բանակում զոհեր գրանցվում՝ թե՛ պատերազմի շրջանակներում, թե՛, չգիտես ինչու, ինքնասպանությունների, հանկարծակի մահերի ու դժբախտ պատահարների հետեւանքով։ Ո՞ւմ երեխաների կյանքի ու արյան հաշվին է այս ամենը տեղի ունենում, պարո՛ն Թունյան։ Դուք եք այս ամենի պատասխանատվությունը կրող իշխանությունը։ Եվ նախքան ուրիշներին հարցեր տալը, գուցե արժե՞ հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը»։
Ոչ պակաս զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Տակավին երիտասարդ պատգամավորը ԱԺ ամբիոնից, առանց դույզն-ինչ հաշվելու, թե քանի տարեկանում է դպրոց գնացել, եւ ինչ կապ ուներ իր նկարագրածն իր հետ՝ նշել է․ «Մի դրվագ պատմեմ իմ սովորելու տարիներից. երբ ես «մացեմածիկայի» ժամին գրատախտակին էի «գնում», գրատախտակին «գնալուց» առաջ տասը րոպե ձեռքերս պետք ա ոչ թե վառարանի մոտ պահեի, այլ, բառիս բուն իմաստով, կպցնեի վառարանին, որ ձեռքերս տաքանար, կներեք, ճոխացրեցի՝ գոլանար, որ կարողանայի կավիճը բռնել: Վստահ եմ՝ դուք էլ դրանից լավ պայմաններում չեք սովորել»։ Համաձայնեք, որ երբ դպրոցում դասարանով ո՛չ էքսկուրսիաների ես գնում, ո՛չ ուխտագնացությունների, այլ «գրատախտակին ես գնում», կավիճը կարող է լավ մրսացնել, մանավանդ որ չգիտես՝ մաթեմատիկան «մացեմածիկան» չէ։ Իսկ եթե ավելի լուրջ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հարց է բարձրացնում․ «Միթե՞ ՔՊ-շնիկները չէին կարող նույն թեզը գոնե մի 5 տարի մեծ մեկի բերանով արտասանել, գոնե սենց «դյոշ» ստի վրա չբռնվեր»։
Ի դեպ, կրթության մասին։ 21-րդ դարում, երբ աշխարհի տարբեր երկրների դպրոցներում բռնության դեմ պայքարը վաղուց դարձել է կրթական քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը, Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր ՄՈՒՀԱՄՄԱԴ ԻԲՐԱՀԻՄ ԱԼ-ԶՈՒԱԲԻՆ առաջարկում է դպրոցներում երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժը կրկին թույլատրելի դարձնել՝ թեկուզ «որոշակի սահմանափակումներով»։ Իհարկե, եթե հաշվի առնենք, որ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան նախկինում իսլամիստ ահաբեկիչ էր, որը ֆոտոսեսիա էր անում մարդկանց կտրած գլուխների հետ, էլի, փառք Աստծո, որ աշակերտներին միայն ծեծելու են։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

