2027-ի փետրվարից առանց լիցենզիայի կրիպտոծառայություններ մատուցել հնարավոր չի լինի․ ԿԲ
Տնտեսություն2027 թվականի հունվարի 31-ից հետո Հայաստանում առանց Կենտրոնական բանկի համապատասխան գրանցման և լիցենզիայի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել կամ առաջարկել հնարավոր չի լինի։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հիշեցրել է ԿԲ-ն։
Անցումային ժամկետը վերաբերում է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահին՝ 2025 թվականի հուլիսի 4-ի դրությամբ, Հայաստանում արդեն մատուցել են նման ծառայություններ։ Գործունեությունը շարունակելու համար նրանք մինչև 2027 թվականի հունվարի 31-ը պետք է գրանցվեն և լիցենզավորվեն ԿԲ-ում։
Կենտրոնական բանկը հորդորում է փաստաթղթերի ներկայացումը չհետաձգել մինչև անցումային ժամանակահատվածի վերջին օրերը։ Փաստաթղթերի նախապատրաստումն ու գրանցման և լիցենզավորման ընթացակարգերը ժամանակ են պահանջում, ուստի գործընթացն անհրաժեշտ է նախաձեռնել հնարավորինս վաղ։
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների գործունեությունը կարգավորող առաջին կանոնակարգերի փաթեթն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 31-ին։ Այդ օրվանից ոլորտում արդեն գործող նշված մասնակիցներին տրվել է մեկ տարի՝ պահանջներին համապատասխանելու համար։
Ըստ ԿԲ-ի հրապարակած կարգավորումների՝ լիցենզավորումը ենթադրում է իրավաբանական անձի գրանցում Կենտրոնական բանկում, ծառայության տեսակից կախված՝ կապիտալի պահանջների բավարարում, ներքին կանոնակարգերի առկայություն և ղեկավարների գրանցում։

