Եկան, տեսան, բայց հաղթելու փոխարեն՝ գնացին

Վերլուծություն

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնել էին Տիգրանաշեն։ Այն նույն Տիգրանաշենը, որը Նիկոլ Փաշինյանի համար Քյարքի է ու Ադրբեջանին վերադարձնելու ենթակա։

Ինչ խոսք, Տիգրանաշեն գնալը վատ բան չէ։ Ընդհակառակը՝ եթե քաղաքական գործիչը գնում է տեղում տեսնելու, լսելու, հասկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրում, դա առնվազն քաղաքական վարքագիծն է։ Բայց Տիգրանաշենի այցից հետո մի անհարմար հարց է մնում օդում՝ լավ, իսկ հետո՞։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները գնացին Տիգրանաշեն, խոսեցին գյուղի ռազմավարական նշանակության մասին, հայտարարեցին, որ Տիգրանաշենը «լոկ տարածք չէ», որ այն պետք է մնա հայկական, որ խաղաղությունը չպետք է կառուցվի միակողմանի զիջումների հաշվին։ Խոսվեց նաեւ բնակավայրի զարգացման ծրագրերի մասին՝ զբոսաշրջությունից մինչեւ արտադրություն։ Նարեկ Կարապետյանը նույնիսկ հայտարարեց, որ ի տարբերություն իշխանության՝ իրենք գյուղերը ոչ թե հանձնում են, այլ՝ զարգացնում։ Այցից հետո նա նաեւ փոխանցեց գյուղացիների դժգոհությունը՝ բնակավայրի բարձիթողի վիճակից եւ ապագայի անորոշությունից։

Այս ամենը լսելուց հետո, սակայն, մնում է ամենակարեւոր հարցը՝ ինչպե՞ս է «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում թույլ չտալ, որ Տիգրանաշենը դառնա Քյարքի։ Ոչ թե՝ ինչ է մտածում այդ մասին, ոչ թե՝ ինչ է զգում, ոչ թե՝ ինչ գրառում է անելու սոցցանցերում, այլ՝ ի՞նչ է անելու։

Քաղաքականության մեջ կա մի վտանգավոր սովորություն՝ «ծրագիր» բառը սկսել օգտագործել որպես ծրագրի փոխարինող։ Շատ գեղեցիկ է հնչում՝ «մենք ունենք զարգացման ծրագիր»։ Բայց հանրությունը իրավունք ունի տեսնելու այդ ծրագիրը, թե իշխանափոխության չարած «Ուժեղ Հայաստան»-ը Տիգրանաշենը զարգացնելու համար ի՞նչ է նախատեսվում։ Ո՞ր ներդրողներին են բերելու այնտեղ։ Ինչպիսի՞ ենթակառուցվածքներ են ստեղծելու, ի՞նչ եք անելու բնակավայրի ճանապարհների, կապի, ջրամատակարարման, աշխատանքի, բնակչության պահպանման ուղղությամբ։ Եթե խոսում են գաստրոտուրիզմից, որտե՞ղ է դրա տնտեսական հաշվարկը։ Եթե խոսում են արտադրությունից, ո՞ր արտադրության մասին է խոսքը։ Եվ այս հարցերից նույնիսկ ավելի կարեւոր է, թե այդ ծրագիրն ինչպե՞ս է կապվում Տիգրանաշենի անվտանգության եւ կարգավիճակի պահպանման խնդրի հետ։

Ի վերջո, կարելի է Տիգրանաշենում հյուրատներ կառուցել, ռեստորաններ բացել, զբոսաշրջային երթուղիներ ստեղծել։ Բայց եթե քաղաքական մակարդակում չունես հստակ պատկերացում, թե ինչ ես անում բնակավայրի կարգավիճակի, ճանապարհի վերահսկողության եւ սահմանային ռիսկերի դեպքում, զարգացման ծրագիրը կարող է վերածվել գեղեցիկ բիզնես-պրեզենտացիայի։ Տիգրանաշենի հարցը միայն տնտեսագիտական խնդիր չէ։ Այն անվտանգության, տարածքային քաղաքականության, դիվանագիտական խնդիր է։ Եվ, վերջապես, պետական մտածողության խնդիր է։ Այդ պատճառով ընդդիմությունից սպասվում է ոչ թե հերթական հավաստիացումը, որ «Տիգրանաշենը հայկական է», այլ՝ քաղաքական ճանապարհը, որով այն պետք է հայկական մնա։

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԳՆԱՑԵԼ ԷՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻ՞Ն ՀԱՂԹԵՐ

Բավական ուշագրավ է նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարությունը։ Նա ասում է, որ 2026 թվականի ընտրություններում ընդդիմադիր հիմնական ուժերը միասին 80 տոկոսով ավելի շատ ձայն են ստացել, քան 2021-ին՝ գրեթե կրկնակի։ Նա դրանից եզրակացնում է, որ ՔՊ-ի աջակցությունը էապես նվազել է։

«Ընդդիմությունը 80 տոկոս ավել ձայն ա հավաքել, համարյա 2 անգամ շատ ձայն։ «Քոչարյանին ձայն տալու» սուտը հորինողները պետք է պատասխան տան», - գրել է նա։

Թվերի քաղաքական մեկնաբանությունը, իհարկե, կարելի է երկար քննարկել։ Բայց կա մի շատ ավելի պարզ հարց։ Իսկ ընդդիմությունը ո՞ւմ պետք է հաղթեր, Ռոբերտ Քոչարյանի՞ն։ Եթե այդպես էր դրված խնդիրը, ապա կարելի է արձանագրել հաջողությունը։ Բայց ընտրությունների նախաշեմին հասարակությանը այլ բան էին ասում «ուժեղները»։ Ասում էին՝ իշխանափոխություն, ասում էին, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուն երեք օր է մնացել, այս իշխանությունը սպառել է իրեն։ Ասում էին, որ Հայաստանը պետք է դուրս գա այս քաղաքական փակուղուց։

Հիմա, երբ իշխանությունը շարունակում է կառավարել, իսկ ընդդիմությունը խորհրդարանում է, հանկարծ չափանիշ է դառնում այն, թե նախկին իշխանության ներկայացուցչից քանի ձայն ավելի ես հավաքել։ Սա արդեն ոչ թե իշխանափոխության, այլ ընդդիմադիր շուկայի ներսում տեղաբաշխման վիճակագրություն է։ Եվ այստեղ պետք է շատ պարզ բան արձանագրել։ «Ուժեղների» ձայները Քոչարյանին չտալը քաղաքական հաղթանակը չէ։ Քոչարյանից ավելի շատ ձայն հավաքելն էլ ինքնին իշխանափոխության ճանապարհին ձեռքբերում չէ։ Ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն ավելի լավ ընդդիմություն է, քան «Ուժեղ Հայաստան»-ը, ի վերջո, մեկը՝ 2021-ին, մյուսը՝ 2026-ին նպաստեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։

«Ուժեղ Հայաստան»-ը նախ պետք է ընտրողին բացատրի ոչ թե՝ ինչու են ավելի ուժեղ, քան մյուս ընդդիմադիր ուժը, այլ՝ ինչու պետք է ընտրողը վստահի իրենց, որ մի օր, ասենք՝ հաջորդ ընտրություններին կրկին փորձեն իշխանություն փոխել։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏԸ ՎԵՐՋՆԱՐԴՅՈ՞ՒՆՔ Է, ԹԵ՞ ՄԻՋՈՑ

Կարծես թե այստեղ է «Ուժեղ Հայաստանի» քաղաքականության գլխավոր փորձությունը։

Ընտրություններից առաջ կուսակցությունը խոսում էր իշխանափոխության մասին, տնտեսական մեծ ծրագրերի մասին, հինգ տարում 300 հազար նոր աշխատատեղ ստեղծելու մասին։ Մարտին Նարեկ Կարապետյանը հրապարակայնորեն հայտարարում էր հենց այդ նպատակի մասին՝ արդյունաբերության, շինարարության եւ ՏՏ ոլորտների հաշվին։ Այսօր արդեն նրանք խորհրդարանում մանդատավոր պատգամավորներ են։ Մանդատը պետք է ապացուցի, որ այն պարզապես ընտրական արդյունքի վերջնական ձեւակերպումը չէ։

Եթե «Ուժեղ Հայաստանը» իսկապես իրեն տեսնում է որպես իշխանության այլընտրանք, ապա յուրաքանչյուր խորհրդարանական ելույթ, յուրաքանչյուր նախաձեռնություն եւ յուրաքանչյուր այց պետք է ծառայի մի պարզ նպատակին՝ օր առաջ այս իշխանության հեռացմանը, մնացածը լիրիկա է։

Տիգրանաշենն այս առումով շատ լավ փորձաքար է։ Ասում են՝ իշխանությունը հանձնում է։ Լա՛վ։ Ցույց տվեք՝ դուք ի՞նչ եք անելու, որպեսզի չհանձնի։ Ընդդիմությունը հենց այստեղ է դառնում իշխանության այլընտրանք։ Ոչ թե այն պահին, երբ իշխանությանը քննադատում է, այլ այն պահին, երբ հանրությանը համոզիչ ցույց է տալիս՝ իր փոխարեն ինչ է անելու։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Վերոնշյալը բավական հետաքրքիր ձեւով զուգակցվում է այն փաստի հետ, որը ցույց է տալիս Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության՝ OECD-ի այս տարվա PISA արդյունքները, համաձայն որի, Հայաստանի 15-ամյա աշակերտների ընդամենը 28 տոկոսն է մաթեմատիկայում հասնում նվազագույն՝ երկրորդ մակարդակին, նույնքանն էլ՝ բնագիտության մեջ, իսկ ընթերցանության մեջ այդ ցուցանիշը ընդամենը 19 տոկոս է։ Մաթեմատիկայում բարձրագույն՝ 5-րդ եւ 6-րդ մակարդակներին հասել է մոտ 1 տոկոսը, բնագիտության եւ ընթերցանության մեջ բարձրագույն արդյունք գրանցածների թիվը գրեթե զրոյական է։

Սա արդեն կրթության ոլորտի հաշվետվություն չէ։ Սա պետության մասին քաղաքական ախտորոշում է։ Որովհետեւ կրթական գրագիտության պակասը վաղ թե ուշ վերածվում է տնտեսական, հասարակական եւ քաղաքական գրագիտության պակասի։ Եվ մեր քաղաքական կյանքում դրա նշանները վաղուց կան։ Խոստումը շփոթվում է ծրագրի հետ, քննադատությունը՝ քաղաքականության, մանդատը՝ հաղթանակի, ընդդիմադիր մյուս ուժին հաղթելը՝ իշխանափոխության, ֆեյսբուքյան տեսանյութը՝ կատարված աշխատանքի, Տիգրանաշեն այցելելը՝ Տիգրանաշենի խնդրի լուծման։ Համաձայնեք, որ սա էլ քաղաքական գրագիտության խնդիր է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում