Ինչպես Ջուսը հրաժարվեց Բույնովի առաջարկից, հայտնվեց Ալեգրովայի կողքին եւ դարձավ Կիրկորովի «ՆԼՕ»-ն
ՏեսանյութերԵրգչուհի ՋՈՒՍԸ «Իրավունք TV»-ի տաղավարում խոսել է ներկայիս հայկական շոուբիզնեսի մասին, փակագծեր է բացել ռուսական շոուբիզնեսից եւ անդրադարձել իր նոր տեսահոլովակին։
— Ջուս, ինչպե՞ս կգնահատեք ներկայիս հայկական շոու-բիզնեսը:
— Շոուբիզնես այլեւս չկա: Ճիշտն ասած, 90-ականներին ավելի որակով եւ ավելի շատ համերգներ էին լինում, քան հիմա: Հիմա մի տեսակ կոալիցիաներ են կազմել հեռուստաալիքները, որոնք մշտապես նույն, այսպես ասած, իրենց մարդկանց են կանչում՝ լինի դա համերգ, մրցանակաբաշխություն, թե մեկ այլ միջոցառում: Կոալիցիա են կազմել նաեւ համերգ կազմակերպողները եւ նույն սկզբունքով են աշխատում: Ես համաձայն եմ, որ լինեն բոլորը, բայց նաեւ տարբեր լինեն:
Ես միշտ եմ ասում՝ եթե համեմատենք ռուսաստանյան կամ ամերիկյան շոուբիզնեսի հետ, սար եւ ձորի տարբերություն կլինի: Օրինակ, վերցնենք Ռուսաստանը եւ կտեսնենք, որ նույն տարածքում 7 բեմ է կառուցվում: Մի բեմում երգում են ռոք, մյուսում ջազ եւ այսպես շարունակ: Իսկ մեր մոտ հենց լինում է համերգ, փառատոն կամ մրցանակաբաշխություն, նույն մարդիկ են լինում: Կրկնում եմ՝ դեմ չեմ, բայց այդ դեպքում, թող բոլորին ցույց տան, թե հին արտիստներին, թե նորեկներին:
— Խոսեցիք մրցանակաբաշխություններից, ադյոք մեր օրերում դրանք չեն դարձել զուտ բիզնես՝ գումարը տալիս են, մրցանակը՝ ստանում: Հետեւապես, ո՞ւմ են ստում, իրե՞նց, հանդիսատեսի՞ն...
— Միանշանակ համաձայն եմ: Կա գումարով եւ կա ծանոթություններով: Այսինքն, եթե դու ունես լավ եւ հայտնի պրոդյուսեր, իհարկե, կստանաս մրցանակ: Դե շատերը կարող է չգիտեն, եւ դա արվում է չիմացողների համար, որպեսզի ասեն՝ տեսա՜ք, այսինչ երգիչը դարձավ տարվա լավագույնը: Բայց մենք հո գիտենք, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը: Գույություն ունի ներքին խոհանոց եւ ինչ կատարվում է, այնտեղ է կատարվում:
— Անկեղծ լինելու համար, ասենք, որ նման մոտեցում եղել է միշտ ու այնպես չէ, որ այս վերջին տարիներին է ի հայտ եկել...
— Այո, այդպես է, բայց ես միշտ եմ ասել, որ մենք շատ տաղանդավոր արտիստներ ունենք՝ ե՛ւ հինը, որոնք չեն կրկնվի, ե՛ւ նոր սերունդ ունենք, ովքեր իսկապես տաղանդավոր են: Ես շատ երաժիշտներից եմ լսել, որ ասում են՝ այնքան լավ սերունդ կա, այնքան տաղանդավոր երիտասարդություն, սակայն չեն կարողանում ասպարեզ դուրս գալ: Կան, որ փող չունեն, կան ում չեն թողնում դուրս գալ ասպարեզ եւ մասնակցել այս կամ այն մրցույթներին:
— Իսկ Դուք եւ Ձեր գործընկերները երբեւէ փորձե՞լ եք այս հարցը հանրայնացնել եւ լուծում գտնել։
— Գիտեք, կարելի է: Բայց դա պետք է անել ոչ թե մի քանի արտիստներով, այլ պետք է համախմբվել ու լուրջ քայլեր ձեռնարկել:
— Բոլորովին վերջերս տեղի ունեցավ Ձեր հերթական կրակոտ եւ կրքոտ տեսահոլավակի պրեմիերան, որը կոչվում է «Լայմ-թեքիլա»: Պատմեք տեսահոլովակի մասին. Ո՞ւմ գաղափարն էր, ո՞վ էր հեղինակը...
— Այո, տեսահոլովակը մի քանի օր է, ինչ հասանելի է հանդիսատեսին: Երգը գրեց Ջորջը, ով շատ տաղանդավոր երաժիշտ եւ դիջեյ է: Նա ուներ այդ երգը ու մեկ օր գնացի իր մոտ, որպեսզի երգեր ընտրեմ: Նա ասաց, որ ինձ բացի այս երգից, այլ բան ցույց չի տա, ու որ սա իմ համար է: Իր վստահությունը փոխանցվեց ինձ, վերցրեցի երգը, որը դեռ տեքստ չուներ ու եկա։ Մտածում էի, թե ում կարելի է դիմել տեքստ գրելու համար, որպեսզի խոսքերը համահունչ լինեն առօրյային, խոսակցականին եւ երիտասարդներին: Երգչուհի Լիլիթ Կարապետյանն ինձ հուշեց․«Արի տանք Իննա Կարապետյանին»: Ասացի շատ ճիշտ հուշում էր: Գնացի Իննային խնդրեցի, ասացի այս երգի վրա հետաքրքիր բառեր գրի: Լսեց, ասաց՝ սպասի. ուրեմն՝ Ինան ու ես աշխատում ենք նույն մյուզիք-հոլում եւ այդ ընթացքում նա գնում երգում էր, գալիս ու խոսքերն էր գրում: Նույն օրը երգի խոսքերը պատրաստ էին: Մի քիչ փոփոխություն արեցինք, եւ ես միանգամից գնացի «Հայկո» ստուդիա ու անմիջապես ձայնագրվեցինք: Ինձ ձայնագրում էր Ջորջը ու ասում, որ այս երգը պետք է ուրիշ կերպ մատուցեմ: Տեսահոլովակը նկարահանեց Տիգրան Ավետիսյանը, որը եղավ մեկ շնչով: Ես սիրում եմ տարբեր մարդկանց հետ աշխատել, քանի որ դա ինձ նորովի լուծումներ է տալիս:
— Կարծում եմ՝ մեր ընթերցողներին շատ հետաքրքիր է Ձեր մուտքը ռուսական շոուբիզնես: Ինչպե՞ս դա ստացվեց:
— Երբ ռուս հայտնի երգիչ Ալեքսանդր Բույնովը 90-ականներին եկավ Հայաաստան, ես երգում էի «Հայեր» խմբում: Ինձ տեսավ ու ցանկություն հայտնեց, որ գնամ իր մոտ, ու նա լինի իմ պրոդյուսերը: Անգամ ասաց, որ ցանկանում է ինձ տանել Յուրմալա: Այդ ժամանակ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, որը «Հայեր» խմբի պրոդյուսերն էր, ասաց՝ կա՛մ բոլորին եք տանում, կա՛մ ոչ մեկին: Ու ես չգնացի Բույնովի մոտ:
Մի երկու տարի անց, երբ «Հայեր» խումբը փլուզվեց, ես գնացի Մոսկվա՝ Բույնովի մոտ: Ասացի՝ հիշո՞ւմ եք ինձ, եկել եմ: Ասաց, որ արդեն ուշ է, այն ժամանակ էր պետք գնալ: Սակայն Բույնովի կինը նաեւ իր պրոդյուսերն էր, ասաց, որ եթե անգամ վերցնի ինձ, պետք է լինեմ բեք ոկալ: Ես էլ չհամաձայնեցի, քանի որ բեք ոկալ չէի ցանկանում:
Հետո, մի ռեփեր կար, որ ցանկություն հայտնեց իր ռեփի մեջ մի դրվագ կատարեի: Համաձայնեցի: Գնացի ձայնագրման ստուդիա, երգեցի: Հաջորդ օրն ինձ զանգահարում է գործիքավորողը՝ Դիման, ու ասում, որ Իրինա Ալեգրովան ցանկանում է ինձ հետ հանդիպել: Պարզվում է ՝այդ ստուդիան պատկանում էր Ալոգրովային: Ճակատագիր է՝ ում համար գնացի ու ինչ եղավ:
Գնացի, դուռը բացեցի եւ տեսա բարձրահասակ, մորթե մուշտակով կին է մեջքով կանգնած: Պտտվեց, ասաց՝ դու էի՞ր ձայնագրվել այս երգը, ասացի՝ այո: Էլ ոչինչ չասաց, միայն ընդգծեց, որ այսօրվանից ես իր մոտ եմ աշխատում: Չհարցրեց անգամ համաձայն եմ, թե՝ ոչ: Եվ երբ ես ասացի, որ բեք ոկալ չեմ ցանկանում, ուզում եմ միայնակ ելույթ ունենալ, ասաց, որ սա իմ համար մեծ դպրոց կլինի, մեծ պրակտիկա: Անգամ պատմեց, թե ինքն ինչպես է սկսել բեք ոկալից՝ «Электроклуб»-ում (խորհրդային եւ ռուսական հանրահայտ էլեկտրոփոփ եւ սինթփոփ խումբ է):
Եվ մեր հանդիպման անմիջապես հաջորդ օրը նա սկսեց իր ալբոմի ձայնագրությունը, որը կոչվում էր՝ «По лезвию любви»: Ես մեկ ամիս ապրեցի իր տանը: Նա ինձ համար համեղ ուտեստներ էր պատրաստում: Այդպես ապրել եւ աշխատել ենք միասին:
—Տանը համեղ ուտետեսներ է պատրաստել Ձեզ համար, իսկ աշխատանքի մեջ խի՞ստ էր:
— Շա՜տ: Բայց եթե դու պրոֆեսիոնալ մարդ ես, կարող ես աշխատել բոլորի հետ: Եվ այդ ձայնասկավառակում հնչում է միայն իմ ձայնը՝ որպես բեք ոկալ: Ես այդ ալբոմի մեջ ունեմ իմ սիրած երգը՝ «Долой любовь»-ը:
Հետո ես սկսեցի ձայնագրվել ստուդյայում՝ որպես բեք ոկալ Ստաս Պիեխայի, Վալերիայի, ինչպես նաեւ Կոլդունի համար: Շատ ռուս արտիստներ հետ եմ աշխատել: Սակայն, այնուհանդերձ, ես ցանկացա մենակ երգել ու չմնալ հետեւում: Չնայած, որ շատ լավ արտիստի հետեւում էի կանգնած: Հիշում եմ, երբ տվեցինք մենահամերգ, որից հետո արտիստներով հավաքվեցինք՝ գինի եւ այլն, ինձ նկատելով Ֆիլիպ Կիրկորովն ասաց՝ այդ ՆԼՕ-ին (Անհայտ թռչող օբյեկտ) որտեղի՞ց ես գտել: Այդպես էլ ինձ ռուսական շոուբիզնեսում սկսեցին ասել՝ ՆԼՕ: Ասեմ, որ իմ եւ Իրինա Ալեգրովայի գործունեությունը տեւեց 2 տարի ու իրար հրաժեշտ ենք տվել դրական ու ջերմ խոսքերով:
— Ջուս, Դուք այն եզակի հայ արտիստներից եք, ով պատվոգիր է ստացել Կրեմլից: Կպատմե՞ք այդ մասին:
— Այո, թերեւս ես միակ երգչուհին եմ, ով նման պատվոգիր ունի՝ լավագույն երգի համար: Մի այնպիսի համերգ էր դա, որտեղ շատ հայտնի արտիսներ էին երգում, օրինակ՝ Անատոլի Դնեպրովը, Սոսո Պավլիոաշվիլին եւ այլ հայտնի երգիչներ ու խմբեր: Ու ինձ համար մեծ պատիվ էր այդ մրցանակին արժանանալը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

