Ով է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը
ՆերքաղաքականՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետին եւ, ըստ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ, խոսել են քաղաքի կարեւոր ծրագրերից։ Հենց Ավինյանի կողմից հրապարակված տեսանյութում Մանսուրյանը հարց է ուղղում, թե Աջափնյակի մետրոյի հարցը կա՞ օրակարգում։ Ավինյանն էլ կատակում է․ «Ինձ թվում է՝ մյուս տարի բուն շինարարությունը կսկսենք։ Բացի ինձանից, ինձ թվում է՝ էլ ոչ մեկ չի հավատում, որ դա անելու ենք, բայց անելու ենք»։
Հետաքրքիր է՝ Տիգրան Ավինյանը չի լսո՞ւմ ինչ է խոսում իր քաղաքական առաջնորդ ու սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՞ ուղղակի ստում է 87-ամյա կոմպոզիտորին։ Բա որ բացի իրենից ոչ ոք չի հավատում, որ մետրոն կառուցվելու է, ինչո՞ւ է Փաշինյանը բիշքեկյան այցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել, որ Ռուսաստանի հետ քննարկում են մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, որովհետեւ իրենք այստեղ մեծ փորձ ունեն, եւ ուրախ կլինեն, որ այդ հարցում իրենց աջակցեն։
«Եվ մենակ «Աջափնյակ» կայարանի մասին չէ խոսքը։ «Աջափնյակ»-ը Երեւանի մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկն է, ըստ էության։ Այդ մի կայարանը բարեհաջող կկառուցենք, կավարտենք, դրանից հետո կկառուցենք նաեւ երկրորդը, երրորդը... Այս պահին տեսադաշտում առնվազն 4 նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղն Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա եւ կպնի «Չարբախ» կայարանին, եւ մենք մետրոյի շրջանաձեւ երթեւեկություն ունենանք»,- ասել է Փաշինյանը։
Փաստորեն, ինչ է ստացվում․ Փաշինյանը ստե՞լ է ե՛ւ լրագրողներին, ե՛ւ Վ․ Պուտինին ու չի հավատում իր ասածին, թե՞ Ավինյանը հատուկ է ստվերում յուր քաղաքական առաջնորդին, ինչպես նաեւ Ռուսաստանի դերակատարությունն այս հարցում։ Լավ, Ռուսաստանին ստվերելն օրվա իշխանության համար թրենդային է դարձել, բա Նիկոլ Փաշինյանին Ավինյանն ինչո՞ւ այս հարցում հեչ արեց։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

