«Քայլ արա, մերժի՛ր Նիկոլին» կոչից առաջ՝ շատ կարեւոր է ժողովրդին ասել, թե՝ կոնկրետ ի՞նչ է արվելու․ Կարապետյանց
ՆերքաղաքականԱնվտանգության նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի 2018-ի դեպքերի մասին պատմող գրքի շնորհանդեսի ժամանակ «Նժար» շարժման նախկին անդամ Գարեգին Միսկարյանը լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ։ Գուցե ամեն բան այդքան զարմանալի չլիներ, եթե Միսկարյանն ընտրություններից առաջ իրեն չհռչակեր ընդդիմադիր, իսկ ընտրություններից հետո նկարվեր նրա հետ, ում դեմ իբր պայքարում էր: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հիմնվեց «Նժար» շարժումը, որի համահիմնադիրներն էին Նինա Կարապետյանցը, Արտաշես Իկոնոմովը եւ Գարեգին Միսկարյանը։ Այս մասին «Իրավունքը»-ը զրուցել է «Նժար» շարժման հիմնադիրներից մեկի՝ իրավապաշտպան ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑԻ հետ, որը «Բոլորին դեմ եմ» արդեն կազմալուծված կուսակցության վարչապետի թեկնածուն էր։
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱԶՆԻՎ ՉԻ ԵՂԵԼ ԻՐ ԸՆՏՐՈՂԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»
— Տիկին Կարապետյանց, ինչպե՞ս եք վերաբերվում Գարեգին Միսկարյանի սելֆիին Փաշինյանի հետ։
— Որեւէ կերպ չեմ վերաբերվում: Մարդն իր համար որոշում է կայացրել: Նա չափահաս մարդ է՝ ընտրելու հնարավորություն ունեցող, դա իր ընտրությունն է։
— Միսկարյանը «Նժար» շարժմանն իր անդամակցությունը դադարեցրել էր՝ հայտարարելով, որ վերջին շրջանի իր լարված եւ ծանրաբեռնված գրաֆիկը հանգեցրել է նրան, որ ունի արյան բարձր ճնշում եւ գրգռված նյարդային ֆոն։ Ըստ նրա՝ բժիշկներն իրեն խորհուրդ են տվել որոշ ժամանակով նվազագույնի հասցնել իր հասարակական եւ քաղաքական գործունեությունը՝ առողջությունը վերականգնելու համար։ Փաստորեն, արդեն ապաքինվե՞լ է, որ իշխանական միջոցառումների է մասնակցում, սելֆիներ է անում:
— Մենք պարոն Միսկարյանի հետ «Նժար» շարժումից իր հեռանալուց հետո հանդիպել ենք մեկ անգամ, եւ դա եղել է Արթուր Օսիպյանի կալանավորման հետ կապված։ Այլ միջավայրում մենք առիթ չենք ունեցել հանդիպելու: Անկեղծ ասած, մանրամասների չեմ տիրապետում։
— Դուք եղել եք «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն։ Օրեր առաջ Ձեր նախկին համախոհը գռեհիկ արտահայտություն էր արել «Բոլորին դեմ եմ»-ի հասցեին (հասկանալի պատճառներով մեջբերում չենք անում): Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
— Ի՞նչ ասեմ։ Չափահաս մարդ է, որը հնարավորություն ունի ընտրելու՝ ինչի մասին կարելի է խոսել, ինչի մասին ինքը ցանկանում է խոսել, ինչն է ճիշտ ու սխալ համարում իր պատկերացումներով, եւ հետեւաբար, նորից մեկնաբանություններ չունեմ: Ես էլ եմ տեսել տարբեր գրառումներ եւ որեւէ կերպ չեմ արձագանքել դրանց։
— Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում առհասարակ այն մարդկանց, ովքեր ընտրություններից առաջ խաղում են թունդ ընդդիմադիր, ընտրություններից հետո սելֆիներ են անում իշխանության ներկայացուցիչների հետ։
— Բոլոր իրավիճակներում կարծում եմ՝ մարդը պիտի ավելի կայուն համոզմունքներ ունենա: Սրանք են հիմքն այն բանի, որ մեր հասարակությունը հասել է այս աստիճանի հուսահատության եւ որեւէ մեկին չվստահելուն։ Սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը կամ Փաշինյանները, Աստված չանի, ապագայում էլ շարունակեն կառավարել, հասարակությունը միավորվելու լուրջ խնդիր է ունենալու։
Ամեն դեպքում, մեր ժողովուրդը շատ ավելի իմաստուն է։ Տեսնում է, լավ հիշողություն ունի եւ շատ լավ պատկերացում: Մեր ժողովուրդը բազմաթիվ անգամներ խաբվել է, եւ խոսքը միայն 2018 թվականից հետոյի մասին չէ։ Մինչ 2018 թվականն էլ մենք ունեինք քաղաքական ուժեր, որոնք գալիս էին եւ ներկայանում էին որպես այդպես խիստ, խրոխտ ընդդիմադիր, հետո գնում էին՝ հաղթող կողմի ձեռքերը սեղմելու, թաթիկները համբուրելու եւ պաշտոններ կամ հնարավորություններ ստանալու: Սա նորություն չէ: Ցավում եմ, որովհետեւ քաղաքական դաշտը շատ դեպքերում, մեղմ ասած, այդքան էլ ազնիվ չի եղել իր ընտրողի՝ ժողովրդի հետ։
«ՄԱՐԴԻԿ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՆՈՐՈՇ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ»
— Ինչպե՞ս ստացվեց, որ միացաք «Բոլորին դեմ եմ»-ին, ու ի՞նչ եղավ Ձեր հիմնած «Նժար» շարժման հետ:
— Ես «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ կամ հիմնադիր չեմ եղել: Մենք իրենց ավելի ուշ ենք միացել՝ կուսակցության հիմնադրումից հետո: Ինչ վերաբերում է «Նժար»-ին, ապա ասեմ, որ մենք այն այդպես էլ, որպես կուսակցություն, չգրանցեցինք, որովհետեւ իմաստ չենք տեսնում: Այս երկիրը կուսակցությունների պակաս չունի: Մենք համարում ենք, որ քաղաքական շարժումը բավարար է քաղաքական ակտիվություն դրսեւորելու համար։
— Երեւանի ավագանու 2028 թվականի ընտրություններին պատրաստվո՞ւմ եք մասնակցել։
— Դժվար, որովհետեւ մեր ֆինանսական կարողություններն այդքան չեն բավարարի: Այնուամենայնիվ, դա որոշակի ծախս է պահանջում։ Վստահ չեմ, որ մենք պատրաստ ենք եւ ֆինանսապես ի վիճակի ենք լինելու մասնակցել այդ պրոցեսներին: Մյուս կողմից էլ ՏԻՄ ընտրություններն, իհարկե, շատ կարեւոր են, բայց, միեւնույն ժամանակ, մենք հիմա աշխատում ենք ավելի մեծ նախագծի վրա, որովհետեւ ինչքան էլ ՏԻՄ-երում ունենանք հաղթած թիմակիցներ, համախոհներ, կյանքը ցույց է տալիս, որ նրանք կա՛մ ձերբակալվում են, կա՛մ՝ գնդակահարվում։ Հետեւաբար, խնդիրն ավելի խորքային լուծման կարիք ունի, եւ մենք վստահ ենք, որ փոփոխությունները կարող են գալ միայն մի դեպքում, երբ հեռացվի Նիկոլ Փաշինյանը, եւ շատ հստակ ծրագրով գան իշխանության այն մարդիկ, ովքեր այս պետության համար պատրաստ են կռիվ տալու, պայքարելու։
— Նոր նախագիծ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Փակագծեր կբացե՞ք:
— Գրեթե նույն բանը, ինչի մասին խոսում էր «Նժար» սահմանադրական շարժումն իր հիմնադրման օրվանից: Մենք խոսել ենք միասնության անհրաժեշտության մասին: Խոսել ենք, որ բավարար չէ «քայլ արա, մերժի՛ր Նիկոլին» տրամաբանությամբ առաջնորդել, որովհետեւ մի անգամ «քայլ արա, մերժի՛ր Սերժին» արեցին, ու ստացանք մեծ արհավիրք: Հետեւաբար, շատ կարեւոր է «քայլ արա, մերժի՛ր Նիկոլին» կոչից առաջ՝ մեր հասարակությանը, ժողովրդին ասել, թե՝ կոնկրետ ի՞նչ է արվելու: Որովհետեւ երբ գալիս են եւ տարբեր շարժումներ են ձեւակերպում, ու ամբողջ նպատակն ու գաղափարախոսությունը հետեւյալն է՝ մեզ իշխանության բերեք, հետո մենք կասենք, թե ինչ ենք անելու. դա այլեւս չի աշխատում, քանի որ ժողովուրդը չի ուզում տեսնել այդ ամենը։ Մարդիկ չեն ցանկանում անորոշ ընտրություն կատարել։ Մենք ադապտացնում ենք մեր ծրագիրը, որպեսզի հնարավորություն լինի, այնուամենայնիվ, միասնական ճակատ ստանալու համար։
— Քաղաքական գործիչների ձերբակալությունները, կալանավորումները, քաղաքական հետապնդումների շարքը դեռեւս շարունակվում է։ Որպես քաղաքական միավոր՝ Ձեր արձագանքը, թերեւս, հրապարակային չի հնչել։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Այո, ուժի անունից չի հնչել, բայց ես պարբերաբար հնչեցնում եմ այդ հարցը, որ, անշուշտ, կան մարդիկ, ում վերաբերյալ շատ վաղուց՝ դեռեւս մինչեւ 2018 թվականին էր պետք քրեական գործեր հարուցել, որովհետեւ, նորից պիտի ասեմ՝ Հայաստանը, շատ փոքր երկիր է, մենք շատ փոքր եւ ցանցային ժողովուրդ ենք, ու մեկս մյուսի գործունեության, այդ թվում նաեւ հանցավոր գործունեության մասին տեղեկացված ենք։ Ասել է, թե բազմաթիվ գործեր շատ վաղուց պիտի հարուցված լինեին, բայց այն ոճը եւ այն ժամանակահատվածում, որով դա իրականացվում է, անշուշտ, այդտեղ կան քաղաքական հետապնդման էլեմենտներ՝ դրանում երկու կարծիք չի կարող լինել։
— Ինչպե՞ս կգնահատեք նոր գումարման խորհրդարանում նստած ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունը։
— Շատ վատ բաներ չասեմ, որովհետեւ, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ իրենք դարձի կգան ու կհասկանան, որ իրենց թիմային շահերն ու կապիտալն ավելի նվազ կարեւորություն ունեն, քան պետությունն ու պետականությունը:
Ես դեռեւս հույսս չեմ կորցրել, որ, այնուամենայնիվ, բոլոր ուժերը հնարավորություն պիտի ունենան միասնական ճակատով հանդես գալու: Եկեք շատ ավելի խիստ չքննադատենք։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

