Անհաջողության ջենտլմենները
ՎերլուծությունՀայաստանի մանդատավոր ընդդիմության համար ՏԻՄ առաջիկա ընտրությունները հերթական ընտրական գործընթացը չեն։ Սա քաղաքականության ամենապարզ թեստն է՝ ունե՞ս արդյոք մարդկային ռեսուրս, կազմակերպական ցանց ու կամք, որոնցով պատրաստվում ես, օրինակ, վաղը իշխանություն վերցնել։ Ու հենց այստեղ է, որ ընդդիմության խոսքն ու գործը կրկին չեն համընկնում իրար։
Մանդատ ստանալուց հետո ընտրողին խոստացվեց շարունակական պայքար։ Ասվեց՝ հունիսի 7-ը վերջնակետ չէ, պայքարը տեղափոխվելու է մարզեր ու համայնքներ։ Հիմա եկել է այդ խոստման առաջին իրական պահը, եւ հանկարծ պարզվում է՝ թեկնածուները դեռ «քննարկվում են», ռեսուրսները՝ «ուսումնասիրվում», որոշումները՝ «կայացվելու են ժամկետներում»։
Քաղաքականության մեջ սա արդեն ուշացում չէ։ Սա ախտանիշ է։ Թումանյանի համայնքում առաջիկա ընտրություններին ընդդիմադիր թեկնածու չկա։ Տասը գյուղ ընդգրկող համայնքում իշխանությունը գնում է ընտրության, իսկ ընդդիմությունը բացակայում է։ Հետո նույն ընդդիմությունը խոսելու է իշխանափոխությա՞ն մասին։ Եթե չես կարող մրցել համայնքի ղեկավարի կամ ավագանու տեղի համար, ինչպե՞ս ես պատրաստվում մրցել վարչապետի աթոռի համար։
Ընդդիմադիր մանդատը կարծես վերածվում է քաղաքական ապահովագրության․ վերցնում են իշխանության դեմ պայքարի անունով, իսկ հետո սկսվում է մանդատի շուրջ ստեղծված հարմարավետության պահպանումը։ Բայց չէ որ մանդատը բոնուս չէ, այն պարտավորություն է։ Ընտրողը պատգամավորին մանդատ չի տալիս, որպեսզի չորս տարի հետո նորից բացատրություն լսի, թե ինչու չհաջողվեց։ Մանդատը տրվում է հակակշիռ ստեղծելու, մարդկանց կազմակերպելու եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ռիսկի գնալու համար։
Իսկ եթե ամեն ռիսկի առաջ քաղաքական ուժը սկսում է սեփական անունը թաքցնելու տարբերակներ փնտրել՝ անկախ թեկնածու, չեզոք ցուցակ, այլ քաղաքական պիտակ, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը դնի այդ անվան տակ։
Եթե ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունը կարող է ճնշել իր թեկնածուներին, պատասխանը սեփական դրոշը թաքցնելը չէ։ Պատասխանը սեփական դրոշի տակ կանգնած մարդկանց պաշտպանելու կարողությունն է։
Ո՞Վ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ
Քաղաքական ուժի իրական դեմքը երեւում է ոչ թե այն ժամանակ, երբ իր թեկնածուն հաղթում է, այլ երբ նրա նկատմամբ ճնշում է գործադրվում։ Եթե պատգամավորի, համայնքի ղեկավարի կամ կուսակցական ակտիվիստի համար ամենադժվար պահին քաղաքական թիմը լռում է կամ հեռավորություն պահում, հասարակությունը շատ պարզ հետեւություն է անում․ եթե նրանք իրենց մարդկանց չեն պաշտպանում, ինչո՞ւ պետք է վաղը պաշտպանեն ընտրողի շահը։
Այսպիսի ընդդիմությունը կարող է ունենալ պատգամավորներ, գրասենյակներ, լրատվական ռեսուրս։ Բայց չի ունենա քաղաքական վստահություն։
Եթե իշխանությունը պետական համակարգը օգտագործում է քաղաքական մրցակիցների նկատմամբ ճնշման համար, եթե մարզերում ստեղծվում է վախի մթնոլորտ, դա լուրջ խնդիր է։ Բայց նույնիսկ այդ պայմաններում ընդդիմության ձախողումը չի դառնում իշխանության արդարացումը։ Ընդհակառակը՝ որքան կոշտ է իշխանությունը, այնքան կազմակերպված պետք է լինի ընդդիմությունը։ Որքան մեծ է ճնշման վտանգը, այնքան ավելի ակնհայտ պետք է լինի, որ թեկնածուն մենակ չէ։
Եթե իշխանությունը փորձում է վախեցնել, ընդդիմությունը պետք է վախը վերածի դիմադրության։ Հակառակ դեպքում իշխանությունը պարզապես օգտվում է ընդդիմության թողած դատարկ տարածությունից։
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋԵՆՏԼՄԵՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ՉԷ
ՏԻՄ ընտրություններում չկա ամբիոն, որի հետեւում կարելի է թաքնվել։ Այստեղ պետք է մտնել գյուղ, քաղաք, բակ, հանդիպել ընտրողին եւ սեփական անունով կանգնել նրա առաջ։ Կուսակցության իրական կարողությունը չափվում է ոչ թե պատգամավորների թվով, այլ այն մարդկանց թվով, ովքեր պատրաստ են գնալ ընտրապայքարի։
Թվում է՝ մեր ընդդիմադիր քաղաքական դասի մի հատվածը դեռ չի հասկացել մի պարզ բան․ իշխանությունը փոխվում է ոչ թե լավ վարքի համար պարգեւատրվելով, այլ քաղաքական պայքարում հաղթելով։ Քաղաքականությունը «ջենտլմենների» ակումբ չէ։ Այստեղ բավարար չէ լինել կոռեկտ, քաղաքավարի եւ խորհրդարանում ճիշտ ձեւակերպումներ անել։ Պետք է կարողանալ հաղթել։ Իսկ հաղթելու համար պետք է նախ համարձակվել ոչ միայն մասնակցել ընտրություններին, այլ հետո տեր կանգնել ստացած ձայներին, ինչը չեղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Այսօր ընդդիմությունը կանգնած է անհարմար հայելու առաջ։ Մի կողմում նրա խոստումներն են՝ պայքար, մարզեր, համայնքներ, իշխանափոխություն։ Մյուս կողմում՝ ընտրական քարտեզը, որտեղ տեղ-տեղ իշխանությունը միայնակ է մրցում։
Ընտրողն այլեւս չի ուզում լսել՝ «պայքարելու ենք», «հունիսի 7-ը վերջը չէ», «աշնանը շարունակելու ենք»։ Հիմա նա ուզում է տեսնել՝ ո՞վ է գալու իր համայնք։ Ո՞վ է կանգնելու իր առաջ։ Ո՞վ է մնալու իր թեկնածուի կողքին, եթե ճնշում լինի։ Եվ ամենակարեւորը՝ ո՞վ է պատրաստ ոչ միայն մանդատ վերցնել, այլեւ դրա գինը վճարել։ Սա է ՏԻՄ ընտրությունների իրական քննությունը։
Իշխանությունը կարող է ունենալ վարչական ռեսուրս, իրավական լծակներ եւ պետական համակարգի առավելությունը։ Բայց ընդդիմությունն ունի մի բան, որը ոչ մի իշխանություն հրամանով չի ստեղծի՝ հասարակության վստահությունը։ Եթե այդ վստահությունը կորցնում ես, մնացած ամեն ինչ դառնում է երկրորդական։ Իսկ այսպիսի մանդատավոր ընդդիմության հետ հասարակությունն այլեւս որեւէ հույս չի կապում, ավելին՝ դեռ մի բան էլ ընդդիմադիր տրամադրված հասարակությունն է փորձում փրկել նրանց՝ դատարանների դիմաց իր աջակցությունը հայտնելով։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

