Ի՞նչ իմաստ ունի զբաղեցնել այդ պաշտոնը․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՄինչ իշխանական շրջանակները շարունակում են տնտեսության հաջողությունների մասին խոսել, պաշտոնական վիճակագրությունը բոլորովին այլ բանի մասին է ահազանգում։ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր արտահանումը նվազել է 6.7 տոկոսով։ Այս մասին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է ՀՀ ֆինանսների նախարար ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ «Ներմուծումն աճել է 4 տոկոսով։ 6 ամսվա ընթացքում առեւտրային հաշվեկշիռը վատացել է 480 մլն դոլարով, որը տոկոսային արտահայտությամբ կազմում է 20 տոկոս»,- դժկամությամբ ընդգծել է Հովհաննիսյանը։ Ու այսքանից հետո մնում է միայն զարմանալ՝ ո՞րն է, այսպես կոչված, իրական Հայաստանի տնտեսությունը, որտեղ արտահանումը նվազում է, ներմուծումն աճում, իսկ առեւտրային հաշվեկշիռը վեց ամսում 480 մլն դոլարով վատանում, թե՞ այն, որը, իշխանությունների մատուցմամբ, արդեն վաղուց աշխարհի տնտեսական հրաշքների շարքում է։ Կարո՞ղ է մենք էլ ինչ-որ բան չենք հասկացել․ հնարավո՞ր է՝ տնտեսական «ծաղկումն» այն է, երբ արտահանումը նվազում է, բայց հաջողությունների մասին խոստումները՝ աճում։
Իսկ ադրբեջանական Ումբակիի բանտից հնչեցրած իր ձայնային ուղերձում շուրջ 3 տարի գերեվարված եւ ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հրավիրել է ադրբեջանական բանտ՝ տեսակցելու այնտեղ պահվող հայ գերիներին: Իշխանյանը հիշեցրել է նաեւ, որ դեռ մայիսին էր դիմել Հայաստանի ՄԻՊ-ին եւ, իր խոսքով, ստացել «զրո պատասխան»։ Վերոնշյալին արձագանքելով՝ ՄԻՊ գրասենյակից պատասխանում են՝ նոր ասելիք չկա, նոր տեղեկատվություն չկա, իսկ եղածը՝ հրապարակային հայտարարություններ են։ Բայց գերիներին հայտարարություննե՞ր են պետք, թե՞ պաշտպանություն։ Եթե Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ չի կարողանում որեւէ գործնական քայլ անել, չի կարողանում հասնել գերիներին, չի կարողանում պատասխանել դիմումներին, ապա միանգամայն տրամաբանական հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի զբաղեցնել այդ պաշտոնը եւ պարզապես արձանագրել, որ «բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն»։ Գերիների համար «պետք է»-ն վաղուց ոչինչ չի փոխում։ Գործողություն է պետք։ Եթե դա հնարավոր չէ՝ գոնե պետք է ազնվորեն ասել, որ չե՛ս կարողանում։ Ի վերջո, երբ ՀՀ անձնագիր ունեցող մարդուն պահում են ադրբեջանական բանտում, իսկ Հայաստանի ՄԻՊ-ի պատասխանը սահմանափակվում է հերթական հերթապահ հայտարարությամբ, սա արդեն ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության, այլ անզորության արձանագրում է։
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ Հանրայինի եթերում արձանագրել է․ «Իմ անձնական հետազոտությունը ցույց է տալիս, որ բռնության է ենթարկվել կանանց 99 տոկոսը: Բռնության ենթարկվում են տղամարդիկ նույնպես, տղամարդկանց 99 տոկոսը նույնպես ենթարկվում է բռնության»։ Այ քեզ բա՜ն, համաձայնեք, որ եթե Աննա Հակոբյանը չլիներ Նիկոլ Փաշինյանի դե ֆակտո զուգընկերը, կարելի էր համարել, որ նա զուտ վատ շրջապատ է ընկել, որտեղ կանայք բռնության են ենթարկում ամուսիններին, ամուսիններն էլ՝ կանանց։ Այլապես՝ ինչպե՞ս հասկանալ նման անձնական հետազոտությունը, որտե՞ղ է այն իրականացվել, կառավարական դաչաներո՞ւմ, ախր միջին վիճակագրական ավանդական հայկական ընտանիքներում, նման երեւույթ ո՛չ եղել է, ո՛չ էլ կլինի։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

