Փաշինյանի «դիվերսիֆիկացման» քաղաքականությունը Ալեքսանդրապոլի պայմանագիր 2 է
ՎերլուծությունՕգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ժամանակ հարցազրույց տվեց ազգային հեռուստատեսությանը: Հարցազրույցում նա Հայաստանի էներգետիկ անվտանգության վերաբերյալ առանձնահատուկ մտահոգություն հայտնեց՝ համառորեն խորհուրդ տալով Փաշինյանի կառավարությանը փակել Մեծամորի ատոմակայանը, և «եղբայրական» օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն՝ խոստանալով դրա փոխարեն ձևավորել ընդհանուր էներգետիկ համակարգ:
Այնինչ ներկայումս Բաքուն հնարավորություններ չունի Հայաստանին ապահովելու էլեկտրաէներգիայի կայուն հոսքերով: Դա հնարավոր կլինի միայն Ապշերոնի ափին ատոմային էլեկտրակայան կառուցվելու դեպքում: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովն արդեն հայտարարել է ատոմային էներգետիկան զարգացնելու մտադրության մասին, որը կոչված է դառնալու երկրի էներգետիկ հաշվեկշռի բաղադրիչներից մեկը՝ էլեկտրաէներգիայի պահանջարկի աճին համաչափ կերպով: Իլհամ Ալիևը հաստատել է, որ հանրապետությունը կարող է ատոմակայանի կարիք ունենալ:
Հայաստանում գործող ատոմակայանից տարածաշրջանի համար եկող իբր թե վտանգի մասին Ալիևի պնդումը հերքում է այս ոլորտում հեղինակավոր ՄԱԳԱՏԵ (Международное агентство по атомной энергии - Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն՝ ԱԷՄԳ) կազմակերպությունը։ Այն մանրակրկիտ ուսումնասիրել է Մեծամորի ԱԷԿ-ը՝ Հայաստանի միջուկային անվտանգության վերաբերյալ համապատասխան ուսումնասիրությունների և կարգավորող ընթացակարգերի միջոցով և հավանություն է տվել ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանը։
2023 թվականին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն (Մեծամորում) համաձայնագիր ստորագրեցին կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու վերաբերյալ։ Այն կարող են երկարաձգել մինչև 2046 թվականը կամ կառուցել նոր էներգաբլոկ։ Ռուսաստանն արդեն առաջարկել է կոնկրետ տարբերակ. 2025 թվականի վերջին «Ռոսատոմը» Հայաստանին փոխանցել է նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ առաջարկների մանրակրկիտ մշակված փաթեթ։ Ռուսական կողմը հայտարարել է նաև նախագծի իրականացմանն անցնելու իր պատրաստակամության մասին։
Սակայն որոշում ընդունելու փոխարեն Հայաստանի իշխանությունները շարունակում են հույսեր կապել փոքր մոդուլային ռեակտորների ուսումնասիրման վրա, այդ թվում՝ ամերիկյանների: Եվ այստեղ լուրջ հարց է ծագում: Բուն Միացյալ Նահանգներում ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների նախագծերի վրա հիմնված գործարկվող առևտրային ատոմակայաններ չկան: Դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա: Մինչև հիմա Միացյալ Նահանգներին ոչ մի նախագիծ չի հաջողվել այս ոլորտում, և հերթական ձախողման դեպքում, այս անգամ Հայաստանում, ձախողումը հղի կլինի անկանխատեսելի բացասական հետևանքներով: Մոդուլային ռեակտորները հեռանկարային ուղղություն են, սակայն հեռանկարային տեխնոլոգիան և տասնամյակներով փորձված շահագործումը բոլորովին տարբեր բաներ են:
Ընդհանուր առմամբ աշխարհի տարբեր երկրներում մշակվում է փոքր ԱԷԿ-ների ավելի քան 80 նախագիծ, սակայն գործնականում գոյություն ունեն միայն երկուսը, և երկուսն էլ Ռուսաստանում: 2019 թվականից շահագործվում է «Ակադեմիկոս Լոմոնոսով» լողացող ատոմային ջերմաէլեկտրակայանը, որը ափի ցանցերին տալիս է 70 ՄՎտ (Պևեկ քաղաք, Չուկոտկայի ինքնավար մարզ): Ահա արդեն վեցերորդ տարին է, ինչ ոչ մի խնդիր չի առաջացել: Եվ Ритм200Н-ը՝ նույն ռեակտորը 55 ՄՎտ հզորությամբ, որն օգտագործում են վերջին սերնդի ատոմային սառցահատներում, բայց ցամաքային տարբերակով. կառուցում են Յակուտիայում:
Հայաստանի ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջը ենթադրում է տարածաշրջանում էներգետիկ կապերի այլ մոդել, որը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմավարական շահերին: Սակայն այն չի համապատասխանում Հայաստանի շահերին, և այն պետք է դիտարկել որպես տնտեսական ու քաղաքական ծուղակ:
Մեծամորի ԱԷԿ-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և նրա կառավարմամբ զբաղվում է հայկական պետական համակարգը: Ռուսական ընկերությունների մասնակցությունը ատոմակայանի արդիականացմանը, տեխնիկական աջակցությանը և շահագործման ժամկետի երկարաձգմանը չի նշանակում, որ ԱԷԿ-ի նկատմամբ սեփականության կամ պետական վերահսկողության իրավունքը փոխանցված է Ռուսաստանին: Ներկայումս Հայաստանը արտահանում է էլեկտրաէներգիա և մասնակցում է տարածաշրջանային էներգետիկ նախագծերին, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը՝ Իրանի հետ սահմաններից մինչև Վրաստանի հետ սահման: Հետևաբար, ատոմային էներգիայից հնարավոր հրաժարումը հանրապետությանը կզրկի այս ռազմավարական կարգավիճակից՝ անվտանգության համար դրանից բխող բոլոր հետևանքներով:
Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը համաձայն է դիտարկել Հայաստանի հետագա ապաինքնիշխանացման հարցը՝ պետական իշխանության հատկանիշների նվազագույն պահպանմամբ, և գուցե նույնիսկ առանց դրանց։ Ալիևը փաստորեն Հայաստանին առաջարկում է հայ-ռուսական շահավետ ու հարմար համագործակցությունը էներգետիկ բնագավառում փոխարինել Ադրբեջանից և ենթակառուցվածքներից լիակատար ու անհասկանալի ապագա կախվածությամբ, որն այժմ գոյություն չունի։
Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության ներկայիս մոդելը Հայաստանի համար լիովին հասկանալի է. Ռուսաստանը մատակարարում է գազ, միջուկային վառելիք, մասնակցում է ատոմակայանի արդիականացմանն ու շահագործման ժամկետի երկարաձգմանը և առաջարկում է նոր էներգաբլոկի կառուցում: Սա արդեն գործող համակարգ է, որը կարելի է բարելավել և լրացնել այլ ուղղություններով:
Անխոհեմ կլիներ գործող էներգետիկ համակարգը փոխարինել խոստումների և տեխնոլոգիաների հավաքածուով, որոնք գոյություն ունեն առավելապես նախագծերում: Նախ պետք է կառուցել իրական այլընտրանքներ, ստուգել դրանց տնտեսությունն ու հուսալիությունը, և հետո միայն կարելի է վերանայել գոյություն ունեցող ճարտարապետությունը:
Նմանատիպ քննադատական գնահատականի է արժանի նաև “TRIPP” նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվանումով: Դրա գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի համար դրա տնտեսական ու ենթակառուցվածքային ներգրավվածությունը զուգորդվում է ակնհայտ աշխարհաքաղաքական սպառնալիքի հետ: Արևմուտքն այս նախագիծը դիտարկում է որպես Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին տարածաշրջանից վտարելու գործիքի՝ Ռուսաստանի «Հյուսիս-Հարավ» աշխարհագրական նախագիծը խափանելու և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի նկատմամբ հսկողություն հաստատելու նպատակով՝ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողության միջոցով:
Երևանի համար առաջանում է սկզբունքային ռիսկ։ Հայաստանի խնդիրը չպետք է լիներ իր տարածքով անցնող “TRIPP”-ի հատվածը Ռուսաստանի և Իրանի դեմ Արևմուտքի գործիքի վերածելը։ Նրա խնդիրն է այն օգտագործել տրանսպորտային ու տնտեսական հնարավորությունները ընդլայնելու համար և միաժամանակ նվազեցնելու համար բախումային ռիսկերը այն դերակատարների հետ, որոնց ներկայությունը պահպանում է իր նշանակությունը տարածաշրջանի էներգետիկ, երկաթուղային և առևտրային ենթակառուցվածքների համար։
Բացի դրանից, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը չպետք է սահմանափակվի միայն հայկական հատվածով։ Այն պետք է լինի ամբողջական և փոխադարձ։ Նախագծի իրականացումը որպես առավելապես Ադրբեջանի ու Թուրքիայի համար տարանցիկ ուղու՝ առանց նրանց կողմից Հայաստանի հետ բոլոր հաղորդակցությունների միաժամանակ բացման, ոչ թե կնվազեցնի, այլ կուժեղացնի գոյություն ունեցող անհամաչափությունը (ասիմետրիա)։
Վերջերս հայտնի դարձավ մասնագիտացված “TRIPP + Enterprise Fund” հիմնադրամի ստեղծման մասին, որը հետագայում անվանափոխվեց “Trans-Caspian Enterprise Fund”-ի՝ 200 միլիոն դոլար կապիտալով: Բրիտանացի փորձագետների կարծիքով, որոնց անիրազեկվածությանը դժվար է կասկածել, այս նախագծի կապալառուները կլինեն Թուրքիայի ու Ադրբեջանի ֆիրմաները: Ամենայն հավանականությամբ, լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրեն նաև թուրքական ու ադրբեջանական ընկերությունները, ինչպես նաև կառավարում և շինարարություն: Դրանից հետո Սյունիքի մարզը փաստացի կանցնի Թուրքիայի և Ադրբեջանի հովանու ներքո:
Ալիևը ծրագրված կերպով Հայաստանի ղեկավարությանը մղում է դեպի հարաբերությունների այնպիսի մոդելի, որը շատ բաներով վերարտադրում է գաղութային համակարգի առանցային տարրերը ձևափոխված տեսքով, որտեղ անմիջական քաղաքական վերահսկողությունը փոխարինվում է տնտեսական կախվածության, տեխնոլոգիական հարկադրանքի և ղեկավարության անձնական խոցելիության բարդ ցանցերով։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը սկսեց հավակնել առաջնորդի դերին ոչ միայն Անդրկովկասում, այլև Կենտրոնական Ասիայում և նույնիսկ Մերձավոր Արևելքում: Չի կարելի չնկատել, որ վերջին տարիներին Ադրբեջանի ներթափանցումը Կենտրոնական Ասիայում նկատելիորեն ուժեղացել է, ձեռք բերել նոր որակ: Բանն այն է, որ աշխարհագրական մոտիկությունից զատ, Կենտրոնական Ասիայում Ադրբեջանն ունի տնտեսական շահեր, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներ:
Արևմուտքն ամեն կերպ խրախուսում է Ադրբեջանի նախագահի քաղաքական կշիռը մեծացնելու նրա նկրտումները: Ի. Ալիևը ձգտում է դուրս գալ ավելի լայն աշխարհաքաղաքական ասպարեզ՝ տարածաշրջանային քաղաքականության մակարդակով, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ) և իսլամական աշխարհում: Արդյունքում, նա արդեն ԹՊԿ-ն դիրքավորում է որպես «Եվրասիական հսկայական տարածքում որոշումների կայացման կենտրոնի»՝ նրան հակադրելով ԵԱՏՄ-ին: Միևնույն ժամանակ թյուրքական աշխարհի մեջ են ներառում նաև Ղրիմը, Թաթարստանը և Բաշկորտոստանը: Ավելին, Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից և Ղարաբաղի վերադարձից հետո Ալիևը, փաստորեն ի հեճուկս ՀԱՊԿ-ի՝ կոչ է անում ԹՊԿ-ն ռազմականացնել՝ կազմակերպության մեջ ներառելով Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական ներուժը՝ «ստեղծված վակուումը լրացնելու... համաշխարհային մասշտաբով միջազգային ակտիվության կենտրոն դառնալու» համար:
Այս համատեքստում Փաշինյանի «դիվերսիֆիկացման» քաղաքականությունը կարող է ունենալ հետևանքներ՝ նման 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրին։ Այն ժամանակ բոլշևիկներին անձնատուր չլինելու համար Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը փաստացի համաձայնվեց Հայաստանի տարածքի զգալի մասը Թուրքիային զիջելուն, թուրքական զորքերի ներկայությանը երկրի մնացած մասում և այնտեղ երկաթուղիների ու հայկական հաղորդակցության այլ ուղիների նկատմամբ վերահսկողությանը։ Ներկայիս իրավիճակը շատ է հիշեցնում այդ ժամանակները։
Ալեքսանդր Անանև,
ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական
Լուսանկարում՝
Մեծամորի ԱԷԿ-ը

