ՀՀ-ն շարունակելու է իր դաշնակցային գործընթացը ՌԴ-ի հետ, կամ դրա տարածաշրջանային այլընտրանքը Թուրքիան է․ Դանիելյան
ՆերքաղաքականԲիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ շարունակում է մնալ քաղաքական քննարկումների առաջին հորիզոնականում: Թե ինչ տվեց Հայաստանի Հանրապետությանն այդ հանդիպումը, «Իրավունք»-ը պարզեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ կարծիքը։
— Պարոն Դանիելյան, Փաշինյան-Պուտին հանդիպումը, ի վերջո, ի՞նչ տվեց ՀՀ քաղաքացուն։
— Ըստ էության, հետեւյալ գործընթացն է տեղի ունենում՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը սակարկում է՝ հօգուտ իր սեփական իշխանությունը պահելու: Ակնհայտ է, որ նա ներքին լսարանի համար այլ բան է ասում, արտաքին լսարանի համար՝ բոլորովին այլ բան, ինչը տեսանք նաեւ ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում: Նա այստեղ հայ ժողովրդին ասում է, որ մենք գնում ենք Եվրամիություն, շուտով ԵՄ անդամ ենք լինելու եւ եվրաինտեգրացիայի գործընթաց ենք սկսել: Իսկ միջազգային մեր դաշնակից գործընկերների հետ շփման ընթացքում ասում է, որ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում հիմա, ավելին՝ մենք անգամ ԵՄ գնալու ցանկության մասին օրենքն ընդունել ենք ԱԺ-ում, որ հանրաքվե չլինի:
Այս կոնտեքստում ցանկանում եմ ասել, որ ՀՀԿ-ն միակ խմբակցությունն է եղել, որը դեմ է քվեարկել այդ իրականության հետ ոչ մի կապ չունեցող եվրաինտեգրացիայի նախագծին: Մենք մեր իշխանության ժամանակ ցույց ենք տվել հստակ, թե ինչպես է պետք վարել․ դա «եւ-եւ»-ի քաղաքականությունն էր: Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ոչ մի կերպ չի կարելի անվանել «եւ-եւ»: Այսօր այլընտրանքը ձեւավորվում է հետեւյալ կերպ՝ կա՛մ ՀՀ-ն շարունակելու է իր դաշնակցային գործընթացը Ռուսաստանի հետ, կա՛մ դրա տարածաշրջանային այլընտրանքը Թուրքիան է: Մենք պետք է հասկանանք, թե ՆԱՏՕ-ի գործընկերն ու պատասխանատուն ով է տարածաշրջանում: Մենք փաստացի չունենք հրավեր Եվրամիությունից կամ որեւէ այլ տեղից, իսկ փաստացի երկար տարիների տանջանք պահանջած ԵԱՏՄ-ի անդամակցությունն այսօր դրվել է հարցականի տակ:
Այս ներքաղաքական իրավիճակը, որն այսօր ունենք՝ քաղաքական բանտարկյալներ, բռնաճնշումներ եւ այլն, խոսում են այն մասին, որ Փաշինյանը լեգիտիմության խնդիր ունի: Որովհետեւ եթե մարդը չունենար նման խնդիր, նա իր ողջ ռեսուրսը չէր իրականացնի բարերարներին, քաղաքական գործիչներին կաշկանդելու, կշտամբելու, փակելու գործընթացի վրա:
Արտաքին քաղաքականությունը պետք է լինի ժողովրդի օգտին, ոչ թե ժողովրդի հաշվին ձեւավորվի այնպիսի իրավիճակ, որ այսօր մեր գյուղացին խնդիր ունենա արտահանման: Մեր գործարարները կանգնած են նույն խնդրի առաջ եւ իրենց տնտեսությունը տուժում է, քանի որ չի ստեղծվել ալտերնատիվ տարբերակ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է արդեն իսկ գոյություն ունեցող շուկայից՝ չառաջարկելով այլընտրանք: Մենք խոսում ենք Եվրամիության մասին, բայց հաշվի չենք առնում, որ մեր գյուղատնտեսությունը արդիական չէ ԵՄ-ի համար: Դա կեղծ օրակարգ է եւ խաբեություն:
Այս ամենը, ինչն արվում է այսօր, տեսնում ենք, որ կատարվում է եվրոպական տարբեր կառույցների լռությամբ։ Որեւէ արձանագրում եւ արձագանք չկա կատարվող խոշտանգումների վերաբերյալ: Ստացվում է մարդու խոսքի ազատությունը եւ իրավունքները դարձել են երկակի ստանդարտներ: Մի երկրում նրանց համար այս կամ այն դեպքը քաղաքական հետապնդում է, մյուս երկրում, որտեղ դա իրենց ձեռնտու չէ, դա քաղաքական հետապնդում չէ եւ օրինական շրջանակներում է կատարվում:
— Խոսելով ԵՄ-ԵԱՏՄ թեմայով հանրաքվեի մասին՝ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին ասաց, որ դեռեւս դրա կարիքը չի տեսնում: Ինչո՞ւ է Փաշինյանը վախենում հանրաքվե անցկացնելուց:
— Որովհետեւ ակնհայտ է, որ նրանք 50+1 չեն կարողացել տանել ընտրություններին եւ հազիվ կարողացել են կեղծիքներով, ձայներ փոշիացնելով, ռեպրեսիաներով ու այլ տարբերակներո մեծամասնություն կազմել: Հետեւաբար, կարող ենք փաստել, որ հնարավոր չէ, ժողովուրդն ընտրի ՔՊ-ի ասածն ու առաջ բերածը: Եթե ամեն բան նորմալ լիներ, կարիք չէր ստեղծվի այս կամ այն կողմ գնալու: Կա հստակ ծրագիր, եւ միակ ծրագիրը, որը պետությունը պետք է ունենա ու որդեգրի, դա պետական համակարգի, շահի, մեր ինքնությանը միտված քայլերն են, որոնք ես չեմ տեսնում օրվա կառավարիչների գործընթացներում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

