Միայն ՌԴ-ն է ազնիվ եւ ուղիղ ասում, որ Արցախի հարցի փակման փորձերը թուլացնում են նաեւ ՀՀ-ն․ Հակոբյան
Շոու բիզնեսԲիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին տարիների լարվածության մասին՝ պնդել է, որ ամեն ինչ սկսվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից եւ հիշեցրել 2022 թվականի Պրահայի հանդիպումը։
«Հայաստանի ղեկավարությունը, անձամբ վարչապետը Պրահայում համապատասխան փաստաթուղթ ստորագրեց եւ ճանաչեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այդ պահից այս հարցում մեր դիրքորոշումը շատ երկիմաստ դարձավ։ Մենք ի՞նչ է՝ կարող էինք կամ պե՞տք է միջամտեինք Ադրբեջանի ներքին գործերին», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Ըստ ՌԴ նախագահի՝ արեւմտյան երկրներն այն ժամանակ եւս Ղարաբաղը համարում էին Ադրբեջանի մաս եւ Մոսկվային հավաստիացնում էին, որ կապահովվեն այնտեղ ապրող հայերի իրավունքներն ու շահերը։
«Ես ասում էի՝ ոչինչ էլ չեք ապահովի, մարդիկ պարզապես կհեռանան, եւ վերջ։ Թեեւ նախագահ Ալիեւն այդ մարդկանց որեւէ վատ բան չէր անի։ Նա ժամանակակից, ինտելիգենտ մարդ է, կփորձեր ապահովել նրանց շահերը, հարյուր տոկոսով, բայց նրանք, միեւնույնն է, չէին մնա։ Այդպես էլ եղավ», - հայտարարել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի համոզմամբ՝ այժմ ստեղծված իրավիճակը նաեւ հնարավորություն է տալիս «շրջել էջը»․ «Կարելի է էջը շրջել եւ առաջ շարժվել արդեն առանց հակամարտությունների, մարդկանց տեղավորել նոր բնակության վայրերում, ապաշրջափակել ենթակառուցվածքները, տնտեսական նոր կյանք սկսել, բացել սահմանները ներդրումների համար։ Իրականում դրական կողմերն էլ քիչ չեն»։
Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է Արցախի վերջին գումարման խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել են Ղարաբաղի հանձնումից հետո:
— Կարծում եմ՝ այս անգամ ամեն բան առավել քան պարզ էր ասում։ Ռուսաստանի նախագահը հայտնի է իր խորը դիվանագիտական խոսքով, սակայն, երեւի, ժամանակի հետ իրենք էլ են փոխել մոտեցումները եւ ավելի պարզ են Հայաստանի ղեկավարի հետ խոսում, քան թույլ է տալիս դիվանագիտական կեցվածքը: Այս անգամ շատ ավելի պարզ էր ամեն բան՝ ուղիղ էր ասվում, եւ որեւէ ենթատեքստ չկար։
Ըստ էության, նորություն էլ չասաց Ռուսաստանի Դաշնության նախագահը: Այն, որ Արցախը, որպես Ադրբեջանի մաս, Հայաստանի ղեկավարի կողմից ճանաչումը փոխեց հարաբերությունները՝ նորմալ էր, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ միայն Ռուսաստանն է, որ այսօր ազնիվ է այդ առումով Հայաստանի հետ եւ ուղիղ է ասում, որ Արցախի հարցի փակման փորձերը թուլացնում են նաեւ Հայաստանի Հանրապետությունը։
Իսկ մնացած պետությունները չեն խոսում այդ մասին, որովհետեւ իրենց դա ձեռնտու չէ։ Նրանց հարմար է, որ Հայաստանը թույլ լինի եւ որեւէ գործընթացում որպես սուբյեկտ երբեւէ չկարողանա հանդես գալ, այլ կատարի բոլորի պահանջները, ինչը կցանկանա Ադրբեջանը, Թուրքիան եւ եվրոպական պետությունները։
— Տիկին Հակոբյան, պետք է ընտրվեր Արցախի նոր նախագահ, ինչո՞ւ չընտրվեց, ի՞նչ քննարկումներ են այս պահին ընթանում։
— Արցախի նախագահի հարցի քննարկումը մենք, ըստ էության, չունեցանք: Վերջին քննարկումը, որը տեղի ունեցավ հուլիս ամսվա վերջերին, այդ ժամանակ եղավ պայմանավորվածություն, որ, ամեն դեպքում, Արցախի նախագահին պետք է ընտրի ժողովուրդը եւ համարվեց, որ այս պահին հրատապ է Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որը, ցավոք սրտի, որքանով, որ ես եմ հասկանում, հենց Արցախի Ազգային ժողովի որոշ անձանց կողմից խոչընդոտվում է:
Իհարկե, ես կարող եմ հասկանալ կամ ավելի ճիշտ գլխի ընկնել, թե ինչ պատճառով եւ ինչի հիման վրա է դա արվում: Գուցե այս իշխանություններից վախ կա: Չգիտեմ, պատճառները կարող են տարբեր լինել, ամեն դեպքում իրենք փորձում են խոչընդոտել, սակայն, իհարկե, դա չի նշանակում, որ նրանք պիտի անեն այն, ինչն իրենց հրամայվում է այս իշխանությունների կողմից: Մենք փորձում ենք, ամեն դեպքում, իրավիճակը փոխել եւ լուծում տալ հարցին: Մենք ասելով՝ նկատի ունեմ ընդդիմադիր պատգամավորներիս, որովհետեւ, ցավոք սրտի, որքան հասկանում եմ, նույնիսկ տեղահանումից հետո որեւէ բան շատ-շատ պատգամավորների մոտ ուղղակի չի փոխվել։
Անկեղծ ասած, ինձ համար եւս մեծ անակնկալ էր, երբ Արցախի ԱԺ պատգամավորների կողմից նման մեկնաբանություն լսեցի, երբ հայտարարեցին, որ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը սառեցված է, ու որ իբրեւ թե այդպիսի որոշում կա կայացված: Պետք է ասեմ, որ նման որոշում չկա, նման քննարկում ընդհանրապես տեղի չի ունեցել, եւ այդ անձինք, ովքեր ասում են, դա միայն իրենց կարծիքն է:
— Ինչպե՞ս կորակեք ներկայիս դատական համակարգը՝ տեսնելով բազում ձերբակալություններ: Մինչեւ ո՞ւր ենք գնալու այսպես՝ ձերբակալությունները շալակած։
— Գիտեք, լավ հարց էր՝ մինչեւ ո՞ւր ենք գնալու։ Գնալու ենք մինչեւ այնտեղ, երբ այս իշխանությունները, արդեն 8 տարի կոնկրետ հանցագործություն կատարած խմբակի կարկառուն դեմքերը կձերբակալվեն։ Քանի դեռ նման պրոցես տեղի չի ունեցել, Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն չի կարող ակնկալվել: Տարիներ շարունակ տարբեր դատերի եմ մասնակցում եւ կասեմ, որ չկա այդպիսի դատական պրոցես, որտեղ ես ներկա չլինեմ: Ու իմ աչքով եմ տեսնում շատ պարզ, հստակ, թե ինչպես են հանրային կեղծ մեղադրանքներ ներկայացնում, ու թե ինչպես են փաստաբանները րոպեների ընթացքում դրանք ի չիք դարձնում: Բայց, միեւնույնն է, դատավորը հակաօրինական որոշումներ է կայացնում, եւ հասկանում ես, որ այդ օրը տվյալ դատավորը կամ sms է ստացել, ինչպես ընդունված է, կամ, ուղղակի, հրահանգը իրեն նախապես է իջեցվել։ Համենայնդեպս, այս վերջին երկու տարիների ընթացքում ես չեմ տեսել որեւէ որոշում դատավորի կողմից, որը կարող էր իրավական մոտեցման արդյունքում լինել։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

