Հարկավոր է մարզային ուղեւորափոխադրամիջոցների կայանման վայրը փոխել․ Ալբերտ Մովսիսյան
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու հերթական նիստի ընթացքում օրակարգային թեմա էր մայրաքաղաքի խցանումների հարցը, որի լուծման համար եղավ բուռն քննարկում: «Արդար խոսք» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ առաջարկեց իր կողմից դիտարկվող լուծման տարբերակ, որի մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ։
— Դուք նիստի ժամանակ հարց բարձրացրիք քաղաքի խցանումների վերաբերյալ։ Ավելի մանրամասն կներկայացնե՞ք խնդիրը։
— Նախ ասեմ, որ Երեւան քաղաքի համար առաջնային խնդիրներից մեկը խցանումներն են, որը քաղաքացիների համար դարձել է պատուհաս։ Հարցն այն է, որ մարզային ուղեւորափոխադրումները հիմնականում կատարվում են Երեւանի կենտրոնի բանուկ վայրերից, օրինակ՝ Թումանյան կամ այլ կենտրոնական փողոցներից, որտեղ նույնիսկ ավտոկայանատեղիներն արդեն զբաղված են լինում, եւ չորսից ավելի մեքենա՝ լինեն փոքր ավտոմեքենաներ կամ մեծ ու մինի ավտոբուսներ, ինքնին խցանումներ են առաջացնում: Այս խնդիրը քաղաքապետարանի հսկողության տակ է:
Հարկավոր է մարզային թե՛ անհատ, թե՛ կազմակերպություններ ներկայացնող ուղեւորափոխադրումներին տեղ հատկացնել ավտոկայաններում, որպեսզի մարզային ուղեւորափոխադրումներ չիրականացվեն Երեւանի կենտրոնում։ Եվ քաղաքապետը համաձայնեց իմ հնչեցրած խնդրի հետ ու տվեց հստակ հրահանգ, որպեսզի մարզային ուղեւորափոխադրումների վրա մեծ հսկողություն իրականացվի, քանի որ նորից եմ նշում՝ անհատներ եւ կազմակերպություններ կան, որոնք ինչ-որ տարածքներում, շատ խիտ բանուկ տեղերում իրենք իրենց ավտոմեքենաները կայանում են՝ 4-5 ավտոմեքենա, եւ հերթափոխով վարում. դա կլինի Արթիկ, Սեւան, Հրազդան եւ այլն:
Չպետք է մոռանալ, որ մենք Երեւան մտնող ավտոկայաններ ունենք, դրանք են՝ Հյուսիսային եւ Հարավային Կիլիկիա ավտոկայանները: Հարկավոր է այնտեղ տեղակայել նմանատիպ կազմակերպությունների ավտոմեքենաները, տեղ հատկացնել, որպեսզի այդ գործունեությունը ծավալեն ավտոկայաններում՝ ավելորդ խցանումներից խուսափելու համար։
— Ձեր հնչեցրած հարցին պատասխանեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, սակայն քաղաքապետ Ավինյանը նրան հակադարձեց: Ի՞նչ պատահեց իրականում:
— Այո, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց իմ հարցին ու ասաց, որ տվյալ հարցը քաղաքապետարանի հսկողության տակ չէ: Սակայն քաղաքապետը նշեց, որ՝ ոչ, դա գտնվում է, անշուշտ, քաղաքապետարանի հսկողության տակ, եւ հորդորեց, որ այդ որոշումն իրականացվի։
— Բացի Ձեր բարձրաձայնած խնդրից, որեւիցե այլ լուծում առաջարկե՞ց քաղաքապետը։
— «Երեւանտրանս» ՓԲԸ-ն նոր ծրագրով լուծարվում է, եւ այս ընթացքում նոր ծրագիր է մշակվելու Երեւան քաղաքի համար, որպեսզի խցանումները հնարավորինս պակասեն։ Ճիշտ է, «Քաղաքացիական պայմանագիրն» իր բերած նախագծով ներկայացնում է, որ լուսամփոփները պետք է փոխվեն, եւ տարբեր այլ խնդիրներ պետք է լուծվեն, բայց միանշանակ կարող եմ ասել, որ խցանումների հետ կապված շատ մեծ խնդիրներ կան, եւ աստիճանաբար պետք է հասնել նրան, որ նման խնդիրները վերացվեն։ Խնդիրներից մեկն իմ նշած հարցն է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

