«ԲԱՔՎՈՒՄ` ԴԱՀԼԻՃԻ ՍՈՒԼՈՑՆԵՐԻՆ ԱՅԼԵՎՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԷԻ ԴԱՐՁՆՈՒՄ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՋԱՆԵՍ ՆԱԶԱՐՅԱՆ
ՍպորտIravunk.com -ի մարզական թղթակիցը զրուցել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Մ17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն ՋԱՆԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։ Նա Բաքվում կայացած Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությանը փայլուն հաղթանակ տոնեց ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Հայ ըմբիշը տպավորիչ հաղթանակից հետո Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց մարզիչների հետ, որն ուղեկցվեց տրիբունաներից հնչող սուլոցներով։ Ջանես Նազարյանի պատվին Ադրբեջանում հնչեց Հայաստանի հիմնը ու բարձրացավ Եռագույն դրոշը, որը ևս ուղեկցվեց սուլոցներով։
- Շնորհավորում ենք Ջանես, փառահեղ հաղթանակի առթիվ։ Քեզ բախտ վիճակվեց հաղթել Բաքվում և ծածանել Հայոց եռագույնը։
- Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Հանդես եկա 71 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտում 8։0 հաշվով, վաղաժամ հաղթեցի Նորվեգիայի ներկայացուցչին, ապա 9։0 հաշվով, կրկին վաղաժամ, տուշեով պարտության մատնեցի թուրք մրցակցիս։ Այնուհետև հունգարացի ըմբիշին 8։0 հաշվով վաղաժամ հաղթեցի։ Կիսաեզրափակչում ևս 8։0 հաշվով, վաղաժամ հաղթեցի Բուլղարիայի ներկայացուցչին։ Եզրափակչում էլ չեմպիոնի տիտղոսի համար պայքարում 4։3 հաշվով հաղթեցի ռուս մրցակցիս։
- Ջանես, հետաքրքիր է, արդյոք չկար որևէ մտավախություն, քանի որ մեզ համար թշնամի երկրում էր ընթանում Աշխարհի առաջնությունը։
- Ամեն ինչ լավ էր։ Լարվածություն, իհարկե, կար, սակայն ոչ թե նրանից, որ թշնամի երկրում էինք, այլ պատասխանատվությունն էր շատ մեծ։ Մեր անվտանգությունը ապահովված էր, նորմալ էին իրենց դրսևորում։ Գոհ եմ իմ անցկացրած գոտեմարտերից, մարզիչների հետ լավ աշխատանք էինք տարել։ Անձնական մարզիչս Գոռ Աբգարյանն է, հավաքականի գլխավոր մարզիչը Գագիկ Խաչատրյանը։ Որոշ սխալներ կային, բայց դրանք չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա։ Մրցելույթս լավ եմ գնահատում, մարզիչները ևս նույնն են ասում։
- Որ գոտեմարտը կարող ես առանձնացնել իր բարդությամբ։
- Եզրափակիչ գոտեմարտը ռուս մրցակցի դեմ, նա Եվրոպայի չեմպիոն էր։ Մի փոքր լարված անցավ, քանի որ չգնաց այնպես, ինչպես ծրագրել էի։ Սխալներ թույլ տվեցի։ Մարզիչների հանգստության և հուշումների շնորհիվ կարողացա հետ բերել հաղթանակս ու հասնել լավ արդյունքի։ Ինձ օգնեց այն միտքը, որ մինչև եզրափակիչ հաղթել եմ, այդտեղ հասնելու համար մեծ աշխատանք եմ կատարել ու այս գոտեմարտն էլ պիտի հաղթեմ։ Այս տարի բոլորն էին աշխատում ինձ հաղթելու համար։ Դժվար էր։ Ամեն դեպքում լավ էի պատրաստվել։
Հաղթական շրջան կատարելիս դահլիճից հնչող սուլոցներին այլևս ուշադրություն չէի դարձնում։ Այդ պահին, այդ սուլոցներն այդքան էլ չէին հետաքրքրում ինձ, քանի որ այդքան էլ կարևոր չէին, առավել կարևոր էր իմ այդ պահի վայելքը։ Ես վայելում էի այդ պահը եռագույնով հաղթական շրջան կատարելիս։ Այդ պահն ամեն անգամ չի, որ կարող ես վայելել։ Նշեմ, որ մեր հավաքականից բրոնզե մեդալներ նվաճեցին Արարատ Ավետիսյանը 48 կգ և Գևորգ Հարությունյանը 51 կգ։
- Ջանես, երեկ սեպտեմբերի 1-ն էր Գիտելիքի և դպրության օրը։ Հետաքրքիր է, թե որ դպրոցում ես սովորում, որ առարկան ես ավելի շատ նախընտրում։
- Սովորում եմ Արմավիրի մարզի Արտիմետի միջնակարգ դպրոցում, 12-րդ դասարանում, շատ եմ սիրում հատկապես կենսաբանություն առարկան։
- Շնորհակալություն, Ջանես, հաճելի զրույցի համար։
- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

