Երբ զորամասում գոյություն ունեն քրեական ենթամշակույթ, նվաստացում, բռնություն, լռության պարտադրանք, ապա…Բացառիկ զրույց հայտնի իրավապաշտպանի հետ
Վերջին շրջանում հաճախակիացող զինվորների սպանություններ և ինքնասպանություններ ծնող պատճառների վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի հետ.
- Զինված ուժերում արձանագրվող սպանությունները, ինքնասպանությունները և կասկածելի մահերը միայն առանձին անձանց վարքագծի հետևանք չեն․ դրանք առաջին հերթին համակարգային կառավարման, վերահսկողության և պատասխանատվության ճգնաժամի ցուցիչ են։
Երբ զորամասում գոյություն ունեն քրեական ենթամշակույթ, նվաստացում, բռնություն, լռության պարտադրանք, հրամանատարական անտարբերություն կամ դեպքերը թաքցնելու արատավոր գործելակերպ, իսկ յուրաքանչյուր ողբերգությունից հետո պատասխանատվությունը սահմանափակվում է ստորին օղակով, պետությունը չի վերացնում պատճառը, այլ պարզապես արձանագրում է հերթական հետևանքը։
Զինվորի կյանքի և արժանապատվության պաշտպանությունը պետության պոզիտիվ իրավական պարտավորությունն է։ Պետությունը պարտավոր է ոչ միայն պատժել արդեն կատարված հանցագործությունը, այլ ստեղծել այնպիսի վերահսկողական և կանխարգելիչ համակարգ, որտեղ զինվորի նկատմամբ բռնությունը հնարավորինս բացառված կլինի, իսկ յուրաքանչյուր մահվան դեպք կքննվի արագ, անկախ, բազմակողմանի և արդյունավետ։
Ինչ վերաբերում է նոր նշանակումներին՝ պաշտոնատար անձանց փոփոխությունը դեռևս համակարգի փոփոխություն չէ։
- Արդյո՞ք նոր կադրային փոփոխություները կբերեն նոր, դրական փոփոխությոններ։
- Նոր նշանակումները կարող են արդյունք տալ միայն այն դեպքում, երբ դրանց հետևում կանգնած է քաղաքական և իրավական կամք՝ կոտրելու անպատժելիության շղթան։ Պետք է պատասխանատվության ենթարկվի ոչ միայն անմիջական կատարողը, այլև այն հրամանատարը կամ պաշտոնատար անձը, որի անգործությունը, թողտվությունը կամ ոչ պատշաճ վերահսկողությունը նպաստել է ողբերգությանը։
Զինված ուժերում պետք է գործի մեկ անբեկանելի սկզբունք՝ զինվորի կյանքը պետությանը վստահված բարձրագույն արժեք է, իսկ դրա համար պատասխանատվությունը՝ անձնական և անխուսափելի։
Հետևաբար խնդիրը անուններ և պաշտոններ փոխելով չի լուծվելու։ Անհրաժեշտ է փոխել համակարգը՝ օրենքի դիկտատուրայի ուժով։ Որտեղ կա բռնություն՝ պետք է լինի անխուսափելի պատիժ, որտեղ կա պաշտոնեական թողտվություն՝ իրավական պատասխանատվություն, որտեղ կա մահ՝ ոչ թե ձևական քննություն, այլ ճշմարտության ամբողջական բացահայտում։
Բանակում մահը չի կարող դառնալ վիճակագրություն։ Յուրաքանչյուր չկանխված մահ պետության համար իրավական և բարոյական ահազանգ է։

