Ֆուտբոլի պաշտոնյաների ոչ ֆուտբոլային կրքերը
ՍպորտՀարցազրույց մեր ֆուտբոլի փորձագետ Արթուր Սողոմոնյանի հետ
– Աշխարհի առաջնությունը վաղուց ավարտվել է, սակայն ֆուտբոլի երկու առաջատար կազմակերպությունների միջև կրքերը շարունակում են եռալ։ Ի՞նչ բնույթ ունի, Ձեր կարծիքով, ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի միջև հակամարտությունը։
– Իրականում այս հակամարտությունը ոչ մի կապ չունի ֆուտբոլի կամ աշխարհում ու Եվրոպայում այս մարզաձևի զարգացման վերաբերյալ հայացքների հետ։ Սա առաջիկա ընտրությունների նախօրեին իշխանության համար սովորական պայքար է՝ կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ավելի ճշգրիտ՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ցանկանում է իր մարդուն նշանակել Ջաննի Ինֆանտինոյի փոխարեն կամ անձամբ զբաղեցնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը։ Իսկ եթե ավելի անկեղծ ասենք, դաժան պատերազմ է մղվում խոշոր ֆինանսական հոսքերի համար, այդ թվում՝ չհաշվառված։ Ֆուտբոլն ինքնին վերածվել է առևտրի գործիքի իշխանության համար պայքարում, մարզական բաղադրիչը մղվել է երկրորդ պլան։
– Բայց մենք դեռ չենք մոռացել այս կազմակերպությունների նախկին ղեկավարներ Յոզեֆ Բլատտերի և Միշել Պլատինիի հեռացման հետ կապված աղմկոտ կոռուպցիոն սկանդալները։
– Ամեն բան ճիշտ է, մարդկանց փոխեցին, բայց համակարգը մնաց նույնը։ Ավելին, այն շատ ավելի վատացավ՝ կապված խաղադրույքների ընկերությունների դերի ուժեղացման հետ, որոնց միջոցով հոսում են հսկայական կանխիկ գումարներ։ Դրամական հոսքերը զգալիորեն աճել են, ուստի ազդեցության համար պայքարը դարձել է է՛լ ավելի դաժան ու սուր։
– Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել այս կազմակերպություններում ընտրությունների մասին, ե՞րբ են դրանք նախատեսված, և ի՞նչ կարող են ակնկալել երկրպագուները։
– Այո՛, իհարկե։ 2027 թվականի մարտի 18-ին Մարոկկոյում կանցկացվի ՖԻՖԱ-ի համաժողովը (կոնգրես), որտեղ տեղի կունենա կազմակերպության նոր նախագահի ընտրությունը։ Կանոնադրության համաձայն՝ նույն անձը այս պաշտոնում չի կարող ընտրվել երեք անգամից ավել։ Ինֆանտինոն ավարտում է իր երրորդ ժամկետը։ Սակայն պաշտոնապես նրա առաջին ժամկետը լիակատար չէր, քանի որ նա փոխարինեց պաշտոնանկ արված Յոզեֆ Բլատտերին, ուստի նրան թույլ տվեցին կրկին առաջադրվել այդ պաշտոնում։
ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնությունում Ջաննի Ինֆանտինոն անհարգալից վարվեց «արդար խաղի» կանոնների նկատմամբ, երբ Դոնալդ Թրամփի զանգից հետո, խախտելով սահմանված կանոնակարգերը, միանձնյա որոշում կայացրեց ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Ֆոլարին Բալոգունին ցույց տրված ուղիղ կարմիր քարտը չեղարկելու մասին: Մեծ սկանդալ բարձրացավ, որից անմիջապես շտապեց օգտվել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ փորձելով զրկել իր մրցակցին վերընտրվելու հնարավորություններից:
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի միջև վաղուց է պայքար ընթանում ֆինանսական հոսքերը բաժանելու համար։ Դա սկսվել է դեռևս նախորդ ղեկավարների օրոք: Բայց, ինչպես արդեն ասացի, նոր ղեկավարները ոչինչ չսկսեցին փոխել, ուստի սկզբունքներն ու հակամարտությունները մնացին առաջվանը:
Ինչ վերաբերում է ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրություններին, իրավիճակը է՛լ ավելի բարդ է։ Ընտրությունները տեղի կունենան ապրիլի 22-ին Աստանայում՝ կազմակերպության համաժողովում։ Ալեքսանդր Չեֆերինն ավարտում է կառավարելու իր երրորդ լիարժեք ժամկետը և իրավունք չուներ վերընտրվելու։ Սակայն, 2024 թվականի ՈՒԵՖԱ-ի համաժողովում կանոնադրության մեջ փոփոխություն մտցվեց՝ զրոյացնելով Չեֆերինի նախագահական ժամկետների հաշվարկը։
– Մի՞թե բոլոր մասնակիցները՝ եվրոպական ասոցիացիաների ներկայացուցիչները, աջակցեցին գլխավոր փաստաթղթի մեջ փոփոխությանը՝ հանուն մի մարդու։
– Ոչ բոլորը։ Անգլիան՝ ֆուտբոլի հիմնադիրը, դեմ քվեարկեց, Ուկրաինան ձեռնպահ մնաց։ Ինչո՞ւ ընդունել կանոններ, որպեսզի հետո դրանք փոխվեն հանուն մեկ անձի շահերի։ Այն ժամանակ ես ֆուտբոլային ակումբի սեփականատեր էի և ուշադիր հետևում էի տեղի ունեցող իրադարձություններին։ Կասեմ անկեղծ, շատ հիասթափված էի տեղի ունեցողից։ Ամեն ինչ վերածվեց բացահայտ առևտրի, որում Ալեքսանդր Չեֆերինն ու նրա թիմը պարզապես գնեցին ազգային ֆեդերացիաների ձայները՝ ՈՒԵՖԱ-ն վերածելով իրենց մասնավոր բիզնեսի։ Օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, որն այս փոփոխության նախաձեռնողներից մեկն է, տեղ խոստացան ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում՝ բարձր աշխատավարձով, ինչն իրականացվեց այդ նույն համաժողովում։ Իսկ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Շևչենկոն, որը չաջակցեց փոփոխությանը, չկարողացավ մտնել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտե, թեև, անկասկած, ֆուտբոլում շատ ավելի հեղինակավոր մարդ է, քան բոլորին անհայտ Արմեն Մելիքբեկյանը։
Ի դեպ, ՈՒԵՖԱ-ի հենց այս համաժողովից հետո ես պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու վերջնական որոշում ընդունեցի՝ աչքով համոզվելով, որ ոչ միայն ՀՖՖ-ում, այլև ՈՒԵՖԱ-ի մակարդակով մարզական սկզբունքների մաքրությունն ու ֆուտբոլի զարգացումը ոչ մեկին չի հետաքրքրում: Ավելին, դա խանգարում է նրանց կեղտոտ բիզնեսին, այդ թվում՝ մրցախաղերի վրա խաղադրույքներ կատարելուն, այդ պատճառով մեր բոլոր դիմումները լուռ անտեսվում էին։
– Ի՞նչ է, նույնիսկ այս մակարդակում ամեն ինչ գնվում ու վաճառվո՞ւմ է։
– Ութ տարի անցկացնելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում՝ կարող եմ պատասխանատվությամբ հայտարարել, որ ֆուտբոլում չեմ տեսել ավելի կոռումպացված կազմակերպություններ, քան ՀՖՖ-ն և ՈՒԵՖԱ-ն։ Ինձ համար հիմա էլ տճահ է սա հիշելը։ Որակավորման փուլի խաղերից առաջ ամեն ինչի համար պետք էր վճարել կանխիկով. սա պարզապես կոռուպցիա չէ, այլ ավելի շուտ շորթում։ Եթե ես ինքս գործընթացի մասնակից չլինեի, երբեք չէի հավատա, որ ֆուտբոլի եվրոպական ղեկավարությունը այս աստիճան փտել է՝ ամեն ինչ վերածելով անօրինական մասնավոր բիզնեսի, որում շրջանառվում է հարյուր միլիոնավոր եվրոներով չհաշվառված կանխիկ։ Հիմա ես կարող եմ այս մասին խոսել բացահայտ, քանի որ ազատ եմ պարտավորությունից։ Նախկինում նման հարցազրույցի համար իմ թիմին պարզապես կոչնչացնեին. նրանք դրա համար շատ գործիքներ ունեն։
– Ի՞նչ նկատի ունեիք, երբ խոսում էիք խաղադրույքների մասին։
– Խաղադրույքային ընկերություններն իրենց մարդիկն ունեն ինչպես ՈՒԵՖԱ-ի ղեկավարության, այնպես էլ մրցավարական կազմի մեջ, որոնք ապահովում են խաղի անհրաժեշտ արդյունքը: Որոշ խաղադրույքային ընկերություններ ունեն իրենց ֆուտբոլային թիմերը, ինչն արգելված է ՖԻՖԱ-ի օրենսգրքով, ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով և շվեյցարական օրենսդրությամբ, որին իրավաբանորեն ենթարկվում են վերը նշված կազմակերպությունները: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաները աչք են փակում դրա վրա, և համոզված եմ՝ ոչ առանց վարձատրության: Մենք ուղարկեցինք Հայաստանի առաջնության «Վեստ Արմենիա» - «Նոա» (որը պատկանում է «Տոտո Գեյմինգ» խաղադրույքային ընկերությանը) պայմանավորված խաղի տեսանյութերը մասնակիցների ձայնագրություններով, բայց բոլոր դիմումները մնացին առանց պատասխանի: Անհնար է համակարգի դեմ միայնակ պայքարելը, բայց և դրան մասնակցելն էլ իմաստ չուներ, ուստի որոշեցի ակումբը փոխանցել այլ սեփականատերերի:
– Հաշվի առնելով այն, որ շատ հարուստ եվրոպական խաղադրույքային ընկերություններ աջակցում են Ալեքսանդր Չեֆերինին, ի՞նչ հավանականություն կա, որ նա կհաղթի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:
– Դուք ճիշտ եք, տասնյակ միլիարդավոր եվրոների շրջանառությամբ այս ընկերությունները վիթխարի ազդեցություն ունեն, և ոչ միայն ֆուտբոլում: Ես վստահ եմ, որ ՈՒԵՖԱ-ի համաժողովում հենց նրանք ապահովեցին Չեֆերինի նախագահական ժամկետի զրոյացման նպատակով փոփոխությունների անցկացումը:
Մեծ հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա: Հակառակ դեպքում ամբողջ համաշխարհային ֆուտբոլը կվերածվի մեծ մասնավոր բիզնեսի՝ նման խաղատան: Ֆուտբոլը՝ որպես մարզաձև, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մակարդակով կդադարի գոյություն ունենալուց:
– Հուսանք, որ ՖԻՖԱ-ի ընտրություններից հետո գոնե չի վատթարանա իրավիճակը։ Անցկացվեցին եվրոպական մրցաշարերի որակավորման փուլերի խաղերը, որոնց մասնակցեցին հայկական թիմերը։ Ինչպե՞ս եք գնահատում արդյունքները։
– Այս տարի չորս հայկական ակումբ մասնակցեց մրցաշարերի տարբեր մակարդակների եվրոպական գավաթի խաղարկությանը: Շատ ուրախացրեց «Արարարտ-Արմենիա» ակումբը, որը կարողացավ հասնել չեմպիոնների լիգայի երրորդ փուլ և քիչ էր մնում հասներ փլեյ-օֆֆ փուլին։ Բայց ամեն դեպքում առաջին անգամ իր համար մասնակցություն ապահովեց եվրոպական գավաթի խաղարկության խմբային փուլին, իսկ հայ երկրպագուների համար՝ հետաքրքիր ֆուտբոլային աշուն:
Շնորհավորում եմ թիմին խմբային փուլ դուրս գալու առթիվ, մաղթում եմ լավ խաղ և նոր հաղթանակներ: Մյուս ակումբները նույնպես վատ չխաղացին. միավորներ բերեցին ՈՒԵՖԱ-ի ընդհանուր գործակիցների ֆոնդին:
– Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի հավաքականի մասին, որն այս աշնանը կխաղա Ազգերի լիգայում: Արդյոք հնարավորություններ կա՞ն հասնելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:
– Իմ կարծիքով՝ հավաքականի խաղացողների ընտրությունը այժմ վատ չէ. լավ մարզավիճակ են ձեռք բերում Էդուարդ Սպերցյանն ու Նաիր Թիկնիզյանը, խաղում զգալի առաջընթաց է ցույց տալիս Արթուր Սերոբյանը։ Հուսով եմ՝ նրանք լավ հանդես կգան։
– Ի՞նչ կասեք մարզչական շտաբի մասին, որի հետ Դուք նույնպես հասցրել եք աշխատել։
– Չեմ ստի, մարզչական շտաբը լրջորեն հիասթափեցնում է ինձ։ Բարձրակարգ խաղացողները չեն ուզում աշխատել Եղիշե Մելիքյանի հետ և հեռանում են հավաքականից։ Նա յուրաքանչյուր խոշոր պարտությունից հետո արդարանում է՝ մեղքը իր վրայից վերցնելով ու ավելի շատ ժամանակ խնդրելով։ Ակնհայտ է, գլխավոր բանը, որ նրան հետաքրքրում է, հավաքականի գլխավոր մարզչի աթոռին հնարավորինս երկար մնալն է։ Մեծ հույս ունեմ, որ այս ձմռանը Ֆուտբոլի ֆեդերացիայում և Հայաստանի հավաքականում տեղի կունենան էական փոփոխություններ։ Այդ ժամանակ մենք իրական հնարավորություններ կունենանք հասնելու պատմական արդյունքի և դուրս գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Կրկնեմ, խաղացողների ընտրությամբ Հայաստանի հավաքականը շատ բաների է ընդունակ, հատկապես եթե մարզչի փոխվելուց հետո թիմ վերադառնա Տիգրան Բարսեղյանը։
– Ի դեպ, փոփոխությունների մասին։ Վերջապես Արմեն Նիկողոսյանը լքեց ՀՖՖ-ն, իսկ ՀՖՖ-ի նախագահը հայտարարեց, որ նոյեմբերի վերջին տեղի ունենալիք հաջորդ ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը։
– Ես նույնպես անհամբերությամբ եմ սպասում, թե հայկական ֆուտբոլում վերջապես երբ են դրական փոփոխություններ տեղի ունենալու։ Բայց չարժե ժամանակից շուտ պատրանքներ ունենալ։ Որքան գիտեմ, Արմեն Նիկողոսյանը առաջվա պես ՀՖՖ-ում է և նախատեսում է վերահսկել մարզադաշտերի շինարարությունը, որոնց համար բյուջեից կհատկացվեն մեծ միջոցներ։ Իսկ ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը իր ամբողջ կառավարման ընթացքում, սկսած 2019 թվականի նոյեմբերից, չի կատարել տված խոստումներից ոչ մեկը։ Հուսով եմ՝ այս անգամ նա կուրախացնի երկրպագուներին, որոնք արդեն մի քանի տարի պահանջում են նրա հրաժարականը։
– Դուք շարունակո՞ւմ եք հետևել Հայաստանի առաջնությանը և երիտասարդ հայ ֆուտբոլիստների խաղերին, որոնց թվում շատ են Ձեր սաները։
– Հայաստանի ներքին առաջնությանը, եթե անկեղծ ասեմ, չեմ հետևում։ Բայց Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականների մրցախաղերը դիտում եմ պարբերաբար։ Մենք ունենք 2008-2011 թվականներին ծնված տաղանդավոր շատ խաղացողներ, հուսով եմ, որ մոտ ապագայում նրանք իրենց մասին կհայտարարեն։ Օրերս իմ մեկ այլ սան՝ երիտասարդ ֆուտբոլիստ Կառլեն Հովհաննիսյանը, պայմանագիր կնքեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Տոլյատիի «Ակրոն» ակումբի հետ, ինչով ինձ շատ ուրախացրեց։ Սրտանց մաղթում եմ Կառլենին հաջողություններ. հույս ունեմ մի քանի տարի անց տեսնել նրան եվրոպական հսկաներից մեկում։
– Մենք նույնպես հաջողություն ենք մաղթում Կառլեն Հովհաննիսյանին։ Շնորհակալություն հարցազրույցի համար։
– Ձեզ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։
Հարցազրույցը վարեց
Գրիգորի Անիսոնյանը
Լուսանկարում՝
Արթուր Սողոմոնյանը
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ցանկանում է իր մարդուն դնել Ջաննի Ինֆանտինոյի փոխարեն կամ անձամբ զբաղեցնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը։ Եթե անկեղծ խոսենք, դաժան պատերազմ է ընթանում խոշոր դրամական հոսքերի համար, այդ թվում՝ չհաշվառված

