Բրիտանական թագավորական ընտանիքի արքայազնի հայ հարսնացուն
ՄշակութայինԱյս տարվա հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ VI-ի ծոռ, հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու քրոջ՝ արքայադուստր Մարգարետի ավագ թոռ Սամուել Չատտոն հայտարարեց Էլեանոր Էքսերջյանի հետ նշանադրության մասին։
Սիրահարների հարսանիքը նախատեսված է հաջորդ գարնանը։
Բրիտանական թագավորական ընտանիքի ամենանախանձելի փեսացուն ուրախալի իրադարձության մասին պատմել է իր սոցիալական ցանցերում՝ զետեղելով իր ընտրյալի հետ շատ քիչ լուսանկարներ, որոնցում լավ երևում է նրա պատրաստած շատ նուրբ կերամիկական մատանին։ «Ես շատ ուրախ եմ հայտարարելու, որ ես ու Էլլին նշանադրվել ենք։ Մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել»,– գրել է նա։
Հետաքրքիր է, որ Սամուելը ամուսնության առաջարկի մասին որոշեց հայտարարել թագավորական ընտանիքի համար առանձնահատուկ օրը՝ հուլիսի 13-ին: Ուղիղ 79 տարի առաջ այդ օրը Բուքինգհեմյան պալատը հայտարարեց Եղիսաբեթ II-ի և արքայազն Ֆիլիպի նշանադրության մասին:
Սամուելը սովորել է Իթոնի քոլեջում, իսկ հետո ընդունվել Էդինբուրգի համալսարան, որտեղ ուսումնասիրել է արվեստի պատմություն: Այն ավարտելուց հետո նա ծառայության է անցել թագավորական ծովային հետևակազորում: Երկար ժամանակ Սամուելը նախընտրում էր վարել ոչ հրապարակային կյանք՝ նույնիսկ կարևոր թագավորական միջոցառումներին հազվադեպ էր մասնակցում։
Էլեանորը, ինչպես և նրա ընտրյալը, ավարտել է Էդինբուրգի համալսարանը՝ «կերպարվեստ» մասնագիտությամբ, որից հետո շարունակել է ուսումը Նկարչության թագավորական դպրոցում: Իր կայքում աբստրակտ նկարչուհին պատմում է, որ ինքը շարժվող պատկերը պրոյեկցում է թղթի կամ կտավի վրա, որից հետո նկարում է դրա վրայից՝ փորձելով դրոշմածել իր հույզերը:
Սամուելն ու Էլեանորը ծանոթացել են հինգ տարի առաջ՝ ուսանելու ընթացքում: Հասարակության մեջ առաջին անգամ նրանց միասին նկատել են 2022 թվականին: Այն ժամանակ նրանք այցելել էին ամառային բարեգործական երեկույթին Ազգային պատկերասրահում: Իսկ 2024 թվականի դեկտեմբերին Էլեանորը վերջապես հայտնվեց հասարակության առաջ բրիտանական թագավորական ընտանիքի հետ։
* * *
Էլեանորի հայրը՝ բրիտանացի Դեվիդ (Դավիթ) Պատրիկ Մարտին Էքսերջյանը, ծագումով հայ է, ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 28-ին, կրթություն է ստացել Վեստմինստերյան դպրոցում և Քեմբրիջի համալսարանում, արվեստի և կինոյի պատմության պատվավոր պրոֆեսոր է Լեսթերի համալսարանում։
Զբաղվում է արվեստագիտությամբ և համարվում է իտալական Վերածննդի դարաշրջանի բնագավառի առաջատար մասնագետներից մեկը (ուսումնասիրում է իտալացի նկարիչներ Կորեջիոյի և Պարմիջանինոյի ստեղծագործությունները)։ Եղել է Ազգային պատկերասրահի, Թեյթ պատկերասրահի և սըր Ջոն Սոունի թանգարանի հոգաբարձու։
Դեվիդը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ, առևտրի բակալավր, գնդապետ Նուբար Մարտին «Բիլլ» Էքսերջյանի (1913–1967) որդին է։ Նորթհեմփթոնշիրի (կոմսություն Անգլիայի կենտրոնում) բնակիչ էր, որի ընտանիքը պատկանել է հայ հայտնի ամիրաների դասին, որը XVIII–XIX դարերում Օսմանյան կայսրությունում բնակվող ազդեցիկ հարուստ հայերի դաս էր։ Գնդապետ Էքսերջյանը Իրաքի նավթային ընկերության գործադիր տնօրենն էր, որը հիմնադրվել էր բրիտանացի ֆինանսիստ և բարերար, արվեստի գործերի կրքոտ հավաքորդ Գալուստ Գյուլբենկյանի կողմից։ Ե՛վ Գյուլբենկյանը, և՛ նրա որդի Նուբարը հետաքրքրվում էին արվեստով գնդապետ Էքսերջյանի հետ միասին։
Դեվիդն ամուսնացած է Սյուզան Մուրի հետ, որը նույնպես կապված է ստեղծագործական ոլորտի հետ. նա գեղարվեստի քննադատ է “Financial Times” թերթում: Նրանք ունեն երկու զավակ՝ որդին՝ Ալեքսանդրը, որն արվեստագետ է Եյլի համալսարանում, և դուստրը՝ Էլեանորը:
* * *
Սեմն ու Էլլին հանդիպում են արդեն երեք տարի, իսկ վերջերս գեղեցկուհի հայուհին Սամուելին ուղեկցել է Սուրբ Մարիամ Մագթաղինացու եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագին՝ միապետության բոլոր անդամների հանդիսավոր երթի ժամանակ։
Հանուն Էլեանորի Մեծ Բրիտանիայի կառավարող թագավոր Կառլ III-ը խախտեց վաղեմի ավանդույթը՝ թույլ տալով իր երիտասարդ ազգականին Սուրբ Ծննդյան արձակուրդն անցկացնել իր սիրելիի հետ Նորֆոլկի Սանդրինգհեմի կալվածքում, որտեղ հավաքվել էր ամբողջ միապետական ընտանիքը, գրում է “Daily Mail”-ը։
2022 թվականին սիրահար զույգը՝ Սեմն ու Էլլին, այցելեցին Հայաստան։ Էլլին մշակութային հիշողության մասին իր վերջին նախագիծը ստեղծեց բնապատկերի միջոցով, իր պատմական հայրենիք կատարած վեցշաբաթյա ուղևորության ընթացքում։
2023 թվականի հունիսին Էլեանորը, կրկին լինելով Հայաստանում, նշել է. «Կարծում եմ՝ Հայաստանն ունի ապշեցուցիչ հնարավորություններ։ Ես սիրահարվեցի այդ երկրին, երբ այցելեցի նրան։ Ես տեսա բավական կրթված բնակչություն, շատ մոտիվացված, ավելին անելու ձգտումով»։
Ի դեպ, արքայազն Սամուել Չատտոն բրիտանական գահի ժառանգության հերթում 29-րդն է։ Նա և նրա եղբայր Արթուրը պաշտոնական թագավորական ընտանիքի պարտականություններ չեն կատարում, բայց նրանք միշտ մասնակցում են ընտանեկան միջոցառումներին իրենց ծնողների հետ։
Մարինա և Համլետ Միրզոյաններ
Լուսանկարում՝
Սամուել Չատտոն Էլեանոր Էքսերջյանի հետ
Էլեանորի հայրը՝ Դեվիդ Էքսերջյանը

