Կոնստանտին Սիվկով. «TRIPP-ի ճակատագիրը որոշվում է Ուկրաինայում»
ՎերլուծությունՀարցազրույց հայտնի ռազմական փորձագետի հետ
– Կոնստանտի՛ն Վալենտինովիչ, քանի որ մեր «Նոև Կովչեգ» հրատարակությունը ռուս-հայերեն հրատարակություն է, մեզ առաջին հերթին հետաքրքրում են ռուս-հայկական հարաբերությունները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում մատնանշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հակասականությունը: Մի կողմից նա ասում է, թե Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն, մյուս կողմից՝ որ մնալու է Եվրասիական տնտեսական միութան մեջ: Ռուսաստանն ուզում է կոնկրետ պարզաբանումներ: Հարցեր են ծագում նաև հանրաքվեի առիթով. Ռուսաստանն առաջարկեց հարցնել ժողովրդին, թե ուզո՞ւմ է արդյոք նա միանալ Եվրոպային, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում: Վարչապետի այս անհասկանալի կուրսը ծնում է բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններ գրեթե չկան: Իսկ Դուք ունե՞ք դրանց պատասխանները:
– Հնարավոր է՝ մասամբ։ Որպեսզի հասկանանք, թե ինչու Փաշինյանն ընտրեց այդ ուղին, պետք է հիշենք նրա պատմությունը. այլախոհություն, աջակցություն տարբեր ահաբեկչական ուժերին և կողմնորոշում դեպի Արևմուտք։ Նա դատարկ տեղից չհայտնվեց։
Բացի դրանից, Փաշինյանը լրջորեն կապված է օտարերկրյա կառույցների հետ, լիովին հնարավոր է՝ նաև հատուկ ծառայությունների հետ, որոնք նախանշում են նրա վարքագծի որոշակի ուղի։ Նրա իշխանության գալը և դրա պահպանումը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով չանցան առանց օտարերկրյա հատուկ ծառայությունների մասնակցության ու աջակցության։
Այժմ՝ Հայաստանի եվրոպական ընտրության իրագործելիության վերաբերյալ։ Այստեղ հարկավոր է տարբերակել երկու իրողություն՝ Հայաստանի ժողովուրդը և իշխող վերնախավը և նույնիսկ ոչ ամբողջ վերնախավը, այլ նրա այն մասը, որը իշխանության տիրապետության տակ է։ Իսկական հայկական ընտրախավը, որը ներկայացված է երկրի լավագույն մարդկանցով, հստակ հասկանում է. հայկական պետության և հայերի՝ որպես ժողովրդի գոյատևման պայմանը բարեկամական, եղբայրական հարաբերություններն են Ռուսաստանի հետ։
– Այդպես է եղել միշտ՝ վերջին 200-300 տարիների ընթացքում։
– Այո՛, սակայն ներկայիս պայմաններում կարևոր է նաև մեկ այլ գործոն։ Հայաստանը փոքր երկիր է՝ տարածքով, բնակչության թվաքանակով։ Ժամանակակից աշխարհում նման փոքր պետությունները (դրանք շատ են՝ Բելգիա, Հոլանդիա, Թայվան, նույնիսկ Ճապոնիան) չեն կարող գոյություն ունենալ անկախ, առանց հզոր ուժային կենտրոնների վրա հենարանի։
Համաշխարհային քաղաքականությունը որոշում են ընդամենը մի քանի տերություններ՝ ԱՄՆ, Եվրամիություն (որը խիստ կախված է Միացյալ Նահանգներից), Չինաստան, Հնդկաստան, Իրան, Բրազիլիա և մասամբ Եգիպտոսը։ Այսքանը։ Նույնիսկ Իսրայելը՝ հզորագույն մի երկիր, բայց սահմանափակ տարածքով ու ռեսուրսներով, լիովին կախված է ԱՄՆ-ից։ Դրանում ոչ մի վիրավորական բան չկա։
Փոքր երկիրը միշտ պետք է ընտրի, թե ով է լինելու իր եղբայրը։ Մենք գիտենք, թե ինչպես է Արևմուտքը վերաբերվում իր արբանյակներին՝ գաղութային Հնդկաստանը, աֆրիկյան գաղութները, Հարավային Ամերիկան, նույնիսկ հենց ԱՄՆ-ը՝ բրիտանական գաղութ եղած ժամանակ: Նրանք այնտեղից ամեն ինչ քամում են՝ փոխարենը ոչինչ չտալով։ Եվ միայն Ռուսաստանն էր այս իրավիճակներում «հակառակ կայսրություն». ավելի շատ տալիս էր, քան վերցնում։ Սրա շնորհիվ երկիրը միասնական, բարեկամական ընտանիք էր, որում բոլոր ժողովուրդներն ապրում էին խաղաղ: Շատ նշանավոր հայեր զբաղեցնում էին բարձր պաշտոններ Խորհրդային Միության ղեկավարությունում. հիշենք մարշալներին, նավատորմի ծովակալներին, Միկոյաններին (և՛ ավիակոնստրուկտորին, և՛ քաղաքական գործչին):
– Այո՛, եղել են ծանր արդյունաբերության, երկրաբանության և այլ նախարարներ։
– Հետևաբար ակնհայտ է. Հայաստանի հաջող զարգացման միակ պայմանը կողմնորոշումն է դեպի Ռուսաստանը։
Հարկավոր է հասկանալ. Արևմուտքն այսօր գործում է ոչ այնպես, ինչպես XVIII–XIX դարերում, երբ գալիս էին տանկերով ու նստեցնում գեներալ-նահանգապետի: Հիմա նա ավելի նուրբ է գործում. նստեցնում է կաշառված տեղացի գործչին, որը ձևականորեն յուրային է, բայց իրականում արևմտյան շահերն է առաջ տանում:
– Դուք նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի՞ն։
– Ա՛յո, հենց նրան։ Նա իրագործում է այդ շահերը, առաջին հերթին՝ ժողովրդի հոգևոր վերակողմնորոշման միջոցով դեպի օկուպանտ երկիրը։ Նախկինում օկուպացիան ռազմական էր, ապա՝ տնտեսական, իսկ այսօր վերահսկողության գլխավոր մեթոդը հոգևոր ստրկացումն է։ Սրանով էլ հենց զբաղվում է Արևմուտքը Հայաստանի տարածքում։
Սակայն Արևմուտքի պլանների մեջ չի մտնում գաղութային երկրներն իր կազմում ընդունելը: Եվրամիությունը մի տեղ է, որտեղ ռեսուրսներն օգտագործվում են իրենց շահերի համար՝ փոխարենը ոչինչ չտալով: Սա է XXI դարի գաղութատիրության էությունը: Հետևաբար ԵՄ ընդունվելու Փաշինյանի նկրտումները բացարձակապես անհիմն են: Թուրքիան փորձում է մտնել Եվրամիություն արդեն գրեթե կես դար և չի կարողանում, թեև ՆԱՏՕ-ի անդամ է, տիրապետում է հզորությամբ երկրորդ բանակին ՆԱՏՕ-ում և առաջինին՝ Եվրոպայում, վերահսկում է Սև ծովը հարավից և Միջերկրական ծովի արևելյան մասը: Եվ նրան չեն ընդունում: Ուկրաինային ու Վրաստանին նույնպես: ԵՄ-ն այս երկրները դիտարկում է որպես նեոգաղութների, որոնցից նրանք դուրս կքաշեն ռեսուրսները՝ մտավոր, նյութական, ռազմական, և կպահանջեն, որ կռվեն ԵՄ-ի թշնամիների դեմ: Վրաստանին պահանջ ներկայացրին ապահովել հարձակում Ռուսաստանի վրա, և Սաակաշվիլին պատերազմ սկսեց Հարավային Օսիայի դեմ Քոնդոլիզա Ռայսի անմիջական հրահանգով, որը խոստացել էր պաշտպանություն: Ռուսաստանը միջամտեց, և ոչ ոք ոչ մեկին չպաշտպանեց: Հետևաբար, եզրակացություն. Եվրամիությունը երբեք չի ընդունի Հայաստանին։
– Բայց Փաշինյանն ինքն ասաց, որ Եվրոպայում Հայաստանին ոչ ոք չի սպասում։ Նա դա գիտի։ Ուրեմն բանն ի՞նչ է։
– Պատասխանը պարզ է. Փաշինյանը օկուպացիոն գործակալ է, եթե ավելի ճշգրիտ՝ Եվրամիության կողմից Հայաստանի գեներալ-նահանգապետ։ Նրա խնդիրն է վարել հակառուսական կուրս, անհրաժեշտության դեպքում տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և նպաստել Հյուսիսային Կովկասի ապակայունացմանը։ Հանրության առաջ նա խոսում է եվրաինտեգրման մասին, որպեսզի սիրաշահի հասարակության այն հատվածին, որը դեպի դրան է կողմնորոշված, սակայն իրականության մեջ հասկանում է. մենք այնտեղ չենք ընկնի։ Հակառուսական տրամադրություններ առաջ մղելու համար նա հակադրվում է Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ ստիպված է խուսավարել, որպեսզի պատժամիջոցներ չմտցնեն, որոնք կփլուզեն նրա իշխանությունը։ Նա հիշեցնում է ճոպանի վրա ակրոբատի. թեքվի Եվրոպայի կողմը, Ռուսաստանը կկտրի ամեն ինչ, և նա կտապալվի. թեքվի Ռուսաստանի կողմը, Եվրոպան նրան կքշի կտանի։
– Ուղիղ մեկ տարի է անցել Թրամփի, Ալիևի և Փաշինյանի կողմից Վաշինգտոնում ''TRIPP’’ նախագծի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից։ Առայժմ գործնական քայլեր չկան։ Ադրբեջանը կառուցում է կամուրջներ ու ճանապարհներ, բայց Հայաստանում աշխատանքներ չեն կատարվում։ Ի՞նչն է խանգարում նախագծին։ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայությո՞ւնը (ճանապարհն անցնում է Իրանի հետ սահմանի մոտով), Ռուսաստանի չցանկանա՞լը, Հարավկովկասյան երկաթուղի՞ն. չէ՞ որ այս նախագիծը կապում է Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ Հայաստանը դարձնելով միջանցիկ բակ և միավորելով թյուրքական աշխարհը։ Ի՞նչ կարծիք ունեք սրա մասին։
– Այստեղ՝ Զանգեզուրի միջանցքում, ինչպես ջրի կաթիլի մեջ, արտացոլվում է ամբողջ ծովը։ Պատճառներն արմատավորված են մեծ աշխարհաքաղաքականության մեջ։
Դուք ճիշտ եք. միջանցքի անցնելը Իրանի սահմանի մոտով կարող է հարուցել նրա դժգոհությունը. սա տարածաշրջանային տեսակետ է։
1920-1930-ական թվականներին նման հակամարտությունը հանգեցրեց մեծ ճգնաժամին և նպաստեց Գերմանիայում ֆաշիզմի մուտք գործելուն։ Ստալինը պահանջեց, որ դատապարտյալների նստարանին նստեն Կրուպները Ֆլիկների հետ, բայց ամերիկացիներն ու անգլիացիները նրանց չբանտարկեցին. նրանք սերտորեն կապված էին իրենց իրական հատվածի հետ։ Այդ պատճառով Բրիտանիան ու ԱՄՆ-ը դաշնակիցներ չեն, այլ մրցակիցներ, նույնիսկ հակառակորդներ. սա տեսանելի է նրանով, թե ինչպես են բրիտանա-եվրոպական վերնախավերը բեկում ամերիկյան սցենարները։
Երբ ԱՄՆ-ը դուրս եկավ դեպի միասնական աշխարհը կողմնորրոշված խմբավորումից (որտեղ գաղափարախոսը Բրիտանիան էր, իսկ կատարողը ԱՄՆ-ը), Բրիտանիան ու Եվրոպան օդում կախվեցին։ Նրանք ռազմական ուժ չունեն ԱՄՆ-ին փոխարինելու համար։ Այդ պատճառով բրիտանացիները գնացին կայսրության վերստեղծմանը՝ հոգևոր կապի և դիվանագիտական ներթափանցման միջոցով՝ առաջ մղելով բալթյան երկրներից մինչև Ուկրաինա Ռուսաստանի դեմ սանիտարական կորդոն (պահականոց) ստեղծելու և Կենտրոնական Ասիա ներթափանցելու գաղափարը։ Սակայն այնտեղ ներթափանցել հնարավոր չէ. հյուսիսից Ռուսաստանն է, հարավից Աֆղանստանը, արևմուտքից Կովկասը, արևելքից Չինաստանը։ Հետևաբար Բրիտանիան Թուրքիայի և Մեծ Թուրանի խրախուսման միջոցով ցանկանում է Զանգեզուրի միջանցքով մուտք գործել Կենտրոնական Ասիա։
– Ամերիկացիների խնդիրն այլ է. նրանք նույնպես ուզում են սողոսկել այնտեղ, բայց նրանք վերահսկողություն չունեն Ադրբեջանի և Նախիջևանի նկատմամբ, Իրանի հետ չհաջողվեց։ Միակ բանը, որ մնում է, ոչ թե իրենց սողոսկելն է, այլ բրիտանական ծրագրերը խափանելը՝ վերահսկողության տակ վերցնելով Զանգեզուրի միջանցքը։
– Նշանակում է՝ “TRIPP” նախագիծը առաջին հերթին ուղղված է Բրիտա՞նիայի դեմ։
– Միանգամայն ճիշտ է։
Իսկ թուրքերը, վարելով ինքնուրույն քաղաքականություն, բոլորին օգտագործում են իրենց շահերի համար: Էրդողանը հասկանում է, որ Բրիտանիան զրո է ռազմական-ռազմավարական առումով (նրանք նույնիսկ սեփական միջուկային զենք չունեն, իսկ սուզանավերի հրթիռները ամերիկյան են): Ուստի թուրքերն օգտագործում են և՛ ամերիկացիներին, և՛ բրիտանացիներին: Երբ հարկավոր էր հաստատվել Ադրբեջանում, նրանք դիմեցին բրիտանացիներին և հաստատվեցին, չնայած որ ադրբեջանցիները շիաներ են, իսկ թուրքերը սուննիներ: Ադրբեջանցի շիաներին պատմականորեն ճնշել են Թուրքիայում: Սակայն Բրիտանիայի մասնակցությամբ դա հաջողվեց:
Այժմ, երբ թուրքերը ԱՄՆ-ի հզորության կարիքն ունեն, նրանք աջակցում են “TRIPP”-ին։ Բայց բրիտանացիները ոչ մի տեղ չեն գնացել։ Փաշինյանը կապված է ոչ թե ԱՄՆ-ի հետ, այլ Եվրոպայի և նրա միջոցով՝ բրիտանացիների հետ։ Այդ պատճառով Եվրոպան Փաշինյանի միջոցով չի շտապում Զանգեզուրի միջանցքի իրականացման հարցում։ Այդպես “TRIPP”-ը դառնում է կոշտ հակամարտության կետ։
– Ի՞նչ հետագա ճակատագիր ունի այս նախագիծը։
– Այն կորոշվի ոչ թե Հարավային Կովկասում, այլ ԱՄՆ-ում, Բրիտանիայում և Եվրոպայում քաղաքական հանկարծական փոփոխությունների մեջ. այնտեղ լուրջ իրադարձություններ են սպասվում։
– Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի մասին։
– Ռուսաստանն աշխատում է ռուսամետ ուժերի հետ։ Որքան էլ որ տարօրինակ է, բայց “TRIPP”-ի ճակատագիրն այժմ որոշվում է Ուկրաինայում։ Ուկրաինայի ջախջախումից հետո (կամ նացիստական վերնախավի վտարումից հետո, ինչը նույն բանն է) Արևմուտքը ծանրագույն պարտություն կկրի, ինչը խիստ կթուլացնի եվրոպական շուկաները։ Այդ դեպքում Փաշինյանը ստիպված կլինի փոխել տիրոջը։ Հնարավոր է երկու տարբերակ. կա՛մ նա նորից կվերակողմնորոշվի դեպի Ռուսաստան՝ զգեստավորվելով ռուսական եռագույնով (ավելի հավանական է), կա՛մ դեպի ԱՄՆ (ավելի քիչ հավանական է, բայց նույնպես հնարավոր է)։ Մոտավորապես նույն կերպ կգործեն նաև Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրքիան, չնայած Կենտրոնական Ասիա մուտք գործելու իր մեծ ցանկությանը, կհետևի Ռուսաստանի հետ զարգացումներին։ Մենք այժմ բարձր դրական տեմպեր ունենք, և նույնիսկ ամենաարմատական թուրք ազգայնականներն արդեն եկել են Ռուսաստան՝ հարաբերությունները կարգավորելու համար։ Հայ ժողովուրդն ունի ընտրություն. կա՛մ լինել Թուրքիայի ենթակայությամբ, կա՛մ Ռուսաստանի։ Ընտրությունն ակնհայտ է։
Ելնելով ներկայիս միտումներից՝ ավելի հավանական է, որ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը կընդունի ռուսամետ կուրս, և Զանգեզուրի միջանցքը կանցնի Հայաստանի վերահսկողությանը, այլ ոչ թե ԱՄՆ-ի կամ Եվրոպայի։ Ավելի քիչ հավանական է, որ այն կգործի ԱՄՆ-ի վերահսկողության ներքո։ Է՛լ ավելի քիչ հավանական է, որ կանցնի Բրիտանիայի վերահսկողությանը (եթե ԱՄՆ-ում փլուզվի Թրամփի կուրսը, բայց այնտեղ, որտեղ մտել են ամերիկացիները, նրանք ոչ մեկին չեն թողնում մտնել, եթե միայն ուժով դուրս չհանեն նրանց)։
– Կոնստանտի՛ն Վալենտինովիչ, Դուք ռազմական փորձագետ եք։ Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում ռազմական գործի ներկայիս վիճակի մասին։ Ի՞նչ է փոխվում։ Զենք են գնում Ֆրանսիայից, Հնդկաստանից։ Սակայն հիմքը այնուամենայնիվ ռուսական զենքն է։ Ի՞նչ է դա տալիս։
– Բանակի մարտունակությունը որոշվում է անձնակազմով, տրամադրվածությամբ, այլ ոչ թե հրամանատարությամբ։ Հրամանատարական կազմի փոխարինման համար երկար ժամանակ է հարկավոր։ Ուկրաինայում բանակի վերակազմավորումը ութ տարի տևեց, գումարած ՀՌԳ-ի (СВО) չորս տարիները։ Փաշինյանի կառավարման օրոք դժվար թե հաջողվել է հայկական բանակը լրջորեն վերակազմավորել։ Հայ ժողովուրդը և բանակը քաջարի են։ Կարծում եմ՝ Փաշինյանին չի հաջողվել վերացնել հայ ժողովրդի հոգևոր ներուժը։
Ինչ վերաբերում է զենքին. այն չի որոշում բանակի քաղաքական տրամադրվածությունը։ Եթե սպաները համոզված են, որ պաշտպանում են երկիրը, և որ նրա ապագան Ռուսաստանի հետ միության մեջ է, նրանք ֆրանսիական հրթիռն էլ ճիշտ կօգտագործեն։ Իսկ եթե նրանք «ազգակցությունը չհիշող հայեր են», ապա ռուսական հրթիռն էլ կօգտագործեն իրենց երկրի դեմ։
Հայկական բանակը, իմ կարծիքով, օբյեկտիվորեն հայրենասիրական դիրքորոշում ունի։
Այժմ՝ սպառազինության մասին։ Հիմքը ռուսական համակարգերն են, որոնք միասնական են ըստ տարրական հիմքի, ծրագրային ապահովման, կապի և կառավարման սկզբունքների։ Արտասահմանյան համակարգերը դառնում են օտար մարմին, որը համաձայնեցված չէ ռուսականների հետ, ինչը պահանջում է մեծ ներդրումներ վերահամաձայնեցնելու համար։ Հայաստանը այդպիսի գումարներ չունի։ Ստեղծվում է երկու բանակ՝ մեկը ֆրանսիական զենքի հիման վրա, մյուսը՝ ռուսականի, կառավարման տարբեր սկզբունքներով։ Սա խիստ թուլացնում է Հայաստանի զինված ուժերը։ Հարկավոր է կա՛մ ամբողջությամբ անցնել ֆրանսիականին, կա՛մ վերադառնալ ռուսականին։ Հնդկաստանը զենք է գնում տարբեր երկրներից, բայց այն հարմարեցված է իր համակարգին, օրինակ՝ Սու-30ՄԿԻ-ն (Су30МКИ)՝ հնդկական էլեկտրոնիկայով, ծայրակցված ֆրանսիական, չինական ու ամերիկյան համակարգերի հետ։ Հայաստանում նման հարմարեցվածություն չկա։
Հայաստանի ռազմական բյուջեն 1,4 միլիարդ դոլար է։ Դա մեկ ЗРК Patriot է կամ մեկուկես, 10 F35 կործանիչ է. դա շատ քիչ է։ Եվ սա ընդհանուր բյուջեն է, գնումների համար ավելի քիչ մասն է ծախսվում՝ կեսը կամ ավելի պակաս։
– Եթե վաղը հարձակվի Ադրբեջանը (նա խոստացել է հունիսյան ընտրություններից հետո՝ աշնանը), կարո՞ղ է արդյոք Հայաստանը ինքնուրույն պաշտպանվել։ Թե՞ կխնդրի ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին։
– Իր ուժերով և Ռուսաստանի որոշակի աջակցության դեպքում, այո՛, հետ կմղի ադրբեջանական բանակի հարձակումը։
– Բայց Ադրբեջանը միայնակ չի գնա. այլ թուրքական, իսրայելական և պակիստանյան ուժերի հետ։
– Այդ դեպքում Հայաստանին կջախջախեն մեկ-երկու շաբաթվա ընթացքում, եթե թուրքական 2-րդ դաշտային բանակը ամբողջությամբ միանա։ Եզրակացություն. Հայաստանը չի կարող ինքնուրույն անվտանգ գոյատևել. նա փոքր երկիր է։ Նրան անհրաժեշտ է հուսալի դաշնակից։ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը անվտանգություն չեն երաշխավորում. նրանց համար աշխարհագրորեն դժվար է օգնելը։ Միակ երկիրը, որը կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, Ռուսաստանն է։ Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը չպաշտպանեց Լեռնային Ղարաբաղը։ Որովհետև այն ճանաչված չէր հենց Հայաստանի կողմից, և միջազգային իրավական տեսանկյունից ռուսական զորքերը չէին կարող հարձակվել Ադրբեջանի վրա։
– Եվ վերջին հարցը՝ հակիրճ։ Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմական դաշինք ստեղծեցին։ Ինչպե՞ս է սա սպառնում Հարավային Կովկասին և Ռուսաստանին։
– Դա հակաամերիկյան միություն է, որը ստեղծվել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի պարտությունից հետո ամերիկյան ազդեցությանը փոխարինելու համար (ոչ մի նպատակի չհասան, ստիպված են համաձայնվել իրանական պայմաններին և կորցրին ռազմաբազաները): Վակուումը հարկավոր է լրացնել: Սաուդյան Արաբիան չի կարող պաշտպանել ինքն իրեն և պաշտպանություն է փնտրում: Դաշինքը հավասարակշռված է. միջուկային Պակիստան, հզոր թուրքական բանակ և սաուդյան փողեր: Իրանն ընդունեց, որ դաշինքն իր դեմ չէ։
Այս դաշինքը կընդլայնվի, առաջին հերթին Հարավային Կովկասում թուրքական ազդեցության հաշվին։ Կփորձեն ներքաշել Ադրբեջանին, որը կարևոր ռազմահենադաշտ է Կասպից ծով և Կենտրոնական Ասիա դուրս գալու համար։ Դրան կնպաստեն ԱՄՆ-ը (մուտք դեպի Կենտրոնական Ասիա) և Բրիտանիան (Զանգեզուրի միջոցով)։ Սակայն ներթափանցմանը կդիմակայեն Իրանն ու Ռուսաստանը, որոնց դա պետք չէ։
Ադրբեջանը հայտնվում է հյուսիսից ռուսական զնդանի և հարավից իրանական մուրճի միջև։ Ալիևը կվարի հավասարակշռված քաղաքականություն՝ խիստ կախված լինելով Ուկրաինայում հաջողություններից և Ռուսաստանի գործողություններից։ Կարծում եմ՝ նա տասն անգամ կմտածի նախքան այս դաշինքի մեջ մտնելը։
– Իսկ Հայաստանի համար ինչո՞վ է սա հղի։
– Միայն մի բանով. վերջնական ընտրությամբ՝ կա՛մ անհետանալ, կա՛մ դառնալ Ռուսաստանի լիարժեք դաշնակիցը և խնդրել իր տարածքում ծավալել լիարժեք ռուսական ռազմական խմբավորում, և ոչ թե միայն հակաօդային պաշտպանության բազա Գյումրիում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններում անվտանգությունն ապահովելու համար։
– Կարծես թե ամեն բան հանգում է հենց դրան։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։
– Շնորհակալություն։
Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը
Լուսանկարում՝
Ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը (աջից) և «Նոև Կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը խմբագրությունում հարցազրույցի ժամանակ

