Ջեյհուն Բայրամովը Կիևում. աշխարհաքաղաքական հաշվարկ հեռավոր նշանառությամբ
ՎերլուծությունՈւղիղ մեկ տարի առաջ մենք արդեն գրել էինք ադրբեջանա-ուկրաինական համագործակցության նոր հորիզոնների մասին, որոնք այդ ժամանակվանից նշանակալիորեն ընդլայնվեցին և սկսեցին լուրջ ազդեցություն գործել Կովկասա-կասպյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վրա: Արդեն 2022 թվականի փետրվարի 27-ին՝ հատուկ ռազմական գործողության սկսվելուց չորս օր անց, Ադրբեջանն Ուկրաինային ուղարկեց իր առաջին մարդասիրական օգնությունը: 2025 թվականի օգոստոսի 11-ին Իլհամ Ալիևը կարգադրություն ստորագրեց Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից երկու միլիոն դոլար հատկացնելու մասին՝ «Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Ադրբեջանի Հանրապետությունում արտադրված էլեկտրական սարքավորումների գնման ու առաքման համար»։
Ընդհանուր առմամբ օգնության ծավալը կազմել է 50 մլն դոլար, և այն չի դադարում, օգոստոսի 6-ին Կիև կատարած պաշտոնական այցի ընթացքում պատմեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բացի այդ, նա ներկայացրել է փոխադարձ առևտրի վերաբերյալ տվյալներ, որի ծավալը 2021 թվականին կազմել է 900 մլն դոլար, 2023 թվականին նվազել է մինչև 350 մլն դոլար, 2025 թվականի տվյալներով գերազանցել է 500 մլն դոլարը՝ այդպիսով ցույց տալով վերականգնման միտում։ Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այդ ցուցանիշը հասել է 280 մլն դոլարի։
Բաքվի դիվանագիտության ղեկավարի այցը Կիև, որն ուղեկցվեց ծաղկեպսակ դնելով Ուկրաինայի զինված ուժերի հուշարձանին, հազիվ թե արժե որպես սովորական դիվանագիտական ճամփորդություն դիտարկել։ Սա ուղիղ ուղերձ է՝ հասցեագրված ոչ միայն Մոսկվային ու Երևանին, այլև ամբողջ հետխորհրդային տարածքին։
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի մերձեցմանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), ինչպես նաև կցանկանար տեսնել Բաքվի մասնակցությունը Եվրասիական զարգացման բանկի աշխատանքում, հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի նստաշրջանում։ Նրա խոսքով՝ նման մերձեցումը կնպաստեր եվրասիական տարածքում արդեն ձևավորված տնտեսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև դրականորեն կազդեր Ադրբեջանի տնտեսության վրա։ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում ստորագրեցին երկու երկրների միջև 2026-2027 թվականների խորհրդակցությունների պլան։ Ռուսական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները զարգանում են դաշնակցային համագործակցության ոգով՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի հիման վրա, իսկ 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ուղևորատար ինքնաթիռի վթարի հետ կապված հարցերը ամբողջությամբ կարգավորված են։
Այնուամենայնիվ, չնայած Մոսկվայից եկող գայթակղիչ առաջարկներին ու լավատեսական հայտարարություններին՝ Բաքուն կշարունակի ընդառաջ գնալ Կիևի ռեժիմին։ Եվ սա պետք է ընդունել հնարավորինս հանգիստ և առանց հույզերի ու անտեղի զարմանքի։ Բաքվում որևէ կերպ չմեկնաբանեցին ու առավել ևս չդատապարտեցին հինգ ադրբեջանցի նավաստիների մահը հունիսի սկզբին Տագանրոգի ծոցում բեռնատար նավի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, որն ուղևորվում էր Դոնի Ռոստով՝ հացահատիկ բեռնելու համար։ Բայց երբ ռուսական հարվածները այս կամ այն կերպ կպան Ուկրաինայում գտնվող “SOCAR”-ի օբյեկտներին, Բաքվից կոշտ հայտարարություններ հնչեցին Մոսկվայի հասցեին։ Այսպես, Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչեցին հանրապետության ԱԳՆ և բողոքի նոտա հանձնեցին նրան հուլիսի 5-ին Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի ավտոլցակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի առիթով, որը «առաջին նման միջադեպը չէ։ Նման միջադեպերի շարունակությունը, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, վկայում է դրանց նպատակաուղղված բնույթի մասին»։
«Կոշտ արձագանքը ընտրողական է և կախված է նրանից, թե ով է բողոքի հասցեատերը, այլ ոչ թե տեղի ունեցածի ծավալից»,– այս առիթով նկատեց Վերին ռադայի նախկին պատգամավոր, իսկ այժմ հայտնի ռուս քաղաքագետ Օլեգ Ցարյովը։ Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին, Օմսկի նավթավերամշակման գործարանի վրա տեղի ունեցած աղմկոտ հարձակման կապակցությամբ ռուս լրագրող Տիմոֆեյ Երմակովը՝ «Կապույտ մորուք» “Telegram” ալիքի հեղինակը, ենթադրություն արեց, որ «անօդաչու թռչող սարքերն այս անգամ թռչում էին Կասպից ծովի վրայով՝ եղբայրական Ադրբեջանի կողմից։ Լիովին հավանական է, որ ադրբեջանցիները վիրավորված վրեժ են լուծում ամբողջությամբ պետական “SOCAR” նավթագազային ընկերությանը պատկանող Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանի ոչնչացման, ինչպես նաև նրանց ավտոլցակայանների համակարգված դուրսբերման համար»։
Այստեղ անմիջապես անհրաժեշտ է նշել, որ Օմսկի նավթավերամշակման գործարանի վրա հարձակմանը Բաքվի մասնակից լինելու վերաբերյալ պաշտոնական հաստատում չկա։ Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բաքվում իրավասու մարմինները նման հայտարարություններ չեն արել, սակայն դեռևս 1990-ականների սկզբին Ադրբեջանն ու Ուկրաինան ներդաշնակ գործեցին ԱՊՀ-ի և հետխորհրդային այլ կազմակերպությունների հարթակներում՝ այսպես կոչված «ռուսական իմպերիալիզմին» համատեղ հակազդելու տրամաբանության մեջ։ Բաքվում Ուկրաինայի հետ համագործակցությունն անվանում են «ռազմավարական», և դա իսկապես այդպես է։ Ջեյհուն Բայրամովին ցույց տվեցին ուկրաինական անօդաչուների ցուցահանդեսը, որը, պետք է ենթադրել, դարձավ ապրիլին Զելենսկու Գաբալա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունը, որտեղ քննարկվեցին նաև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։ Իշխանությանը մոտ կանգնած Բաքվի փորձագետներից մեկը վստահորեն կանխատեսում է օգոստոս-սեպտեմբերին Կասպից ծովի հյուսիսում գտնվող ռուսական ռազմական ու էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ ուկրաինական օդային ուժերի հարվածների ինտենսիվացում, ինչի վրա կրկին չպետք է զարմանալ։
Բայրամովը հայտարարում է Ուկրաինային գազ մատակարարելու և ուկրաինական ստորգետնյա գազապահեստարաններն օգտագործելու իր պատրաստակամության մասին: Սակայն անկանխակալ գնահատականները հողմացրիվ են անում այս բարձրագոչ խոստումները: Կասպից ծովի արևմտյան ափերից բնական գազի արտահանման ծավալները պայմանագրվում են տարիներ առաջ. այն ստացողների ցանկին վերջերս ավելացել են նաև Գերմանիան ու Ավստրիան: Մատակարարումները հնարավոր են միայն «Հարավային գազային միջանցքի» և դրա շարունակությունը համարվող թանկարժեք տրանսբալկանյան երթուղու առավելագույն գործարկման միջոցով: Ավելի շուտ «այլընտրանքային» գազի մատակարարումները կսահմանափակվեն խորհրդանշական ծավալներով, ընդ որում, նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում գտնվող ցանկացած երկակի նշանակության ենթակառուցվածք, այդ թվում՝ էներգետիկ, օրինական թիրախ է համարվում ռուսական բանակի համար:
Բաքուն խաղարկում է Կիևի հետ էներգետիկ համերաշխության քարտը՝ ձգտելով ավելորդ անգամ ցուցադրել արևմտյան գործընկերներին իր հնարավորությունները։ Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից կարճ ժամանակ անց Բայրամովի Կիև կատարած այցը վկայում է ավելի լայն տարածաշրջանային ռազմավարության մասին: Իր վերջին ելույթներից մեկի ընթացքում Ալիևը պատմեց «միջին տերության» հնարավոր չափանիշների մասին, որոնց թվում՝ «երկրի ներուժի ճանաչումը, իր ազգային շահերը պաշտպանելու նրա կարողությունը՝ անկախ նրանից, թե ինչ են մտածում կամ անում խոշոր տերությունները, ինչպես նաև իր ամբողջ ներուժն օգտագործելու պատրաստակամությունը, եթե որևէ մեկը փորձի վնաս տալ նրան: Անխոս, այստեղ ներառվում է նաև պաշտպանունակությունը, ընդ որում, ոչ միայն այն, ինչը ցուցադրվում է ռազմական շքերթներում, այլև այն, ինչը ցուցադրվում է մարտադաշտում»: Այնուհետև, «իր սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների վրա ընդամենը մի խոսքով կամ հայտարարությամբ ազդելու կարողությունը, Ադրբեջանը բազմիցս ցուցադրել է այս կարողությունը», և բացի դրանից՝ «երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվությունը և որոշ չափով ամբողջ տարածաշրջանի համար պատասխանատվությունը... շատ փորձագետներ մեզ անվանում են միջին տերություն, և, անկեղծ ասած, ես չեմ առարկում դրան»:
Ամեն ինչից երևում է, որ Ադրբեջանի «առաջնորդող» դերը Կովկասում ենթադրում է այդ թվում ակտիվ աշխատանք Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ։ Այսպես, վերջերս տված հարցազրույցում, ակնհայտորեն դրական արձագանքի հաշվարկով Իլհամ Ալիևը Երևանին առաջարկեց փակել Հայկական ատոմակայանը՝ առաջին անգամ առաջարկելով «այլընտրանք»՝ ընդհանուր էներգետիկ համակարգի տեսքով, ինչը կնշանակի արմատական աշխարհաքաղաքական տեղաշարժեր Կովկասում։ «Ուկրաինական հարցում» պաշտոնական Երևանը նույնպես պարզորոշ դնում է առաջնահերթություններ, այդ թվում՝ դիվանագիտական քաղաքավարության մակարդակով։ Այսպես, Արարատ Միրզոյանի ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո առաջին զանգը եղավ Կիև՝ Անդրեյ Սիբիգային։ Նույն կերպով վարվեց նաև խորհրդարանի նորանշանակ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ զանգահարելով նախ Կիև և հետո միայն Մոսկվա։
Կարծում եմ՝ այս բոլոր մարմնաշարժումների հետևանքները ռուս-հայկական հարաբերությունների համար կանխատեսելը դժվար չէ։
Անդրեյ Արեշև
Լուսանկարում՝
Բաքվի դիվանագիտության ղեկավարի այցը Կիև, որն ուղեկցվեց ծաղկեպսակ դնելով Ուկրաինայի զինված ուժերի հուշարձանին, հազիվ թե արժե դիտարկել որպես սովորական դիվանագիտական ճամփորդություն։ Դա ուղիղ ազդանշան է՝ հասցեագրված ոչ միայն Մոսկվային ու Երևանին, այլև ամբողջ հետխորհրդային տարածքին
Իրանում արձագանքեցին Բայրամովի Կիև այցին

